Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենին մասնակից է «քաղաքակիրթ աշխարհը». Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի հայաթափման եւ ԱԺ շենքը քանդելու մասին

Մարտ 04,2024 11:34

Ադրբեջանցիները պետական մակարդակով ոչնչացնում են հայկական հետքն Արցախում, պղծում հայկական գերեզմանները, եկեղեցիները, նրանք ավերել են նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը:

«Առավոտից իմ մտքում, ուղեղում միայն դա է: Բնականաբար, դա զգացմունքային է, բայց այդ զգացմունքայինի մեջ դու հասկանում ես, որ այս ամենի թիվ մեկ մեղավորներն ու պատասխանատուն երկու անձ են՝ ՀՀ վարչապետն ու Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որովհետեւ իրենց վարած կամ չվարած քաղաքականության, նախկինների ու ներկաների միջեւ դրած բաժանարար գծերի արդյունքում ստացվեց այնպես, որ ներկաները հանձնեցին Արցախը եւ հիմա մենք «վայելում» ենք դրա հետևանքները »,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արցախի պատգամավորի խոսքով. «Այն, ինչ հիմա Ադրբեջանն է անում, բացահայտ մարտահրավեր է աշխարհին, որովհետև, ըստ էության, սրանք հավաքական Արեւմուտքի կեղծ ժողովրդավարության, կեղծ մարդասիրություն հետեւանքներն են, որը հենց ինքը մերժում է միջազգային իրավունքը: Եթե փաստի ուժով Ադրբեջանն այսօր Արցախում է եւ իրականացնում է իր վայրագությունները, կարծում եմ, որ մենք բոլորս պիտի սպասեինք դրան, որովհետեւ իբրեւ քոչվոր ցեղ այդ բացառիկ հնարավորությունը ստացել է, բայց այլ հարց է, թե ինչպես է այդ գործողություններին արձագանքում աշխարհը, որովհետեւ դրանով չեղարկվում է միջազգային ինքնորոշման իրավունքը, ըստ որի՝ մենք ինքնորոշվել էինք եւ մեր ինքնորոշման իրավունքով մեր պապենական հայրենիքում, մեր պապերից ժառանգած հողում ապրում էինք, բարգավաճում ու զարգացնում մեր հայրենիքը:

Որեւէ մեկը, որեւէ պետություն կամ անձ՝ սկսված ՀՀ վարչապետից եւ վերջացրած ցանկացածով, չի կարող հերքել այն փաստը, որ չնայած այն հանգամանքին, որ Արցախը չճանաչված պետություն էր, աշխարհն ընդունում էր Արցախի կայացած պետություն լինելը՝ իր բոլոր պետական ինստիտուտներով, կառավարման համակարգով: Եվ այսօր, եթե մի կողմ ենք դնում այս իշխանություններին, որոնք ուղիղ մասնակիցն են այս վայրագությունների, իրենց թողտվության, համատեղ աշխատանքի արդյունքում է Ադրբեջանի բռնապետն այս վայրագություններն իրականացնում, բացի նրանցից՝ այս ամենին մասնակից է «քաղաքակիրթ աշխարհը», որը որեւէ արձագանք չունի: Եվ բոլոր՝ իբր թե հայելային միջազգային դատարանների հայտերից հրաժարվելը առավել բաց է թողնում Ադրբեջանի ձեռքերը, եւ իրենք այսուհետ անելու են այն, ինչ ուզում են»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է. «Միգուցե շատերի համար Արցախից բռնի տեղահանումը դարձել է գույքի, նյութի կորուստ, բայց կա մարդկանց՝ այլ կերպ մտածող մի ստվար խումբ. մենք այնտեղ թողել ենք ոչ թե մեր Ազգային Ժողովի շենքը, որն ադրբեջանցիները քանդում են, մեր Ազատամարտիկների շենքը, որն ավերել են եւ անձամբ իմ տունը, այլ թողել ենք մեր կյանքը, իմ կյանքը, որի հետեւից անձամբ ես գնալու եմ, ու իմ պես մտածողներ շատ կան: Եվ անկախ նրանից՝ ՀՀ իշխանությունները ինչ են անում Ադրբեջանի հետ, ինչ կեղծ օրակարգեր են բերում, որոնցով նաեւ հիմք են դնում նաեւ Հայաստանի Հանրապետության կործանման, միևնույն է մենք կանգ չենք առնելու, ինչքան բռնաճնշումներ էլ լինեն, ես անձամբ պիտի գնամ իմ կյանքի հետեւից: Ես իմ կյանքն եմ Արցախում թողել, եւ որեւէ մեկը դա չի կարող խլել ինձանից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից․ «Վերջին օրը, Ստեփանակերտում, իմ տանը..»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ինչքան հասկացվեց՝ այս ամենի մեջ չկար միայն Ռուսաստանը։
    «Այն, ինչ հիմա Ադրբեջանն է անում, բացահայտ մարտահրավեր է աշխարհին, որովհետև, ըստ էության, սրանք հավաքական Արեւմուտքի կեղծ ժողովրդավարության, կեղծ մարդասիրություն հետեւանքներն են, որը հենց ինքը մերժում է միջազգային իրավունքը» ․ գրված է տեքստում:
    Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանը կամ քաղաքակիրթ աշխար չի համարվում, կամ էլ ուղղակի մասնակից է այն վանդալիզմին ինչը իրականացնում է Ադրբեջանը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031