Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք համարում եք, որ մեր երկրում իշխանությանը կարելի՞ է սպանել, ծեծել ու մարմնական վնասվա՞ծք պատճառել»․ Հրանտ Բագրատյանի գործով հարցաքննվեց վկա ոստիկանը

Մարտ 04,2024 14:10

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատավարությունը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Ըստ մեղադրանքի՝ «Այս գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»։

Այսօրվա նիստում հարցաքննվեց վկա ոստիկանը, որն այդ օրվա ցույցի ժամանակ հասարակական կարգի պահպանությամբ է զբաղվել։

Ոստիկանը դատարանում ասաց, որ լավ չի հիշում այդ օրվա իրադարձությունները։ «Հիշում եմ, որ Ազգային ժողովի դիմաց միտինգ էր, մոտ մեկ տարի առաջ էր, ինչքան հիշում եմ՝ աշուն էր, ելույթ էին ունենում ընդդիմադիր գործիչները, մանրամասները չեմ հիշում։ Իշխանության դեմ ինչ-որ պահանջներ էին ներկայացնում, քաղաքական թեմաներով միտինգ էր։ Մոտ 600-700 հոգի մարդ կլիներ հավաքված»,- ասաց ոստիկանը։

Հանրային մեղադրողը հարցեր ուղղեց վկա ոստիկանին։ «Ինչի՞ մասին էր խոսում պարոն Բագրատյանը»,- հարցրեց դատախազը։ Ոստիկանն ասաց, որ հիմնականում իշխանափոխության պահանջ էր ներկայացնում։ «Մանրամասներ չեմ հիշում, քաղաքական բնույթի ելույթ էր, ընդդիմադիր ելույթ էր»,- ասաց նա։

Դատախազը հարցրեց․ «Իմաստը ո՞րն էր պարոն Բագրատյանի ելույթի, ի՞նչ էր ասում»։ Ոստիկանն ասաց, որ իր հիշելով՝ Բագրատյանը հայտարարել է․ «Սրանց պետք է դուրս շպրտել կառավարության շենքից»։

Դատախազը միջնորդեց, որպեսզի հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը։ «Դատական նիստի ընթացքում վկան նշեց, որ իր հիշելով՝ պարոն Բագրատյանը նշել է, որ՝ դրանց պետք է դուրս շպրտել կառավարության շենքից։ Սակայն նախաքննության ընթացքում վկան իր տված ցուցմունքում նշել է, որ հավաքից մոտ կես ժամ անց ելույթ է ունեցել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասել է, որ մեղավոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով վերացնել նրան, նրա իշխանությունը։ Էական հակասությունն այն է, որ առնվազն քրեաիրավական իմաստով բացարձակ տարբեր են՝ «դրանց պետք է դուրս շպրտել կառավարության շենքից» արտահայտությունը, որը համարվում է ընդամենը քաղաքական քննադատություն։ Եվ լրիվ այլ բան է կոչ անել վերացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ֆիզիկական վերացման մասին է խոսքը, ինչի մասին վկան ասել է նախաքննության ընթացքում։ Այս իմաստով առկա է հակասություն, միջնորդում եմ, որպեսզի դատարանը նախաքննական ցուցմունքի այդ հատվածը հրապարակի՝ որպես ապացույց»,- ասաց դատախազը։

Դատարանի թույլտվությամբ դատախազը հրապարակեց վկա ոստիկանի նախաքննական ամբողջ ցուցմունքը։ Դրանում կար այն հատվածը, որ Հրանտ Բագրատյանը իշխանությանը ու Նիկոլ Փաշինյանին «վերացնելու» մասին է հայտարարել։ «Նաեւ նշել եք, որ այդ հայտարարությունից հետո ամբոխը ոգեւորվել ու ծափահարել է, եղե՞լ է այդպիսի բան»,- հարցրեց դատախազը։ Ոստիկանն ի պատասխան ասաց, որ նախաքննական ցուցմունքը տալիս ավելի լավ էր հիշում իրադարձությունները, հիմա այնքան էլ լավ չի հիշում։

Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը հարցրեց, թե ի՞նչ նկատի ունի ոստիկանը, երբ իր ցուցմունքում նշել է, որ հավաքված մարդիկ կարող էին անկանխատեսելի գործողությունների դիմել։ «Հենց մեկը զանգվածային անկարգություններ էին հնարավոր։ Ցանկացած միտինգի ժամանակ է հնարավոր զանգվածային անկարգություն»,- ասաց ոստիկանը։

Հովհաննես Քոչարյանը նաեւ հարցրեց ոստիկանին․ «Բռնության կոչը հավաքի ընթացքում հանցագործությո՞ւն է, թե՞ վարչական իրավախախտում»։ Ոստիկանն ասաց, որ հանցագործություն է։ Փաստաբանը հարցրեց՝ ոստիկանը մոտեցե՞լ է հավաքի մասնակիցներին, ասե՞լ է, որ բռնության կոչեր չի կարելի հնչեցնել։ Ոստիկանը բացասական պատասխան տվեց։ «Հավաքից հետո հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ եք»,- հարցրեց փաստաբանը։ Ոստիկանը պատասխանեց, որ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել։ «Ես ճի՞շտ եմ հասկանում՝ ձեր աչքի առաջ հանցանք է կատարվել, եւ որպես ոստիկան՝ ձեր վրա դրված պարտականությունը չեք կատարել»,- հարցրեց Հովհաննես Քոչարյանը։ Ոստիկանն ասաց, որ ծառայության վայրում հստակ տեղ ուներ, որը չէր կարող լքել։

Փաստաբան Քոչարյանը նաեւ հարցրեց՝ ոստիկանը լսե՞լ է, որեւէ մեկն այդ օրը ֆիզիկական բռնության, ջարդել-փշրելու կոչեր արե՞լ է, ոստիկանների նկատմամբ սադրանքներ եղե՞լ են։ Ոստիկանն այս հարցերին պատասխանեց՝ ոչ։

«Վերադառնանք Հրանտ Բագրատյանի կոչին՝ «վերացրեք այդ մարդուն, վերացրեք ներկայիս իշխանությանը ձեր ուժով», այս բառերը սպանության ու ֆիզիկական բռնության կոչե՞ր են»,- հարցրեց փաստաբանը։ Ոստիկանն ասաց՝ այո։ «Դուք համարում եք, որ մեր երկրում իշխանությանը կարելի է սպանե՞լ»,- հարցրեց փաստաբանը։ Ոստիկանն ասաց, որ ցանկացած երկրում էլ դա հնարավոր է։

«Կարելի՞ է իշխանությանը ծեծել, մարմնական վնասվածք պատճառել»,- հարցրեց փաստաբանը։ Ոստիկանը պատասխանեց՝ ոչ։ «Հնարավո՞ր է՝ իշխանության ղեկավարին վերացնել ասելով՝ նկատի ուներ նրան զրկել իշխանությունից»,- հարցրեց փաստաբանը։ Ոստիկանն ասաց՝ հնարավոր է։

Հանրային մեղադրողն անդրադարձավ ոստիկանի այն հայտարարությանը, որ ցանկացած ցույցի ժամանակ հնարավոր է զանգվածային անկարգություն։ «Հիմա եթե երեխաների պաշտպանության վերաբերյալ խաղաղ ակցիա լինի, եւ միտինգի մասնակիցները նշեն՝ երբեք չի կարելի բռնություն գործադրել, միշտ պետք է երեխաներին այնպես դաստիարակել, որպեսզի նրանց մեջ բռնություն չառաջանա, այդպիսի միտինգների ժամանակ նույն կերպ հնարավո՞ր է, որ բռնություն լինի, ինչ այսպիսի միտինգների ժամանակ»,- հարցրեց դատախազը։ Դատախազն ասաց, որ այդ ցույցի ժամանակ իր ելույթով Բագրատյանն ատելություն է սերմանել մարդկանց մեջ, իսկ վերջում կոչ է անում «վերացնել» իշխանությանը։ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը հայտարարեց, որ սա ուղղորդող հարց էր, դատախազը ուղղորդում է վկային։

Այսօրվա դատական նիստում պետք է հարցաքննվեր նաեւ վկա ոստիկան Արթուր Սաքունցը, նա, սակայն, չէր ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը՝ 09։30-ին։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031