Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասնելու ենք Տիրան Խաչատրյանի լրիվ արդարացմանը». Պաշտպանները գոհ են դատարանի որոշումից

Մարտ 04,2024 13:46

«Դատարանի որոշմամբ բավարարված ենք, որովհետեւ մեր միջնորդությունը բավարարվեց: Ի սկզբանե Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը բացակայում էր, պարզապես պետք էր, որ ոչ հրապարակային դատավարության ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը ականջալուր լիներ բոլոր այն փաստարկներին, որոնք բերում էր պաշտպանական կողմը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արամուսի ռեստորանի միջադեպի գործով Տիրան Խաչատրյանը կալանավորված էր, բայց այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը որոշեց կալանքից ազատ արձակել նրան՝ կիրառելով 5 մլն դրամ գրավ եւ չբացակայելու արգելք:

Փաստաբանն ասաց, որ չեն համբերում՝ երբ է ապացույցների հետազոտման փուլը գալու, որ հրապարակային դատավարության ժամանակ ցույց տան, որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն է. «Այստեղ զենքի գործադրմամբ խուլիգանության հանցանքը իսպառ բացակայում է»:

Տիրան Խաչատրյանի մյուս պաշտպանը՝ Արմեն Անդրիկյանն էլ ասաց. «Դատավորը միանշանակ այս փուլում արդարացի որոշում է կայացրել: Բայց պետք է հաշվի առնենք, որ մեղադրանքն ընդհանրապես հիմնավորված չէ եւ գործը դատարան չպետք է ուղարկվեր, քննական վարույթի փուլում պետք է կարճվեր: Հուսով ենք դատավարական հետագա փուլերում հասնելու ենք Տիրան Խաչատրյանի լրիվ արդարացմանը, քանի որ խուլիգանության սուբյեկտիվ կողմը բացակայում է, միջադեպը ուղղված չի եղել հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորմանը կամ հասարակական բարոյական նորմերի արհամարհմանը: Տեղի է ունեցել միջադեպ կենցաղային հարցի շուրջ, որը խուլիգանության հանցակազմի տարրեր իր մեջ չի պարունակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031