Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկայինը տուգանել է չգործող հյուրատունը

Մարտ 03,2024 19:54

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին այսօր ասոցիացիայի անդամները քննարկում էին իրենց ոլորտի խնդիրները, հարկային օրենսդրական փոփոխություններն ու զարգացման հեռանկարները։

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում տեղակայված «Արեւի» հյուրանոցի  սեփականատեր Գեւորգ Գասպարյանը ուշագրավ դրվագ ներկայացրեց հարկայինի վարչարարությունից։

Գասպարյանն ասաց, որ հյուրանոցն աշխատեցնում են շատ դժվար ու ծանր պայմաններում։ Եղեգիսի կիրճում, ինչպես պատմեց գործարարը, յոթ գյուղ կա, որոնք գազիֆիկացված չեն, էլեկտրաէներգիայի որակը շատ վատն է․ «Խմելու ջուրն էլ մեր ուժերով ենք ապահովում։ Ամեն տարի սեպտեմբերին սահմանին վիճակը լարվում է։ Մեր բիզնեսը զրո է դառնում, ձմեռը մինուսով ենք աշխատում՝ մինչեւ գարունը բացվի ու զբոսաշրջային հոսք լինի։ Ես պարբերաբար մտածում եմ՝ որտե՞ղ է պետությունը մեր թիկունքին, որտե՞ղ է մեզ օգնում, ինչո՞ւ պետք է մենք այս բիզնեսը այսպիսի դժվարություններով տանենք, մեզ համար ձմեռն անցկացնելն ահռելի մեծ դժվարություն է, ծանր է, խմելու ջրի ջրագիծը ծայրից ծայր սառում է։ Ու մեկ էլ այս ամենին գումարվում են հարկայինի  պարբերաբար ստուգումները։ Վերջինը դեկտեմբերին էր, երբ հյուրանոցում ոչ մի աշխատակից չկար, ոչ մի հյուր չկար, շենքը մի քանի շաբաթ չէր ջեռուցվում։ Հարկայինի աշխատողը մտնում է, 25 հազար դրամը դնում է ընդունարանի սեղանին, պահակը շփոթված կտրոն է խփում, տալիս։  Մեկ էլ ինձ զանգում, ասում են՝  կտրոնի վրա գրված չէ, որ սենյակը 25 հազար արժե, մենք պետք է ձեզ տուգանենք։ Իհարկե, մենք կբողոքարկենք,  բայց գործարարի համբերությունը սպառվում է։ Ես հյուրանոցի գործունեությունը կասեցրեցի, բոլոր աշխատողները մնացին անգործ, մինչ օրս կասեցված է հյուրանոցը, չգիտեմ՝ զբոսաշրջային հոսքը եթե սկսվի, կբացե՞մ, թե՞ ոչ»։

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը եւս մասնակցում էր քննարկմանը, տարակուսանք արտահայտեց, թե հարկային տեսուչը կարող է նման բան անել։ ՊԵԿ փոխնախագահը չհավատաց գործարարին։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկ այլ գործարար էլ՝ Կարինե Ղուկասյանը, որը Վանաձորում կաթնամթերքի փոքր արտադրությամբ է զբաղվում, դժգոհեց հարկային օրենսդրությունից։ Գործարարը դժգոհեց, որ վերջին տարիներին հարկային վարչարարությունը շատացել է, մի տարում պետական մարմինները մի քանի տարբեր ստուգումներ են իրականացնում՝ հարկային, տեսչական մարմիններ եւ այլն։

Ղուկասյանի ներկայացմամբ՝ հարկային օրենսդրության այսօրվա պահանջներով իր համար դժվար է  տեղական հումքով արտադրություն ծավալել․ «Հնարավորություն չեն տալիս տեղական արտադրողից բնական կաթ գնելով աշխատեմ, ինձ դրդում են ներմուծված կաթի փոշի օգտագործեմ արտադրությունում։ Իրականում կաթի փոշով աշխատելն ինձ համար ավելի հեշտ է, բայց ես ուզում եմ բնական հումքով արտադրություն իրականացնել։  Խնդիրն այն է, որ ես գյուղացիներից եմ գնում կաթ, իսկ իրենք հարկային դաշտում չեն աշխատում, չեն ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել, որովհետև դա իրենց համար գլխացավանք, է, հարկային դաշտ պիտի մտնեն, հաշվապահություն վարեն։ Ուստի իրենցից կաթը գնում եմ առանց փաստաթղթավորման, իսկ այսպես ես ստիպված ավել հարկ եմ վճարում։ Ինձ էլ ձեռնտու չէ այդպես աշխատել։  Այսինքն, հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինչը խնդիր է առաջացնում։ Անցած տարի հարկվել եմ շահութահարկից, այն դեպքում, երբ ես արդեն բոլոր հարկերը վճարել էի։ Շահույթ էր մնացել, որը ծախսել էի, ասենք ինչ-որ բաներ էի գնել, երեխայի կրթության  համար վճարել եւ այլն, մեկ էլ հաջորդող տարի շահութահարկի համար պետությունը նորից ինձանից հարկ է պահանջում։ Իսկ եթե հումքի փաստաթուղթ ունենայի, այդ խնդիրը չէր լինի»։

Ղուկասյանն ասաց, որ սա իր բիզնեսի խնդիրների մի մասն է, ու նման պայմաններում մտածել կառավարության ասած՝ փոքր բիզնեսը մեծացնելու մասին, անհնար է․«Մեր երկրում ես չեմ կարող անգամ մեկ տարվա մեկ տարվա զարգացման մասին մտածել»։

Քննարկման ժամանակ գործարարները դժգոհեցին հարկային օրենսդրական հաճախակի փոփոխություններից, վերջինն, օրինակ` եկամտի որոշ տեսակների դեպքում շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումն է։

Ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հիշեցրեց, որ վերջին մեկ տարում միկրոձեռնարկատիրության ոլորտին առնչվող չորս-հինգ օրենսդրական փոփոխություններ են եղել։

Նա քննարկմանը մասնակցող էկոնոմիկայի նախարարության եւ ՊԵԿ ներկայացուցիչներին դիմելով՝ ասաց՝ ցանկացած օրենսդրություն մշակելիս, պետք է  օրենքի ազդեցության գնահատման մեխանիզմ կիրառել, մինչ օրենքի ընդունումը փորձագիտական գնահատական ստանալ օրենքի ազդեցության վերաբերյալ։

«Հարկ վճարողների պաշտպանություն։» ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադեւոսյանն էլ նկատեց՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, եւ այնքան բարդ ձեւակերպումներ են տրվում, այնքան խառն է ամեն ինչ գրվում, որ նույնիսկ պատգամավորները չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Բացի այս, ըստ Թադեւոսյանի, գուցե սիրուն օրենք են գրում, բայց կիրառության մակարդակում այլ ազդեցություն լինի։

«Ցանկացած հարկային արտոնություն պետք է ունենա ժամկետ։ Կան արտոնությունների տեսակներ, օրինակ՝ ԱԱՀ դաշտում արտոնությունը, ֆինանսական ծառայություններին, գյուղատնտեսական ոլորտին առնչվող արտոնությունները, որ սահմանվեցին,  դրանք վարչարարական խնդիր են լուծում։ Կարեւոր է, որ այդ արտոնությունը ճիշտ սահմանվի»։

Մանրամասն՝  տեսանյութում

Ասոցիացիայի անդամ Տիգրան Քեյանն էլ, անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին, ասաց․ «Պետությանը նյարդայնացնում է, որ հարկ վճարողները օգտվում են օրենքի բացերից, դրա համար օրենսդրությունը շուտ-շուտ փոփոխվում է, հարկատուներին նյարդայնացնում է, որ այդ փոփոխությունից ավելի շատ հարկ են վճարում։ Բայց էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ պետությունն իր ծախսերը հոգալու համար հարկային բեռն ավելացնի, այլ այնպիսի միջավայր ստեղծի, որ հարկերն ավելանան իրացման շրջանառությունից, որպեսզի արտադրողը մտածի իր ապրանքն իրացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մտածի հարեւան երկրներ, ԵՄ արտահանելու մասին։ Լոգիստիկ  աջակցության մասին մտածի պետությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում 

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանն էլ օրենսդրական փոփոխությանն անդրադառնալով՝ ասաց՝երբ բիզնեսն աճում է ու հասնում է ԱԱՀ շեմին,  ու տրոհվում է, որպեսզի ավելի հարկ չվճարի,  դա պետության համար խնդիր է, ուստի նման բաները կանխելու համար օրենսդրական փոփոխություններ են արվում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031