Բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ զրուցել ենք հարվահանաձև գեղձերի հիվանդությունների մասին, որոնց վաղ ախտորոշումը շատ կարևոր է առողջական լրջագույն խնդիրները կանխարգելելու համար։
–Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին հաճախ ենք խոսում՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք խիստ տարածված են մեր երկրում, և երբեմն մեր ուշադրությունից վրիպում են հարվահանաձև գեղձերի հիվանդությունները, մասնավորապես հիպերպարաթիրեոզը, որը նույնպես ներզատական համակարգի տարածված խնդիրներից է և դասվում է այն «խորամանկ» հիվանդությունների շարքին, որոնք բավականին դժվար են ախտորոշվում։ Եվ այսպես, ի՞նչ է հիպերպարաթիրեոզը։
-Հիպերպարաթիրեոզը Էնդոկրին համախտանիշ է, որը բնորոշվում է արյան մեջ պարատ (պարաթիրեոիդ) հորմոնի բարձրացմամբ և շատ հաճախ ընթանում է անախտանիշ։
Պարատ հորմոնն արտադրվում է հարվահանաձև գեղձերի կողմից, որոնք սովորաբար տեղակայվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին՝ վերին և ստորին բևեռների շրջանում, ունեն կլորավուն տեսք և սովորաբար 2 զույգ են լինում, սակայն տարբեր մարդկանց մոտ դրանց թիվը կարող է տարբեր լինել՝ հասնելով ընդհուպ մինչև 12 զույգի։ Նշեմ, որ կարող է տարբեր լինել նաև հարվահանաձև գեղձերի տեղակայումը․ դրանք կարող են լինել վահանաձև գեղձի հյուսվածքում, սրտապարկում, առաջային և հետին միջնորմում, ընդհանուր քնային զարկերակի երկատման տեղում։
Կարդացեք նաև
Պարատ հորմոնն ազդում է հետևյալ թիրախ օրգանների վրա՝ ոսկրային համակարգ, երիկամներ, աղիներ և մասնակցում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակությանը։
Արյան մեջ կալցիումի, մագնեզիումի մակարդակի նվազեցումը հետադարձ բացասական կապով բերում է պարատ հորմոնի մակարդակի բարձրացմանը։
Այս հորմոնի քանակի ավելացումը, այսինքն հիպերպարաթիրեոզի զարգացման պատճառներն են հարվահանաձև գեղձի ադենոման, հարվահանաձև գեղձի հիպերպլազիան, վիտամին D-ի անբավարարությունը, երիկամների քրոնիկ անբավարարությունը և այլ ավելի հազվադեպ հանդիպող պատճառներ։
Ինչպես նշեցի, արյան մեջ պարատ հորմոնի բարձրացումը շատ հաճախ ընթանում է առանց որևէ կլինիկական ախտանշանի, սակայն երկարատև ու ծանր հիպերպարաթիրեոզի պարագայում հանդիպում են ոսկրային սպեցիկ փոփոխություններ, երիկամներում քարերի առաջացում, բնորոշ են նաև ոչ սպեցիֆիկ կլինիկական երևույթները, որոնք պայմանավորված են արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացմամբ, օրինակ՝ ստամոքսի խոցային հիվանդություն, պանկրեատիտ, ընդհանուր թուլություն, դեպրեսիվ համախտանիշ, դյուրհոգնելիություն, գիտակցության խանգարում, ծանր դեպքերում՝ մինչև կոմայի ու մահվան զարգացում։
Հանդիպում ենք նաև պարատ հորմոնի մակարդակի նվազեցման խնդրին, որի զարգացման հիմնական պատճառներից է հարվահանաձև գեղձի կառուցվածքային խանգարումը, որը կարող է զարգանալ վիրահատության, ճառագայթային բուժման, աուտոիմուն հիվանդությունների հետևանքով, կարող է լինել նաև հարվահանաձև գեղձի զարգացման խանգարմամբ պայմանավորված, որը կարող է հանդիպել առանձին կամ որպես գենետիկական համախտանիշի մի մաս՝ սրտային անոմալիաներով, թիմուսի զարգացման խանգարումներով ուղեկցվող։ Հետաքրքիր է, որ մագնեզիումի դեֆիցիտն էլ կարող է բերել պարատ հորմոնի արտազատման խանգարման։
–Ինչպե՞ս է իրականացվում պարատ հորմոնի սինթեզի խանգարումների բուժումը։
Պարատ հորմոնի ցածր մակարդակը բուժվում է կալցիումի պրեպարատներով և ակտիվ վիտամին D-ով։
Հիպերպարաթիրեոզի բուժումը կախված է հիվանդության պատճառից։
Առաջնային հիպերպարաթիրեոզը՝ հարվահանաձև գեղձի ադենոմաները, հիպերպլազիան իրենց տարածվածությամբ ներզատական համակարգի հիվանդությունների շարքում երրորդ տեղն են գրավում շաքարային դիաբետից ու վահանաձև գեղձի հիվանդություններից հետո և ավելի շատ բնորոշ են կանանց, քան տղամարդկանց։ Եթե պատճառը հարվահանաձև գեղձերի ադենոմաներն են, որոնք ուղեկցվում են կլինիկական երևույթներով՝ երիկամի գործառույթի խանգարմամբ, երիկամներում քարերի գոյացմամբ, ոսկրերի սպեցիֆիկ փոփոխություններով, պանկրեատիտով, ուրեմն բուժումն իրականացվում է վիրահատական միջամտությամբ։ Սակայն եթե չկան թիրախային օրգան-համակարգերի ախտահարումներ, ապա կարելի է իրականացնել պահպանողական բուժում, դինամիկ հսկել հիվանդությունը։ Ինչպես նաև դինամիկ հսկողություն ու դեղորայքային բուժում է կատարվում այն դեպքում, երբ կան վիրահատության հակացուցումներ։
Եթե հիպերպարաթիրեոզի պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է, այդ դեպքում կատարվում է վիտամին D-ով բուժում մինչև հիպովիտամինոզի վերացումը։
Քրոնիկական երիկամային անբավարարությամբ պայմանավորված հիպերպարաթիրեոզի դեպքում բացի վիտամին D-ից նշանակվում է հատուկ դեղորայք, որը թույլ չի տալիս ֆոսֆատի աղերի ներծծումն աղեստամոքսային համակարգից։
Եթե դեղորայքային բուժումը չի օգնում և ոսկրային փոփոխությունները հարաճում են, այդ դեպքում դիմում ենք վիրահատական միջամտության։
Վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատությունների հետևանքով զարգացող հիպոպարաթիրեոզը կանխարգելելու նպատակով կատարվում է հարվահանաձև գեղձերի աուտոտրանսպլանտացիա։
-Նշեցիք, որ հիվանդությունը հաճախ է ընթանում անախտանիշ․ վաղ հայտնաբերման ի՞նչ տարբերակներ կան։
-Ադենոմաները հաճախ հայտնաբերվում են պատահաբար՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ և ախտորոշվում են հմուտ մասնագետի կողմից, քանի որ երբեմն շատ դժվար են տարբերակվում վահանաձև գեղձի հանգույցներից։
Ահա թե ինչու են կարևոր կանխարգելիչ հետազոտությունները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել նմանատիպ խնդիրները։ Ավելի մանրամասն հետազոտությունները ենթադրում են արյան մեջ պարատ հորմոնի մակարդակի, ընդհանուր և իոնիզացված կալցիումի, ֆոսֆորի մակարդակի, մեզի մեջ կալցիումի և ֆոսֆատի մակարդակի որոշումը, այլ գործիքային մեթոդների կրառումը ավելի կոնկրետ էթիոլոգիկ ծագումը գտնելու համար։ Սակայն չպետք է մոռանալ, որ լինում են դեպքեր, երբ, չնայած պարատ հորմանի մակարդակի բարձրացմանը, արյան մեջ կալցիումի մակարդակը նորմալ է լինում, դա տեղի է ունենում նորմոկալցիեմիկ հիպերպարաթիրեոզի դեպքում, որը բնորոշ է հիվանդության սկզբնական փուլին, օրգանիզմում վիտամին D-ի ու կալցիումի անբավարարության, երիկամային անբավարարության դեպքում։
Կլինիկական մի շարք դեպքեր ցույց են տալիս, թե որքան կարևոր է խնդրի ճիշտ ախտորոշումը։ Օրինակ՝ երիկամներում հաճախակի կրկնվող քարերի գոյացումը, հաճախակի կոտրվածքները կարող են հուշել պարատ հորմոնի գերարտադրության մասին։
-Վիտամին D-ի անբավարարությունը նույնպես շատ տարածված խնդիր է մեր երկրում, արդյո՞ք ի վերջո դա կարող է պարատ հորմոնի հետ կապված համընդհանուր խնդիրներ առաջացնել բնակչության շրջանում։
Վիտամին D-ի անբավարարության դեպքում պարատ հորմոնը կարող է բարձրանալով հանգեցնել ոսկրային փոփոխությունների։
Թեթև դեֆիցիտի դեպքում նման խնդիր չի առաջանա, սակայն արտահայտված ու երկարատև անբավարարությունը բերում է արդեն ոսկրային փոփոխությունների։ Ահա թե ինչու է կարևոր վիտամին D-ի օպտիմալ մակարդակի պահպանումը։
Նշենք, որ վիտամին D-ի նորմա է համարվում 30-70 նգ-մլ-ն։
-Որոնք են վիտամին D-ի անբավարարության պատճառները։
-Վիտամին D-ն հիմնականում սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցությամբ, և դրսում՝ արևի ներքո քիչ ժամանակ անցկացնելը կարող է բերել վիտամին D-ի պակասի։
Մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ ավելի քիչ է սինթեզվում այս վիտամինը, մեծահասակների դեպքում նույնպես կա այդ խնդիրը։ Նպաստում է նաև այն հանգամանքը, որ սննդի միջոցով շատ դժվար է բավարար քանակով այս վիտամինը ստանալը։
Առողջական որոշ խնդիրներ ևս նպաստում են վիտամին D-ի դեֆիցիտի զարգացմանը, ինչպես աղիներից ներծծման խանգարումը, օրինակ՝ ցելիակիայի դեպքում, ճարպակալումը, լյարդի, երիկամների հիվանդությունները, որոնց դեպքում կարող է խաթարվել վիտամին D-ի ակտիվացումը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ