ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում չբացառելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու ընտրել այն ուղղությունը, որը մեր երկրի համար առավելագույն անվտանգություն կապահովի։
«Կարծում ենք, որ մեր անվտանգությունը դա ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը, դրանով փորձելը: Որովհետև էն՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից մենք, սենց ժողովրդական լեզվով խոսեմ, էլի, ոչ թե քաղաքական՝ մենք ավելի ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս՝ երբ որ դաշնակիցը, որը որ մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանել», – մասնավորապես ասել էր ԱԺ նախագահը:
Aravot.am-ը Եվրոպական միության անդամ երկրների մի քանի դեսպանների հետ Գյումրի այցելած Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսից կարծիք հարցրեց՝ առաջիկայում որքանո՞վ է հնարավոր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելը։ Մենք դեսպանին հիշեցրեցինք Ալեն Սիմոնյանի խոսքերը։
Վասիլիս Մարագոսն այսպես արձագանքեց․ «Կարծում եմ՝ ի վերջո, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ է որոշում կայացնում իր ապագայի համար՝ արդյոք ցանկանո՞ւմ է Եվրոպական միության ընտանիքի անդամ դառնալ։
Կարդացեք նաև
Ես ուզում եմ ասել, որ Հայաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է արդեն՝ մշակույթի անդամ է, Եվրախորհրդի անդամ է, նույն արժեքներն ենք կիսում՝ ժողովրդավարության և բարեկեցության, և դա կարծում եմ հիմքն է ընդհանուր ընկալման, թե ինչ է կյանքը, ինչպիսին պետք է լինի աշխարհը և որոնք են միջազգային նորմերն իրավունքի գերակայության և միմյանց հարգելու՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վերաբերյալ։
Եվ կարծում եմ հրաշալի հիմք կա ապագա մեր համագործակցությանը։
Մեր այս համատեքստում, ինչպես նշեցի, նոր օրակարգ ենք մշակում՝ գործընկերության օրակարգ և կարծում եմ, ըստ էության, մեր համագործակցությունը հիմնված է լինելու մեր ընդհանուր ձգտումների վրա՝ գտնելու լավագույն լուծումները, որոնք են հայ ժողովրդի նկրտումները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ