Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների ցուցմունքները նույն բառերով են գրված, այսինքն՝ գործը կարել են վերեւից, գտել են երկու ցուցմունք տվող, ասել են՝ ստորագրեք»․ Հրանտ Բագրատյան

Մարտ 04,2024 13:05

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատավարությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Ըստ մեղադրանքի՝ «Այս գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»։

Այսօրվա նիստում հարցաքննվեց վկա ոստիկանը, որն այդ օրվա ցույցի ժամանակ հասարակական կարգի պահպանությամբ է զբաղվել։ Մյուս վկա ոստիկանը չէր ներկայացել դատական նիստին՝ առողջական խնդիրների բերումով։

«Գործը սարքած է։ Մյուս ոստիկան վկան չէր եկել, բայց երկուսի ցուցմունքներն էլ նույն բառերով գրված ցուցմունքներ են, նույն նախադասություններով ու բառերով։ Այսինքն՝ գործը կարել են վերեւից, գտել են երկու ցուցմունք տվող, սրանք էլ ցուցմունք են տալիս։ Սա խայտառակություն է, եթե սա իրավական պետություն լինի, այս գործը հարուցողներին պիտի դատեն»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։

Վկա ոստիկաններն իրենց նախաքննական ցուցմունքում ասել են, որ այդ օրվա հավաքը գլխավորել է Հրանտ Բագրատյանը, քանի որ նա համակարգել է ինչպես «Միասին» հասարակական շարժման կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների գործողությունները։

Հրանտ Բագրատյանի պաշտպանը դատարանում ներկայացրեց ապացույց, որ այդ հավաքի իրազեկման փաստաթղթում Հրանտ Բագրատյանի անունը չկա՝ որպես կազմակերպիչ։ «Գրել, տվել են ձեռքները։ էս ո՞ւր են տարել էս պետությունը, ո՞ւր է հասցրել պետությունը Փաշինյանը։ Մենք դատարանում տեսանք, որ ցուցմունք տվող ոստիկանը հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքից, մեղադրող դատախազը փորձում էր փրկել իրավիճակը։ Մենք մեղք ենք, եթե մեզ հետ այսպես են վարվում, էս ժողովրդին տանելու են վարի տան։ Սա սարսափելի բան է, համակարգի սարսափելի դեգրադացիա է։ Մի քննիչ գրում է այս ամենը, կանչում ասում է՝ ստորագրեք»,- հավելեց Բագրատյանը։

Նա նշեց, որ պետք է երկրում լինի իշխանափոխություն, որպեսզի այս համակարգը փոխվի։

«Մեր ազգի համար սարսափելի դատաստան է գալու, կամ պայքարեք երկրի համար, կամ ձեր երեխաներին հավաքեք՝ գնացեք այս երկրից։ Մենք չենք պայքարում, թույլ ենք տալիս, որ այսպիսի բաներ լինեն։ Մենք մեզ փալասի տեղ չպետք է դնենք։ Ցավում եմ, ողորմելի վիճակ է՝ երիտասարդ, ամրակազմ ոստիկանը կանգնած է, արդեն հասկանում է՝ ինչ ցուցմունք է տվել, եւ դատարանում ցուցմունքը փորձում է փոխել»,- ասաց նա։

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ հանրային մեղադրողի կողմից հարցեր ուղղվեցին վկա ոստիկանին։ Հրանտ Բագրատյանի պաշտպանն արձանագրեց, որ մեղադրող դատախազը փորձում է հարցերով ուղղորդել ոստիկանին։

«Ես չեմ հիշում նման դեպք, որ վարչապետն իրեն թույլ տար խառնվել այսպիսի գործերի մեջ, անձամբ զանգեր։ Բայց այսօր անձամբ զանգում են արդեն, ասում են՝ թող այս ոստիկանը ստորագրի։ Երեւի մի 10 ոստիկան հրաժարվել են ստորագրել, սրանք էլ փոշմանել են իրենց արածի համար։ Նույնիսկ ակնարկ եղավ, որ մյուս վկա ոստիկանը համակարգից դուրս է գալիս։ Հենց այս պատճառով է դուրս գալիս, հասկանում է, որ հետագայում շատ դաժան հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վկան չէր հիշում գլխավոր փաստը՝ բռնության կոչի մասին ոչինչ չէր հիշում։ «Մեկ ուրիշ բան վերագրեց պարոն Բագրատյանին, ասաց, որ նա ասել է՝ կառավարության շենքից պետք է մարդկանց դուրս շպրտել։ Այնինչ, ամբողջ մեղադրանքն այնպիսին է, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չկա։ Նրա այսօրվա ցուցմունքը նախաքննական ցուցմունքի հետ որեւէ աղերս չունի, իսկ եթե կա հիշողության կորուստ, մեղադրանքի կողմի ներկայացուցիչներն անմիջապես հրապարակում են նախաքննական ցուցմունքները։ Բայց նախաքննական ցուցմունքի հրապարակումով էլ պարադոքսները չվերացան, որովհետեւ վկան երկու բան պնդեց։ Առաջինը՝ պնդեց, որ ինքը չէր կարող ասել՝ այդ օրը հավաքի մասնակիցների կողմից բռնություն տեղի կունենա՞ր, թե՞ ոչ։ Ասաց, որ ցանկացած հավաքի ժամանակ հնարավոր է լինեն բռնություններ, այսինքն՝ կոնկրետ Բագրատյանի կոչի հետ չի կապում, այլ կոնկրետ հավաքի բնույթի հետ է կապում։ Երկրորդ, վկան իր խոսքում ասաց նաեւ, որ հնարավոր է «վերացնել» բառը հասկանալ նաեւ իշխանափոխություն։ Այսինքն՝ եթե «վերացնել» բառը կարելի է հասկանալ նաեւ իշխանափոխություն, ինչո՞ւ են պնդում, որ «վերացնել» բառի տակ պետք է հասկանալ ֆիզիկական բռնություն»,- ասաց նա։

Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է շատ խորությամբ ուսումնասիրվի, շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք պետական իշխանության ներկայացուցիչներ են։ «Կոնկրետ դեպքում մենք ունենք տեսանյութ, տեսանյութը հրապարակված է, վկայի նախաքննական ցուցմունքներում ներկայացված իրավիճակը եւ տեսանյութում դիտածը իրար հետ որեւէ աղերս չունեն։ Այս զգործի նպատակն է ամեն կերպ հասնել մեղադրական դատական ակտի»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031