Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ «Վերահաս արհավիրք» ասելով՝ նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը․ «Հրապարակ»

Մարտ 02,2024 11:54

Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին, թե ինչու 2018-ին առաջադրվեց վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էր, որ այլեւս չի ստանձնելու ոչ մի պաշտոն։ Նա պատասխանել էր․ «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։ Այս հայտարարությունը, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը, եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարեց. «Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այդ ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-18 թթ․-ին, որովհետեւ դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը, կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաեւ ուրիշ նյուանս կար՝ ինչո՞ւ այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել ժողովրդին…»:

Չեն տեղեկացրել նաեւ իրեն` Փաշինյանին, եւ նա հարցնում է. «Էդ ո՞նց է՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետեւից գրեր, չէր կարող գրել, որ՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»։

2018-ից հետո Սարգսյանի եւ Փաշինյանի միջեւ եղե՞լ է հաղորդակցություն, ի՞նչ կենցաղային նամակագրության մասին է խոսքը՝ հարցրինք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

– Մինչ բովանդակային թեմային անդրադառնալը, նշեմ, որ կենցաղային ոչ մի նամակագրություն՝ ոչ մի բան չի եղել, որին կանդրադառնա երրորդ նախագահի գրասենյակը։ Բայց ես ուզում եմ ասել՝ Սերժ Սարգսյանից անձամբ, իր անունով երբեք նամակ չի գնացել, եւ այն, ինչ էլ որ ինքն է նկատի ունեցել, եւ շատերը ենթադրել են, որ այն նամակները բնակարանի համար են եղել, ապա ասեմ, որ այդ հարցը կենցաղային չէ` այն պետական արարողակարգ է։ Հիմա խոսենք այդ վերահաս արհավիրքից, որ ինքը մանիպուլացնում է՝ իր սովորության համաձայն։ Երբ Սերժ Սարգսյանը, մենք ասում էինք՝ «վերահաս արհավիրք», նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը եւ նրան հովանավորող ուժերին։ Նկատի ենք ունեցել, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը` որպես բանակցողի, Նիկոլ Փաշինյանով, կհանգեցնի արհավիրքի, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետականությունից ոչինչ չի հասկանում, բանակցություններից՝ առավել եւս, եւ նա պետական շահ չի կարող սպասարկել, նա շարքային պոպուլիստ է, որի մասին մենք հայտարարել ենք ի սկզբանե՝ նրա վարչապետ դառնալու օրվանից, եւ մեր ասածները, կանխատեսումները ճիշտ դուրս եկան։

Նիկոլ Փաշինյանն է դիվանագիտական պատերազմ հայտարարել ԵԱՀԿ նախագահությանը, երբ գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ․ ֆորմատը փոխեց, գնաց Ալիեւի հետ Դուշանբեում հանդիպեց, Շուշիում ինաուգուրացիայի մասնակցեց, Քոչարյանին բռնեց եւ ինչ ասես արեց, որը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայաթափմանը։ Որ ելնում հայտարարում է՝ Հանրապետականն իրեն վտանգների մասին չի տեղեկացրել, ինքը կրկին լկտիաբար ստում է։ Առնվազն ես մայիսի 1-ին՝ 2018-ին, ԱԺ-ում, իր ընտրության օրն ասել եմ՝ «գերագույն գլխավոր հրամանատարի գործը հանաք մասխարության գործ չի»։ Արմեն Աշոտյանը՝ եւս, նույն օրն ասել է․ Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, եւ Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ մարտահրավերներին դիմակայել, եւ ինքը չի ուզում, որ Նիկոլը դառնա Հայաստանի վերջին վարչապետը։ Ողջ հանրապետական ֆրակցիան իր ելույթներում՝ մայիսի 1-ին, ասում էր՝ պետության ղեկավար լինելը Նիկոլի խելքի գործը չի՝ դա միտինգ վարել չի։ Այսքանից հետո հայտարարում է, որ չենք զգուշացրել։ Բա ինչի՞ էինք դեմ քվեարկում, հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս։ Պարզ ասում էինք, որ դու չես կարող լինել բանակցող։ Հայաստանը, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, չի կարող ունենալ պոպուլիստ բանակցող, որը ոչինչ չի հասկանում՝ դաշնակիցներին սարքում է թշնամի, խեղաթյուրում է բանակցային ողջ ժառանգությունը։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031