Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ Սահմանադրության հարցը և իրավական շրջանակը մեր երկրի ներքին գործն է»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հիքմեթ Հաջիևին

Մարտ 02,2024 19:18

«Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»,- Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագիտական համաժողովի ընթացքում անցկացված «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է վերանայի իր սահմանադրական և իրավական շրջանակը։

Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում նշեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը տարբեր հարթակներում համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը, նույն հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում և երկրների ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը:

Ըստ նրա՝ խաղաղությունը տեսանելի և հասանելի կդառնա, երբ կողմերը հետևեն այդ սկզբունքներին: Ռուբինյանի խոսքով՝ Երևանը պատրաստ է շարժվել այդ ճանապարհով, սակայն ադրբեջանական կողմը ոգևորություն չի ցուցաբերել այդ հարցում: Նա, մասնավորապես հայտարարեց․ «Ձևակերպումները, որոնք օգտագործում ենք, խոսում են մեր հավակնությունների մասին։ Օրինակ՝ ինչո՞ւ Հայաստանը որոշեց իր նախաձեռնությունը կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում խաղաղության խաչմերուկ կոչել, որովհետև մենք ուզում ենք, որ  տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակվեն։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը՝ հղում անելով ՀՀ-ի ինքնիշխան տարածքին։

Հայաստանը Զանգեզուր տարածքային միավոր չունի, երբեք էլ չի համաձայնել Ադրբեջանին տրամադրել արտատարածքային միջանցք։ Հայաստանի դիրքորոշումն է՝ ոչ միայն մեզ համար ընդունելի է, այլ մենք ցանկանում ենք հասնել կամունիկացիաների ապաշրջափակմանը տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում ՝ հիմնված ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք սրա շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության է եկել այս սկզբունքների շուրջ, մենք սա թղթին ենք հանձնել, մենք իրականացրել ենք դա»։

Անդրադառնալով ՀՀ իրավական շրջանակը վերանայելու հետ կապված՝ Հաջիևի հայտարարություններին, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Պարոն Հաջիևը նշեց, որ ադրբեջանական կողմն ակնկալում է որոշ պարզաբանումներ հայկական կողմից՝ կապված ՀՀ-ի սահմանադրական և իրավական շրջանակի հետ։ Նախ պետք է ասեմ, որ ՀՀ Սահմանադրության հարցը և իրավական շրջանակը մեր երկրի ներքին գործն է և կապ չունի մեր խաղաղության գործընթացի հետ։ Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի սա բազում անգամներ է հայտարարվել։ Նաև արտացոլվել է մեր համատեղ հայտարարություններում, որոնք ստորագրվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այնուամենայնիվ, ամենալավ տարբերակը, որ երկու կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ, դա թղթի վրա գրելն է և ստորագրելը։ Եվ խաղաղության պայմանագրի նախագծում կան երկու հարցեր, որ սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց  տարածքային ամբողջականությունը, չունեն և չեն ունենա տարածքային պահանջներ։ Մենք ասում ենք, որ կողմերը չպետք է իրենց ներքին օրենսդրությանը հղում կատարեն։ Այս պայմանագրի դրույթները կատարելու համար լավագույն ճանապարհը միմյանց վստահեցնելն է, որ չկան տարածքային պահանջներ և չեն լինի ու ստորագրել խաղաղության պայմանագիր»։

Հիքմեթ Հաջիևն իր ելույթում վստահեցրեց՝ Ադրբեջանի համար այլևս չկա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարց և որ Ադրբեջանի օրակարգը խաղաղության և տարածաշրջանային համագործակցության մասին է։ Հիշեցրեց՝ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը ձևակերպել է 5 սկզբունքներ խաղաղության օրակարգի համար երկու երկրների միջև։ Ադրբեջանը նաև կազմել է խաղաղության համաձայնագրի տեքստը և ներկայացրել հայկական կողմին։ Ըստ նրա՝ «խաղաղության պայմանագիր չպետք է ստորագրվի միայն ստորագրման համար, այլ իրական մտադրություն է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար»․ «Մեր ուղերձն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ վայրերում։ Երկու երկրները պետք է համախմբվեն և խաղաղության պայմանագիր կնքեն»։

Ըստ Հիքմեթ Հաջիևի՝ Հարավային Կովկասի երկրները պետք է իրենց սեփականատեր և պատասխանատու զգան տարածաշրջանի հանդեպ։ Ըստ նրա՝ իրենց հաջողվել է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության լավ մոդել կառուցել, որից կարող է օգտվել նաև Հայաստանը․ «Բայց մի հարց է բաց մնում՝ կապված խաղաղության օրակարգի հետ։ Հայաստանի հետ մեր բանակցությունների և հանդիպումների ժամանակ մենք նշել ենք, որ ակնկալում ենք համապատասխան բացատրություն Հայաստանի իրավական և սահմանադրական շրջանակի հետ կապված, սակայն միացում բառը շարունակում է գոյություն ունենալ այդ շրջանակում, և դա տարածքային պահանջ է։ Միացումը Հայաստանի ու Ղարաբաղի միացումն է, որը սահմանադրական շրջանակի մի մասն է։ Մենք իրավական բաց հարցեր ենք դրել, և Հայաստանից սպասում ենք հստակ պատասխաններ սահմանադրական, իրավական կարգավորումների, միացման և այլ իրավական կարգավորումների հետ կապված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031