Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ձգձգվում է խաղաղության պայմանագրի կնքումը, պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է»․ Մուշեղ Խուդավերդյան

Մարտ 02,2024 23:38

«Նման համաժողովների մասնակցելը Հայաստանի համար, անշուշտ, դրական է, քանի որ դրանով ստեղծվում է շփումների նոր հարթակ Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ կնճռոտ հարցերը տեղում քննարկելու համար», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցությանը։

Ըստ թուրքագետի՝ միաժամանակ կարող ենք նշել, որ դեռևս իրական գործընթաց չենք տեսնում, դեռևս չեն մեկնարկել սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, վերջնականորեն չեն հստակեցվել կողմերի պայմանավորվածությունները, բանակցություններն էլ ընթանում են փակ ձևաչափով․ «Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը նշել է, որ իրենք իրենց ոչ մի պայմանից հետ չեն կանգնելու, հետևաբար կարող ենք նշել՝ քանի դեռ չեն կատարվել Ադրբեջանի պայմանները, խաղաղության պայմանագրի մասին խոսել դեռևս վաղ է։ Մենք տեսնում ենք սահմանին զորքերի կուտակումներ, այսինքն՝ ակնհայտ է, որ ինչքան ձգձգվում է խաղաղության պայմանագրի կնքումը, պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է։ Հույս ունեմ, որ Անթալիայի համաժողովը և այլ նման շփումները կնպաստեն, որ ի վերջո կնքվի խաղաղության համաձայնագիր և ի վերջո հասնենք այդքան բաղձալի խաղաղության պայմանագրին»։

Մեր այն փաստմանը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պայման է դնում ՀՀ-ի առաջ, թե Հայաստանը պետք է վերանայի իր սահմանադրական և իրավական շրջանակը և հարցին՝ հետևաբար այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության պայմանագրի կնքումը, թուրքագետը պատասխանեց․ «Իրենք իրենց շահերի տեսանկյունից ճիշտ են անում, քանի որ դեռևս կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ այդքան չկա, դեռևս Ադրբեջանում մտահոգություններ կան, որ ՀՀ-ում մտածում են բանակն ամրապնդելով փորձել ռազմական ճանապարհով հետ գրավել կորցրած տարածքները։ Սահմանադրության փոփոխության առումով էլ այստեղ կան կետեր, որ ես համամիտ եմ։ Սահմանադրության մեջ կան կետեր, որ պետք է փոխվեն ի շահ խաղաղության համաձայնագրի»։

Մեր դիտարկմանը՝ մի՞թե Ադրբեջանի գործն է խառնվել մեր ներքին գործերին, Մուշեղ Խուդավերդյանն արձագանքեց․ «Եթե դու պաշտոնապես փորձում ես շարունակել հավակնություններ ունենալ հարևան երկրի տարածքների նկատմամբ, որը փորձես ամրագրել քո Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում, իհարկե, դա Ադրբեջանին մտահոգելու է։ Իրողությունները պետք է ամրագրվեն իրական ձևով։ Եթե խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի, ապա պետությունը նույնպես պետք է իրավաբանորեն պատրաստակամություն հայտնի։ Առանց կողմերի միջև փոխվստահության հնարավոր չէ հասնել խաղաղության համաձայնագրի կնքման»։

Դիտարկմանը՝ բայց դա չպիտի՞ լինի երկուստեք, նա պատասխանեց՝ իհարկե, պիտի լինի երկուստեք։

Մեր փաստմանը՝ Անթալիայի ֆորումում առաջարկ հնչեց ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպում կազմակերպել Երևանում և հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ այս ձևաչափը կակտիվանա՞, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Ռուբինյան-Քըլըչ ձևաչափն ընդամենը բանակցությունների գործիքներից մեկն է։ Իրական համաձայնագիրը կնքվելու է երկրների ղեկավարների միջև։ Այսինքն՝ այդ մակարդակներում պետք է ձեռք բերվի համաձայնությունը։ Իսկ Ռուբինյան-Քըլըչ ձևաչափն ընդամենը շփումների ձևաչափ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031