Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսում եմ մաքուր էջից». արցախցի երիտասարդ նկարիչ

Մարտ 04,2024 12:00

«Հայաստանում ցուցահանդես շատ եմ ուզում բացել, բայց բոլոր նկարներս մնացել են Արցախում»,- ասում է 18-ամյա Արսեն Գեւորգյանը։

Երիտասարդ նկարիչը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, հաճախել է տեղի արվեստի դպրոցը։ Շատ էր ցանկանում բոլոր նկարները հավաքել ու մեծ ցուցահանդես կազմակերպել Արցախում. «Ցավոք, Արցախում միայն մեկ՝ փոքր ցուցադրություն ունեցա»։

Վերջերս ընկերներն ու ծանոթները խորհուրդ են տվել մասնակցել «Իմ տունն Արցախում» լուսանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսն արդեն բացվել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, այնտեղ ներկայացվել են արցախցիների պատմությունները Արցախում մնացած իրենց տների ու բնակարանների մասին: Արսեն Գեւորգյանը միակն է, որ գեղանկարով է ներկայացել: «Տանս լուսանկարը չունեի, ամբողջը հիշելով եմ նկարել, եթե հիմա չնկարեի, հնարավոր է՝ որոշ դետալներ մոռանայի հետագայում»,- պատմում է արցախցի երիտասարդը՝ հավելելով, որ նկարն ինչքան դետալիզացված, այնքան հաջող է համարում։ Նա դիմել էր կազմակերպիչներին, խնդրել, որ ներկայանա կտավով, համաձայնել են։

Արսենը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, հետո մեկնել ծառայության. «Գրեթե երկու ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը, ես էլ դիրքերում էի, տեւական ժամանակ ինձանից ոչ ոք տեղեկություն չի ունեցել, սեպտեմբերի 24-ին կարողացա իջնել դիրքերից, ծնողներիս հետ կապի դուրս գալ»։ Գեւորգյանների ընտանիքը կարողանում է հասնել Ստեփանակերտ, այնտեղից էլ ճանապարհ ընկնել դեպի Հայաստան։ «Անձրեւում էր, մենք բեռնատար մեքենայի մեջ էինք, այլ ընտանիքներ էլ կային: Ստեփանակերտից Գորիս 2-3 ժամվա ճանապարհ է՝ մենք մի օրում հազիվ հասանք»,- պատմում է Արսենը:

Գեւորգյանները Գորիսից տեղափոխվել են Վայք, հետո՝ Եղեգնաձոր, 2 շաբաթ անց՝ Ջրվեժ, այժմ բնակվում են Չարենցավանում։ Արսենը Հայաստան տեղափոխվելուց հետո որոշել է այստեղ իրագործել վաղեմի երազանքը, նոր ուժերով սկսել է ստեղծագործել. «Մաքուր էջից սկսում եմ, իմ բոլոր նկարներում հայրենիքն է լինելու՝ Հայաստանը եւ Արցախը»։

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031