Շատերդ, երեւի, տեսել եք լուսանկարներ կամ վավերագրական կադրեր, որտեղ պատկերված են գերմանացի սպաներն իրենց կանանց, երեխաների հետ: Ուրախանում են, երգում, պարում, տարբեր երաժշտական գործիքներ նվագում: Իսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բարձրանում է համակենտրոնացման ճամբարի վառարանների ծուխը: Մարդիկ աշխատանքն ավարտել են եւ հիմա իրենց ազատ ժամանցն են վայելում: Այս երեւույթը փիլիսոփա Հաննա Արենդտը կոչում էր banality of evil՝ չարիքի սովորական լինելը:
Արդյո՞ք այդ մարդիկ ատելությամբ էին լցված իրենց զոհերի նկատմամբ: Չեմ կարծում: Արդյո՞ք մենք հիմա պետք է ատենք այդ մարդկանց: Վստահաբար՝ ոչ: «Իսկ ո՞ւմ է պետք ատել», – կհարցնեք դուք: Իմ պատասխանն է՝ ոչ մեկին:
Միակ բանը, որը պետք է անել՝ հասկանալն է, թե ինչու էր միլիոնավոր գերմանացիների համար այդ չարիքը սովորական դարձել: Մի՞թե միայն մեկ մարդու կամ մարդկանց խմբի չար կամքով: Գերմանացիները հասկացել են, թե ինչու էր նման բան տեղի ունեցել ու այլեւս, հուսամ, այդ փոսի մեջ չեն ընկնի:
2021 թվականի հունիսին Հայաստանի քաղաքացիներից 680 հազար մարդ գնացին ընտրական տեղամասեր եւ, փաստորեն, երկրի ղեկավար ընտրեցին մի մարդու, որը, ինչպես աներկբայորեն ապացուցել էր նախորդ երեք տարիների փորձը, ընդունակ չէ երկիր ղեկավարել: Այդ անձնավորության նկատմամբ պետք է ատելությա՞մբ լցվել, անձնապես նրա վա՞տը ցանկանալ: Բնականաբար՝ ոչ: Պետք է հասկանալ, թե ինչու նա չի կարող երկրի առաջին դեմք լինել: Ինձ համար այդ հարցի պատասխանը պարզ է. որովհետեւ հասարակական կյանքի մասին նրա պատկերացումները անձնական բանսարկություններից այն կողմ չեն գնում: Նույն պատկերացումները պարտադրվում են իշխող կուսակցության վերնախավին, իշխանական քարոզչությանը եւ պետական բուրգին: Այդ՝ մեղմ ասած, նեղ-գավառական պատկերացումները դրվում են նաեւ արտաքին քաղաքականության հիմքում:
Կարդացեք նաև
Իսկ պե՞տք է արդյոք ատել, արհամարհել կամ վիրավորել այն մարդկանց, որոնք իշխանության են բերել նման վարչապետի, եւ նույնիսկ հիմա նրանցից շատերը շարունակում են այդ ղեկավարին երկրպագել: Իհարկե, ոչ: Եթե մենք ուզում ենք այլեւս այդ ծուղակը չընկել, պետք է հասկանալ, թե ինչու են մարդկանց դուր գալիս անձնական բանսարկությունները: Ինչու են մարդիկ անտարբեր իրենց հայրենակիցների ցավի նկատմամբ: Ինչու են կարծում, որ կարող են անհոգ եւ բարեկեցիկ կյանք վարել առանց հայրենիքի մի մասի:
Այդ բոլոր հարցերին բազմիցս փորձել եմ պատասխանել: Բայց հիմա ասածս այլ է. ատելությունն այն զգացմունքը չէ, որը պետք է ունենալ չարիքի նկատմամբ: Եթե ուզում եք, որ աշխարհը փոխվի, հրաժարվեք այդ զգացմունքից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չարիքը դառնում է առօրյա այն ժամանակ, երբ ազգը առօրյա կերտելու իրավունքը վստահում է ազգի տականքին։
Իսկ “ребята, давайте жить дружно” կոչը ազգի բախտորոշ պահերին կիրառելը կարծում եմ օգտակար չի կարող լինել։
Այսօր սեւ պոզուպոչավոր ուժերն են օրակարգ պարտադրում աշխարհին, սա նշանակում է, որ աշխարհի արդար լուծումների սպասումներն անիմաստ են, մենք դա մեր կաշվի վրա շատ լավ զգացել ենք եւ զգում ենք: Այդ սեւ պոզուպոչավորի ուժը մեր միջի սեւ գծերն են՝ ընտրակաշառք, վախ, անհավատություն, վհատություն, անգործություն, հույսն ուրիշի վրա դնելը: Եթե մենք ինչ որ հրաշքով մեր միջի այդ սեւ գծերը փոխարինենք սպիտակ գծերով՝ սեր, հավատ, ոգեղենություն, արարչագործություն, մենք մեր սպիտակ գծերով ուժ կտանք Արարչին եւ պոզուպոչավորն իրեն հետեւորդներ կփնտրի մեզնից դուրս: Ոչ մեկս էլ բացարձակ այլասերված կամ բացարձակ սուրբ չենք, բայց սեւ թե սպիտակ ուժի ընտրության ժամն է եկել: Եթե ոչինչ չանենք, կգնանք սեւի օրակարգով եւ կվերանանք: Եթե գործենք ու պայքարենք սիրով, մարդկությանը կպարտադրենք Արարչի օրակարգը եւ կփրկվենք մենք եւ կփրկենք մարդկությանը: Բոլորս դեպի պարտադիր քաղաքացիական ծառայություն՝ քաղաքացիական բանակ: Սա նույն ռազմական բանակի սկզբունքներն են, որտեղ ծառայում են, կրթություն եւ դաստիարակություն ստանում, կոչում եւ պաշտոն ստանում եւ կարիերայի վերելակով բարձրանում իշխանական բուրգի վերին հարկերը: Մըտածել է պետք: