Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ժողովրդավարության փարոս, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան

Մարտ 04,2024 15:25

Կոռումպացված դատարաններ, անպատիժ պաշտոնյաներ, ընտրովի արդարադատություն. Հայաստանը՝ Freedom House-ի զեկույցում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…

Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների և ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս:

Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին:

Սակայն էլ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր և գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում:

Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչև 4 բալ:

Եվ այսպես:

Առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ և արդար ընտրություններով ձևավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին՝ Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է:

Մեկ այլ հարցով՝ «արդյո՞ք ընտրված ղեկավարը և ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը», Հայաստանը նորից ընդամենը 2 բալ ունի հնարավոր 4-ից՝ փաստելով, որ մեր երկրի կառավարումն ամբողջությամբ չի իրականացվում կառավարող մարմինների կողմից:

Հաջորդ հարցադրումներով ստացված գնահատականներն ապտակ են ռեժիմի հակակոռուպցիոն պայքարին: FH-ը փաստում է, որ Հայաստանում պաշտոնեական կոռուպցիայի դեմ պատնեշները հազվադեպ են քննվում, թեպետ առկա են հստակ ապացույցներ նրանց չարաշահումների մասին:

Բաց և թափանցիկ գործելու ցուցանիշով Նիկոլի կառավարությունը նորից մի ճմրթած գնահատական է ստանում՝ 2-ը՝ 4-ից, և նշվում են բազմաթիվ ահազանգեր լրագրողների և լրատվամիջոցների կողմից ինֆորմացիա ստանալու և տարածելու հարցում:

Սակայն այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ (!) 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ (!) 4-ից:

Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:

Դաժան և թիրախային կերպով քննադատվում է նաև ԲԴԽ-ն՝ յուր ղեկավարով: Զեկույցում նաև արձանագրված է, որ «իշխանություններն ընտրողաբար են կիրառում օրենքը, և պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները»: Զեկույցի՝ դատական իշխանության մասին հատվածը գրեթե ամբողջությամբ համընկնում է ընդդիմության և քաղհասարակության կողմից հնչող քննադատությունների հետ:

Ի մի բերելով զեկույցի մանրամասն վերլուծությունը՝ փաստում ենք, որ Հայաստանում «ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում: Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ:

Իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրեմ: Պատկերացրեք, գնացել եք բժշկի, ով ձեզ «ամբողջությամբ հետազոտելուց հետո ձեզ ասում է, որ դուք լիակատար առողջ եք, ձեր շենքի ամենաառողջ բնակիչն եք, չկա ձեզ նման առողջ մեկն ամբողջ քաղաքում: Սակայն հիվանդության պատմության մեջ նա գրելու է իրականությունը, որ դուք շաքար ունեք, լեղապարկի քարեր, ինֆարկտ եք տարել, տառապում եք թութքից, և արտաարգանդային հղիության նշաններ կան:

Ահա այսպիսին է վիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ. Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031