Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն էլ ունի պատասխանատվության իր բաժինը, բայց դրա մասին անգամ անիմաստ է խոսելը, եթե դու ունես ստրատեգիական մտածողությունից զուրկ իշխանություն»․ Սուրեն Սուրենյանց

Մարտ 04,2024 16:07

Aravot.am-ի զրուցակից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

-«Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում…. և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»․ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հղում անելով 2020 թվականի եռակողմ հայտարարության կետերի պարտադիր կատարման վրա`չմանրամասնելով, թե ի՞նչ գործնական քայլեր է նախատեսում ՌԴ-ն Հայաստանի մասով։ Ինչի՞ սպասել։

Սուրեն Սուրենյանց

-Լավրովի ամենավտանգավոր արտահայտությունը՝ «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում» ձևակերպումն է: Սա նշանակում է՝ Մոսկվան այլևս մանևրելու հնարավորություն չի տալիս Հայաստանին՝ արագացնելով Փաշինյանի կողմից «պատմական» որոշման կայացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտածված կերպով իրեն ազատում է պատասխանատվությունից՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:

Օրերս էլ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը բաց տեքստով Հայաստանին հուշել է՝ ում դուռը ծեծել անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Հենց սա էր թաքնված Կլաարի հայտնի ձևակերպման տակ, որով Թուրքիան հռչակվում էր «տարածաշրջանային լիդեր», որը տրամաբանորեն պետք է ապահովի Հայաստանի «ազատագրումը ռուսական լծից»:

Էրդողանի երաշխիքների հետևանքը լինելու է հայկական պետականության շնչահեղձումը թուրք- ադրբեջանական աքցանի մեջ, լավագույն դեպքում՝ տարածքային կորուստներով ռուսական գուբերնիայի տխուր հեռանկարը, եթե Մոսկվան և Անկարան վերանայեն իրենց 1921թ-ի պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային նոր բալանսի համատեքստում:

Սա է դաժան իրականությունը:

-ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ սուտ է որակել թե վարչապետ Փաշինյանի, թե ԱԺ նախագահի և մյուսների հայտարարությունները, որ ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր, սխալմունք է․ «Այս տրամաբանության մեջ են նաև հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, որ 2020-ի սեպտեմբերին հենց Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, ինչպես նաև Ռուսաստանի մեղավորության մասին այլ հայտարարություններ, այդ թվում՝ դավաճանություն Ղարաբաղի ազգաբնակչության նկատմամբ»։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, փաստորեն, բավական ոչ դիվանագիտական բառապաշար է օգտագործել ու այսպիսի դիրքավորումն արդեն ինչի՞ մասին է խոսում։

-Կարծում եմ՝ ոչ դիվանագիտական բառապաշարը երկուստեք է, ավելին՝ իմ կարծիքով, հայ- ռուսական հարաբերությունների վատթարացումն անշրջելի է: Եթե Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմը համարում է ռուս- թուրքական դավադրություն, Լավրովի խոսույթը չէր կարող հայելային չլինել: Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը 2012/ 2013թթ-ից փոխվել է. Մոսկվան Հայաստանին ուղիղ ասել է, որ այլևս չի կարող երաշխավորել առաջին պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոն: Ի վերջո, այդպես է ծնվել, այսպես կոչված, Լավրովի պլանը, որը երաշխավորում էր ԼՂ հայկականությունը: 2019-ի մայիսին Փաշինյանը ոչ միայն մերժել է արժանապատիվ խաղաղության այդ պլանը, այլ նաև՝ բանակցություններն առհասարակ: Ահա, թե ով է իր «զրոյական կետով» ճանապարհ բացել պատերազմի համար՝ լեգիտիմացնելով Ալիևի օրակարգը:

-Մի կողմից, տպավորություն է, որ պաշտոնական Մոսկվան իր կեցվածքով Երեւանին կարծես այլընտրանք չի թողնում, քան կոշտացնել մոտեցումները, բայց, մյուս կողմից, կարծես Մոսկվան փորձում է հարցեր լուծել՝ հենց Երեւանի ձեռքերով․ ի՞նչ է իրականում կատարվում։

-Հայաստանի իշխանությունն ինքն է ընտրել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության քաղաքականությունը: Բայց Փաշինյանի թիմի դիլետանտիզմի ու արկածախնդրության հետևանքով՝ Հայաստանն ի վերջո դառնալու է ռուսական անհրապույր գուբերնիա: Վերջաբանը ավելի տխուր է լինելու, քան 1920-ին: Ռուսաստանն էլ ունի պատասխանատվության իր բաժինը, բայց դրա մասին անգամ անիմաստ է խոսելը, եթե դու ունես ստրատեգիական մտածողությունից զուրկ իշխանություն:

-Լավրովի խոսքում նաեւ հայ ժողովրդին ուղղված կշտամբանք կար, որ եթե լռում են, ուրեմն համակարծիք են իշխանության՝ հակառուսական դիրքորոշումների հետ․ փաստորեն, ոչ միայն իշխանությունը, նաեւ ժողովուրդը գին ունի վճարելու։

– Յուրաքանչյուր ժողովուրդ պատասխանատու է իր ընտրության համար. սա աքսիոմ է: Մեր հասարակությունը պետք է տեր կանգնի իր պետականությանը՝ «փրկիչներ» չփնտրելով Արևմուտքում կամ Հյուսիսում։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031