Ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը, ինչպես միշտ, առանձնանում է իր դիտարժանությամբ։ Այս մրցաշրջանում էլ թեժ պայքարի ենք ականատես լինելու։ Եվրոպական ֆուտբոլի գիգանտները ուժերը կենտրոնացնում են մրցաշրջանի ավարտին հաջող հանդես գալու համար։
Այս տարի ականջավոր գավաթի հիմնական ֆավորիտներին ավելացել է իտալական ֆուտբոլի այսօրվա առաջատարը։ Միլանի «Ինտերը» այս մրցաշրջանում ցույց է տալիս վերջին տարիների իր լավագույն խաղը։ «Ինտերի» օրինակելի սելեկցիայի արդյունքում հավաքված թիմն այս մրցաշրջանում հեղինակություններ չի ճանաչում և վստահ քայլերով մոտենում է հաղթական վերջաբանին։ Ներաձուրին «Ա Սերիայում» զգալի առավելություն ունի հետապնդող «Յուվենտուսի» նկատմամբ և 12 միավորի տարբերությամբ բազմել է առաջին հորիզոնականում։ «Չեմպիոնների լիգայի» 1/8֊երորդ եզրափակչում «Ինտերին» բաժին է հասել Մադրիդի «Ատլետիկոն», որի հետ առաջին դիմակայությունը Ինձագիի սաները ավարտել են նվազագույն առավելությամբ հաղթանակով։ Վանդա Մետրոպոլիտանոյում «Ատլետիկոն» պետք է պայքարի ուժերից ավելին ներդնելով և հույս ունենա, որ Զոմերի պաշտպանած դարպասը բացեր կունենա։
«Չեմպիոնների լիգայի» գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» շարունակում է լինել լավագույններից մեկը։ Գվարդիոլայի սաները Անգլիայի «Պրեմիեր լիգայում» նահանջել են երկրորդ հորիզոնական, սակայն երերուն տարբերությունը որոշակի հանգստություն է տալիս իսպանացի մասնագետին, իսկ «Չեմպիոնների լիգայում» քաղաքայինները պետք է, որ դժվարություններ չունենան։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում «Սիթին» կարողացավ 3։1 հաշվով առավելության հասնել տեղի համանուն թիմի դեմ։ Մանչեսթերում միայն հրաշքը կարող է օգնության հասնել «Կոպենհագենին»։
Այս մրցաշարի հավերժ ֆավորիտներից մեկը գերմանական ֆուտբոլի դրոշակակիր «Բավարիան» է, սակայն այս մրցաշրջանում դրա համար նախադրյալներ գրեթե չկան։ Թոմաս Տուխելի «Բավարիան» ամենևին էլ այն թիմը չէ, որը անցանկալի մրցակից էր մնացած բոլոր թիմերի համար։ «Բունդեսլիգայում» «Բավարիան» երկրորդն է, իսկ Ալոնսոյի «Բայերը» առանց սայթաքումների գնում է բաղձալի արծաթե սկուտեղի հետևից։ «Չեմպիոնների լիգայում» էլ «Բավարիան» նախանձելի վիճակում չէ։ «Լացիոյի» հետ առաջին դիմակայությունը պարտվելուց հետո Բավարիան պետք է կենտրոնացած խաղ ցույց տա, որպեսզի ստացվի կոտրել հռոմեացիների պաշտպանությունը։
Կարդացեք նաև
«Չեմպիոնների լիգա» լսելիս՝ ֆուտբոլասերների մեծամասնությունը առաջինը մտածում է Մադրիդի «Ռեալի» մասին։ Այո՛, այս մրցաշարի անվիճելի գլխավոր ակումբը «Ռեալն» է։ Ականջավոր գավաթի 14֊ակի չեմպիոնը այս մրցաշրջանում չի պատրաստվում այս տիտղոսը զիջել ուրիշին։ Լա լիգայում «Ժիրոնայի» հետ չեմպիոնական պայքարը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել սերուցքայիններին երկու ճակատով պայքարելու հարցում, սակայն գաղտնիք չէ, որ այս մրցաշարում մարզական բախտը «Ռեալի» կողմից է։ Իսկ Սանտյագո Բերնաբեուի մոգական մթնոլորտը ամենադժվար պահերին օգնության է հասել արքայական թիմին։
Նրանք, որոնք դեռ մրցաշարում են, բայց չանդրադարձա, նույնպես կարող են դժվարություններ ստեղծել ֆավորիտների համար և մտքում պահել հրաշքի գործոնը։ Ֆուտբոլը սիրում ենք, քանի որ այն անկանխատեսելի է։
Լեւոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող