Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյանը 5 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ տաքսիստ արցախցու տնային կալանքի փոխարեն կիրառվեց 1 մլն գրավ

Մարտ 04,2024 12:38

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստին դատավոր Դիանա Ղուկեյանը հրապարակեց Խաչատրյանի կալանքի եւ գործով անցնող մյուս մեղադրյալների վերաբերյալ խափանման միջոցի փոփոխության մասին միջնորդությունների որոշումը:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ: Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝ ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:

Դատավորի որոշմամբ, Տիրան Խաչատրյանի կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց 5 մլն դրամ գրավ եւ չբացակայելու արգելք դրվեց:

Նշենք, որ դատավորը նախորդ նիստում Տիրան Խաչատրյանին հարցրել էր, թե ո՞րն է համարում ողջամիտ չափով գրավ, նա պատասխանել էր, որ 5 մլն դրամ մինչեւ, որովհետեւ հնարավորություն չունի 10, 15, 20 մլն վճարելու:

Մեղադրյալներ Աքսեն Սաֆարյանի, Գարիկ Հայրապետյանի խափանման միջոց բացակայելու արգելքը մնաց անփոփոխ: Նորայր Ավանեսյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, բայց քանի որ պաշտպաններն ասել էին՝ նա տաքսու վարորդ է, ընտանիքն իր հույսին է, աշխատում է yandex-ում, եթե տանը նստի, տան վարձն անգամ չեն կարողանա տալ, դատավորը որոշեց տնային կալանքը վերացնել ու կիրառեց գրավ՝ 1 մլն դրամի չափով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031