Այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։
Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրեց մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։
Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, ով ժյուրիին ներկայացավ նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից, Իգոր Նիկոլաևի «Այսբերգ» կատարումներով։
Ժյուրիի կազմը նախագահում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժյուրիի անդամներն էին՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով հանդիսանում է «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, և երգիչ, Շ․Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը։
Կարդացեք նաև
Ավարտին, բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի՝ մասնակցության համար։
Իսկ «Սլավյանսկի բազար 2023» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, «Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձավ մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացավ երկրորդ մրցանակի։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ