Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում. «Փաստ»

Մարտ 02,2024 09:55

Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է, աղմկահարույց պաշտոնանկություններն, ու, ըստ իրավիճակի, ճաշակի և անհրաժեշտության, իրենց իսկ հարկադրված բացահայտումները բոլորովին հակառակի մասին են վկայում, բայց դրան դեռ կվերադառնանք: Նախ՝ կոռուպցիայի մասին: Որքան էլ որ դա ցավալի է արձանագրելը, բայց փաստը մնում է փաստ, որ արդի կոմունիկացիաների, «խելացի հեռախոսների», «արհեստական բանականության» մեր ժամանակներում տակավին կան հայրենակիցներ, որոնց կարծիքով՝ «կոռուպցիան» ընդամենը կաշառակերությունն է:

Այսինքն, որ ասում են՝ «կոռուպցիա», նրանք հասկանում են որևէ պաշտոնյայի կողմից (մանր, միջին, խոշոր՝ կարևոր չի) կաշառք վերցնելը: Այնպես չէ, թե մեր հայրենակիցները սխալ են պատկերացնում. կաշառքը, կաշառակերությունը, այո, կոռուպցիոն հանցանք է: Բայց միայն կաշառքը չէ, որ կոռուպցիա է: Կոռուպցիան, մեծ հաշվով, իշխանության, պաշտոնի ընձեռած լծակների, լիազորությունների, կապերի, հնարավորությունների չարաշահումն է, այն է՝ ի շահ անձնական նպատակների (հարստացման, բայց ոչ միայն նյութական շահեր կարող են լինել), նաև խմբակային նպատակների ծառայեցնելը: Փաշինյանը կուրծք է ծեծում, թե կոռումպացված չեն: Ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ…

Հարց. Փաշինյանի, իր նախարարների, պատգամավորների, այսպես ասենք՝ ՔՊ վերնախավի ազգականներից, բարեկամախնամիական կապեր ունեցողներից, մերձավոր հայրենակիցներից այսօր քանի՞սն են պետական իշխանության ամենատարբեր օղակներում: Եթե հաշվելու լինենք, կարող է մի ահռելի թիվ ստացվել: Սա հենց այն կոռուպցիոն դրսևորումն է, որը պատկերավոր կոչում ենք ԽԾԲ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», իսկ, առհասարակ, սա հենց հովանավորչություն է:

Կոռուպցիոն այս դրսևորման հետևանքը պետական կառավարման համակարգի, պետական մարմինների դեգրադացիան է, քանի որ բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում են սրա-նրա ծանոթները, մտերիմները, հարազատները, ԽԾԲ-ները՝ մի խոսքով: Ուշադրություն դարձրեք՝ դեռ չենք խոսում պետական համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր քպական լինելու գործոնի մասին: Այսինքն, անկարևոր են դառնում մասնագիտական ունակություններն ու անհատական որակները, փոխարենը՝ գնահատվում են խմբակայնությունը, յուրայինությունը: Եթե նույնիսկ նման վայ-պաշտոնյաները, այսպես ասենք, «ձեռքից մաքուր» լինեն, ինչը անհավանական է, ապա, միևնույնն է, նման կոռումպացվածությունը մեծ վնաս է հասցնելու և հասցնում թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը:

Կոռուպցիա չկա՞: Լո՞ւրջ: Իսկ ինչի՞ մասին են վկայում «մեկ անձից» գնումները: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակ «չեմպիոն» է՝ պետական միջոցները այդ տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթների, «մեկ անձից գնումներով» ծախսելու հարցում: Դա ուղիղ գծով այն է, ինչը կոչվում է՝ «կոռուպցիոն ռիսկ»: Հա, ու երբ Փաշինյանը պետական միջոցներով կառուցվող-կահավորվող մարզադպրոցներից մեկում ոլորում էր հեռուստաաստղ դարձած ցնցուղը, դա հենց նրա իսկ արմատավորած կասկածելի գործելակերպի կոռուպցիոն հետևանք էր: Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում: Սակայն այդտեղ ցնցուղ ոլորող Փաշինյանը ոչ թե «հերոս» է, այլ հենց հակահերո՛սն է, քանի որ նման կոռուպցիոն ռիսկեր հնարավոր են եղել ու, կներեք, «ցնցուղվել» են ամենից առաջ նրա իսկ որդեգրած «մեկ անձից գնման» գործելակերպի հետևանքով: Հիմա, միգուցե, մեկնումեկը կասի՝ «…բայց, տեսա՞ք, էկոնոմիկայի նախարարության դեպքը, որ բացահայտվեց…»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031