Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը․ «Փաստ»

Մարտ 02,2024 10:31

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանադրության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031