Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո’ն Բեգոյան, ձեր անունն են տալիս բնակիչները, շատ գոհ են ձեզանից, ասում են, համեցե’ք». բնակիչները՝ քաղաքապետարանից դուրս եկող պաշտոնյային

Մարտ 04,2024 13:23

Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված ու Երեւանի քաղաքապետի որոշմամբ քանդման ենթակա տների բնակիչներն այսօր քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել՝ քաղաքապետի հետ հանդիպման խնդրանքով:

«Որ քաղաքապետին ներկայացնենք, որ տվյալ տարածքում դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակ եղել է «Կաքավաձոր» ու «Բերդաձոր» այգեգործական ընկերություն, որտեղ քաղաքապետարանի կողմից նշված 4 հեկտարի՝ խնդրահարույց գոտու վրա կանաչապատման աշխատանքներ են նախատեսված: Այդտեղ ապրում են բազմաթիվ ընտանիքներ, նաեւ Արցախից տեղահանվածներ, բնակիչները չունեն այլ բնակարաններ, կան նաեւ բարձրահարկ ու նորակառույց շինություններ, սեփական տներ, որոնց մի մասը նաեւ սեփականաշնորհվել են: Հիմա խնդրում ենք քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպել, որ լարված վիճակը նաեւ լիցքաթափվի, մարդիկ չգիտեն՝ ում տներն են քանդվելու, որ տարածքը կանաչապատվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ Արամ Գրիգորյանը:

Մեկ այլ բնակիչ էլ շարունակեց. «Էս ազգին նվիրված մարդիկ ենք, ազգի սերուցքն ենք, զինվոր ենք տվել, քառօրյայի մասնակից է եղել, ազատամարտիկներ էլ կան մեր մեջ, չգիտեմ՝ ոնց ասեմ, նվիրված մարդիկ…եթե մենք էդտեղ չլինեինք, այդ հողը այս կարգավիճակը չէր ունենա, ժայռոտ տեղ, կարիճներ, օձեր, կոյուղու ջրերն էլ գնում էր»:

Մինչ քաղաքացիները լրագրողներին պատմում էին հանրային տարածքում տարիներ առաջ իրենց ստեղծած այգիների ու կառուցած տունուտեղի մասին, քաղաքապետարանի շենքից դուրս եկավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը:

Բնակիչներից մեկը, խոսքն ընդհատելով, դիմեց պարոն Բեգոյանին. «Պարո’ն Բեգոյան, ձեր անունն են տալիս բնակիչները, շատ գոհ են ձեզանից, ասում են, համեցե’ք»:

Ի պատասխան պարոն Բեգոյանն արձագանքեց՝ շտապում եմ, բայց մոտեցավ բնակիչներին. «Խնդիր չկա, եթե իմ ոլորտում եք, օր, ժամ պայմանավորվենք, հանդիպենք»:

Բնակիչներից մեկն էլ ասաց՝ վաղվանից քաղաքապետարանը սկսելու է աշխատանքները վիճահարույց հատվածում: Պարոն Բեգոյանն էլ պատմեց, որ երեկ եղել է այդ հատվածում, հաշվառումներ են արվել, ընթացքն իր լիազորությունների սահմանում չէ, բայց ամեն ինչ ներկայացված է վերադասին. «Քաղաքապետարանը երեւանցիներին պատկանող տարածքները վերադարձնում է երեւանցիներին: Այժմ այդ տարածքները պատկանում են անհատներին, պատկանել չի էլ կարելի ասել, բացառությամբ մի քանի հոգու՝ շատ տարածքներ ուղղակի ցանկապատված են, ոչինչ չկա մեջը, այդ ամեն ինչը քանդվելու է, դառնա հանրությանը: Երեւանի գլխավոր հատակագծով դա վաղուց կանաչապատ տարածք է: Ժամանակին բերրի հողեր են եղել, անտառ է եղել»:

Պարոն Բեգոյանը նաեւ հավելեց, որ այն անձանց, որոնք իրապես տեղ չունեն ու բնակվել են այդ փոքրիկ տնակներում, ինչ որ մոտեցում քաղաքապետարանը ցույց է տալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031