Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթերը ներկայացնելու համակարգը դեռեւս լիարժեք պատրաստ չէր գործարկման

Մարտ 04,2024 12:30

Օրերս «Առավոտում» անդրադարձանք էլեկտրոնային դատարանների թեմային (փետրվարի 22, «Առավոտ», «Ոտքի, էլեկտրոնային դատարանն է գալիս»), նաեւ ներկայացրինք, որ փաստաբաններից շատերն ունեն դժվարություններ՝ կապված փոփոխված «նոր» դատարանների հետ:

Տեղեկացրել էինք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից քաղաքացիական դատարաններում նոր գործերը մուտքագրվելու են էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ այսուհետ դատավարական փաստաթղթերը կազմվում եւ ներկայացվում են էլեկտրոնային՝ cabinet.armlex.am  համակարգի միջոցով: Այսինքն, կողմերը՝ հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչ փաստաբանները, դատարան գնալու փոխարեն ընդամենը համակարգչի առջեւ նստած մուտքագրում են համապատասխան դիմումը կամ հայցադիմումը, անհրաժեշտության դեպքում օգտվում իրենց դատավարական իրավունքներից։ Ուզում ենք պատկերացնել, թե փաստաբան, ներկայացուցիչ չունեցող անազատության մեջ գտնվողն ինչպես է պատրաստելու, ուղարկելու իր դիմումները դատարաններ, երբ զրկված է նախ տեխնիկական հնարավորություններից, ապա այն գործարկելու, տեղեկացվելու իրավունքներից: Նույնը կարող է վերաբերվել տարեցներին, որոնք գտնվում են հատուկ հիմնարկներում` ծերանոցներում, իսկ խնդիրը քաղաքացիական դատավարության շրջանակներում է…

Էլեկտրոնային եղանակով քաղաքացիական գործերի քննման արդյունավետության եւ ռիսկերի մասին «Առավոտի» իրավական էջի հարցերին պատասխանում է փաստաբան Միքայել Ահարոնյանը:

– Պարոն Ահարոնյան, մեկ ամիս է, ինչ ներդրվել է քաղաքացիական գործերի քննման էլեկտրոնային եղանակը, սակայն իրավական հանրության կողմից քննադատության արժանացավ, ինչո՞ւ։

– Մենք նորությունները եւ փոփոխությունները միշտ բացասաբար ենք ընկալում, հետո ժամանակ է հարկավոր լինում՝ հասկանալու իրականում այդ փոփոխությունները հաջող են, թե՝ ոչ։ Տվյալ պարագայում խոսքը էլեկտրոնային դատավարության նոր ներդրված համակարգի մասին է, որի մեկնարկը տրվեց բոլորովին վերջերս՝ փետրվարի 1-ից։ Գտնում եմ, որ համակարգը դեռեւս լիարժեք պատրաստ չէր գործարկման համար, եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մի փոքր շտապողականություն դրսեւորեց այստեղ։

Անհրաժեշտ էր գործընթացն իրականացնել զուգահեռ եւ որոշ ժամանակ անց նոր անցնել միայն էլեկտրոնային համակարգի ներդրմանը։ Այս պայմաններում փաստաբանը ստիպված է փետրվարի 1-ից տրված բոլոր հայցադիմումները ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ թղթային տարբերակով հայցադիմում փաստաբանը չի կարող ներկայացնել դատարան։ Երկրորդ՝ համակարգի գործարկումից շատ չանցած՝ ի հայտ եկան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք միայն համակարգը ներդրած ընկերության մեղքով չէին, օրինակ՝ կան որոշակի իրավահարաբերություններ, որոնք նախագծի հեղինակները չէին քննարկել եւ հետեւաբար անընդհատ հարցեր ու խոչընդոտներ են առաջանում հայցադիմումը ներկայացնելիս։

Դատարանի մատչելիության սկզբունքով պայմանավորված՝ հարկավոր էր անդրադառնալ բոլոր հնարավոր խնդիրներին, դրանք լուծել, համակարգը փորձնական դնել շրջանառության մեջ, նոր միայն տալ մեկնարկ։ Այս պարագայում չլուծված հարցերը շատ են, որոնց մասին խոսում են նաեւ արդարադատության նախարարությունը, իրավասու մարմինները եւ ասեմ, որ հարցերի լուծման ուղիներ են գտնում։

– Կներկայացնե՞ք, թե որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվել եք համակարգից օգտվելու ընթացքում եւ արդյո՞ք վստահորդի շահերը լիարժեքորեն ներկայացնել հնարավոր է այս եղանակով:

– Առաջին կարեւոր խնդիրը հայցադիմումին կցված փաստաթղթերին է վերաբերում։ Փաստաբանը բարեխղճորեն հայցադիմումին կցում է բոլոր փաստաթղթերը, բայց որոշ ժամանակ անց պարզում, որ հայցադիմումը վերադարձվում է դատարանի կողմից, քանի որ չեն կցվել փաստաթղթերը։ Այսինքն՝ համակարգը փաստաբանի մոտ ցույց է տալիս, որ հայցադիմումին կցված են փաստաթղթերը, իսկ դատավորի համակարգում ցույց չի տալիս։ Սա տեխնիկական ամենատարածված խնդիրն է,  որին հանդիպել ենք։ Ստացվում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով դատարանը վերադարձնում է հայցադիմումը, սակայն հնարավոր է՝ հայցվորը միջնորդել է նաեւ հայցի ապահովման միջոց կիրառել, այլ կերպ ասած՝ դատարանին խնդրել է, օրինակ, արգելանք դնել պատասխանողի գույքի կամ դրամական միջոցների վրա, բայց հայցադիմումի վերադարձի պարագայում այս հարցը դատարանը հնարավորություն չի ունենում քննարկել, իսկ պատասխանողը միշտ չէ, որ կարող է գտնվել բարեխիղճ։

Ինչ վերաբերում է հարցադրման մյուս բաղադրիչին, ապա նշեմ, որ դատարանում գործերը քննարկվելու են ընդհանուր կարգով, այսինքն՝ հայցվորը եւ պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները գնալու են դատարան՝ դատական նիստերի։ Այնպես չէ, որ համակարգի ներդրմամբ բացառվելու է դատական նիստին մասնակցելը։ Պարզապես բոլոր դատավարական փաստաթղթերը ներկայացվում են համակարգի միջոցով, եւ եթե բոլոր տեխնիկական խնդիրները լուծվեն, եւ համակարգը լավ աշխատի, գաղափարական իմաստով այն կարող է թոթափել դատավորի ծանրաբեռնվածությունը, քանի որ բոլոր դատավարական փաստաթղթերը ստեղծվելու, առաքվելու են էլեկտրոնային նույն հարթակի միջոցով, որը հավասարապես հասանելի է դատավարության բոլոր մասնակիցներին։

– Նորամուծությունը հանրությանը ներկայացվեց՝ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման, ծախսերի նվազման, ինչպես նաեւ կողմերի ժամանակի խնայման տեսանկյունից՝ տվյալ պարագայում դուք կողմ եք (հայցվորի կամ պատասխանողի ներկայացուցիչ), իսկապես խնայո՞ւմ եք ժամանակ:

– Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ծանրաբեռնվածությունը թեթեւացավ, թե՝ ոչ, այնուամենայնիվ, որոշ ժամանակ կպահանջվի լիարժեք գնահատական տալու համար։ Ավագ գործընկեր-փաստաբաններից շատերը հայցադիմումը ներկայացնում էին ձեռագիր տարբերակով, այսինքն՝ համակարգչից անգամ չէին օգտվում։ Եթե շատ կարճ ասեմ, ապա համակարգը կարող է կենսագործվել այն դեպքում, երբ առկա չեն լինի ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ ոչ տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորություն կտան դատավարության մասնակիցներին ամբողջությամբ իրացնել իրենց դատավարական իրավունքները։

– Թեեւ այս փուլում միայն քաղաքացիական գործեր են քննվում էլեկտրոնային եղանակով, սակայն չի բացառվում, որ մասնագիտացված (վարչական, սննանկության, հակակոռուցպիոն) եւ քրեական դատարանները եւս անցնեն գործերի քննման այս եղանակին, ի՞նչ եք կարծում՝  հրապարակայնության սկզբունքի սահմանափակման խնդիր չի՞ առաջանալու, մենք՝ լրատվամիջոցներս, զրկվում ենք ըստ էության դռնբաց դատական գործընթացներին մասնակցելու, լուսաբանելու մեր` ԶԼՄ օրենքով սահմանված կարգով:

– Այո՛, կգա մի ժամանակ, երբ իրավունքի մյուս ճյուղերն էլ կմիանան էլեկտրոնային այս հարթակին՝ թե՛ քրեական ուղղվածությամբ դատարանները, թե՛ վարչական, թե՛ հակակոռուպցիոն, թե՛ սնանկության։ Հրապարակայնության սկզբունքին սպառնացող վտանգի մասին առաջարկում եմ խոսենք այն ժամանակ, երբ այս դատարանները եւս կմիանան էլեկտրոնային դատավարության միասնական համակարգին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031