Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «ԱՄՆ-ը հասկացել է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը չէ, որ իրենք օգնեն, այլ Հայաստանը օկուպացնելն է»

Մարտ 04,2024 16:33

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթվա իրադարձությունները՝ խոսեց մարտի 1-ի տարելիցի մասին: «Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի հանցանքը դատարանի որոշմամբ ապացուցվել է, ինքը կրել է իր պատիժը, գտնվել է ազատազրկման վայրում, պատժից ազատվել է համաներումով եւ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իր վերաբերյալ այլ որոշում է կայացվել իր վարչապետ եղած ժամանակ: Այսինքն, ակնհայտ քաղաքական հիմքով: Եվ հետագայում Հայաստանի դատարանը, կարծեմ, իրեն անմեղ է ճանաչել վարչապետ եղած ժամանակ, ինչը նշանակում է քաղաքական որոշում: Եվ մարտի 1-ի հուշարձանը Երեւանի քաղաքապետարանի մոտ կանգնեցրել են քաղաքական մոտիվացիայով»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով նաեւ այլ դեպքեր ու հանգամանքներ:

Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ հարաբերությունների սառեցման ռեժիմ գոյություն չունի, որ դու կամ կազմակերպության անդամ ես, կամ՝ անդամ չես եւ սառեցված անդամի կարգավիճակ չկա:

Դիվանագետն անդրադարձավ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ օրերս կայացած հանդիպմանը, որտեղ ըստ մամուլում հրապարակված հաղորդագրությունների քննարկվել է խաղաղության պայմանագիրը եւ համաձայնություն է արտահայտվել բանակցությունը շարունակելու շուրջ:

«Այս հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Մյունխենի անվտանգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ: Սրանից առաջ եղել է անցած տարվա համաժողովը, որի ընթացքում եռակողմ ձեւաչափով նրանք հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի հետ: Այդ հանդիպումից հետո Բլինքենը երկու անգամ երկուսին հրավիրել էր Վաշինգտոն՝ հայ-ադրբեջանական համագործակցության պայմանագրի նախապատրաստության նպատակով: Դա տապալվել է: Այդ համաձայնագիրը այդպես էլ չկնքվեց: Եվ ամերիկացիները հասկացան, որ այդ համաձայնագիրը չի լինելու: Անկախ ով ինչ վերաբերմունք ունի, ԱՄՆ-ը լուրջ պետություն է եւ իր դիվանագիտությունը պրիմիտիվ, հիմար դատողությունների վրա չի կառուցում: Նրանք լսելով կողմերին, Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումը՝ հասկացել են, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը չի, որ իրենք օգնեն: Ադրբեջանի նպատակը Հայաստանը օկուպացնելն է: Եվ իրենք այս պրոցեսից դուրս են եկել:

Այս տարի Մյունխենի համաժողովում չնայած Էնթընի Բլինքենը առանձին-առանձին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, բայց եռակողմ հանդիպում չի կազմակերպել: Դա արել է Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, որն էլ կարճ ներկա է գտնվել հանդիպմանը եւ դուրս է եկել՝ նրանց թողնելով մենակ՝ իրար մեջ հարց լուծելու:

Հիմա նախարարները հանդիպել են: Մինչեւ սա, հիշում եք, էլեկտրոնային դիվանագիտություն էր: Հայաստանն ուղարկել է առաջարկները, իրենք պատասխանել են՝ ուղարկված առաջարկները ջնջելով եւ հետ ուղարկելով:

Այս հանդիպման արդյունքների վերաբերյալ էլ ոչ մի արձանագրում, ոչ մի հայտարարություն, համատեղ ճեպազրույց չկա: Հանդիպման գնալուց առաջ Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ասել է. որպեսզի Հայաստանի հետ մենք հարաբերություններ ունենանք, դա ասել է նաեւ Ալիեւը եւ Բայրամովի խոսքը նրա ասածից տարբերվել չի կարող, Հայաստանը պիտի նոր սահմանադրություն ընդունի եւ կարգի բերի իր օրենսդրությունը: Հիմա այդ հանդիպման ժամանակ Բայրամովը Արարատ Միրզոյանին ի՞նչ կարող էր ասել: Չէր կարող, չէ՞, Ալիեւի ասածից տարբերվող բան ասել»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031