Ինչպես հայտնում են ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից, 1992թ. մարտի 2-ին Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, բարձրացվեց Հայաստանի նորանկախ հանրապետության եռագույնը:
Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիքի լիիրավ անդամ: Հայկական պետությունը ստացավ միջազգային վավերացում։
Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․
Կարդացեք նաև
Մարտերկու, 1992 – մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերել են Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:
Հիմա՝ 32 տարի անց, նախախնամության բերմամբ հռչակված Հայաստանը, ազգի ու պետության ամբողջական ինքնությունը, Սիփանը, Մռավն ու Խուստուփը, հողն ու հոգին, անցյալն ու ներկան, հայկական ժառանգությունն, ընդհանրապես, կենաց-մահու գոյամարտի մեջ են արտաքին ոսոխների եւ ներքին երեսպաշտների միացյալ ասպատակությունների դեմ հանդիման:
Մնում է պետական Հայրենիքի գերագույն խորհրդանիշը՝ Դրոշը եռագույն, որը վեր խոյացավ պատմության մեջ ճիշտ այս օրը, եւ կդառնա այդ պետության ու պատմության, անօտարելի իրավունքների եւ անբեկանելի արժեքների ինքնահանձնումը տիեզերական:
Բառերն այլեւս անզոր են, մեր բարը՝ հափշտակված: Կարճ կապենք:
Ինչ որ անելու ենք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ եւ ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, ուշացած այսօրն է:
Սերունդների կերտած Հանրապետությունը եւ նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը: