Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատավորի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ կիրառվեց 5 մլն դրամ գրավ եւ չբացակայելու արգելք դրվեց:
Տիրան Խաչատրյանին աջակցելու էին եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, գեներալ–լեյտենանտի ընկերներն ու հարազատները:
Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ գո՞հ եք դատարանի որոշումից՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, սա վերջնական որոշումը չի, միջանկյալ այս հատվածի համար, այո, գոհ եմ: Բայց, ընդհանրապես ասած, հաշվի առնելով այն, ինչ տեղի էր ունեցել, սպասելիքների հետ կապված, իմ ակնկալիքը դա չէր»:
Տիրան Խաչատրյանն ասաց, որ դատաքննությունը դեռ չի եղել, մանրամասներ կներկայացնի, բայց ցուցմունքներում էլ է ասել, որ մեղադրանքը չի ընդունում. «Տեղի ունեցածում ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես բնությամբ, բնավորությամբ, իմ էությամբ այնպիսին չեմ, որ ինձ այդպիսի արարք թույլ տամ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հանրային մեղադրողն ասաց, որ կրակոց է եղել, տուժող կա, դրա մասին ի՞նչ կասեք՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Հետագայում կպարզվի՝ կրակոցը ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ինչպես է վիրավորում ստացել: Բայց այն, որ ես որեւէ մեկին վնասելու, առավել եւս՝ վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել, դա միանշանակ կարող եք ընդունել: Ես էդ հնարավորությունն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»:
Նա ասաց, որ հակված է ընդունելու, որ սա քաղաքական երանգ ունի. «Դեռեւս նախաքննության ընթացքում այդ մոտեցումը դրսեւորվել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ