Լրահոս
Օրվա լրահոսը

Կվիճարկվի, թե դատախազը վարույթի նյութերը ինչու չի հանձնել դատարան, արդյոք դա սահմանադրական է

Մարտ 02,2024 12:00
sd

Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ 2024 թվականի փետրվարի 27-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ Ռոման Կանդիլյանի դիմումի քննությունը նշանակել է մարտի 12-ին, ժամը 11:00-ին: Մեկ անգամ այս գործով հետաձգվել էր քննությունը:

Ռոման Կանդիլյանը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի (լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, եւ դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան) եւ 285-րդ հոդվածի 1-ին մասի (Եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանն իրավասու է համապատասխան որոշում կայացնելով լուծել դրա անհuտակությունները, եթե նման լուծումը չի փոխում դատական ակտի էությունը), Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

«Առավոտի» տեղեկություններով՝ դիմումատուն «անցնում» է իր եղբայրների` Կարեն եւ Հայկ Կանդիլյանների, Խաչիկ Ներսիսյանի, Խաչիկ Քալաշյանի, Արման Աբրահամյանի, Սերոբ Դավթյանի դեմ հարուցված քրեական գործով: Նշեմ, որ մարտի 28-ին էլ նշանակվել է նրանց գործով նախնական դատական նիստ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ն. Բաղդասարյան):

Դատական տեղեկատվական համակարգը տեղադրել է մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը, համաձայն որի՝ Ռոման Կանդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայրներ Կարեն եւ Հայկ Կանդիլյանների, «Խաչ Պրո» ՍՊ ընկերության տնօրեն Խաչիկ Ներսիսյանի, «Գեո Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Սերոբ Դավթյանի, «Ֆուդ Իքս» ՍՊ ընկերության տնօրեն Խաչիկ Քալաշյանի եւ «Սիթի Ֆուդ» ՍՊ ընկերության տնօրեն Արման Աբրահամյանի հետ նախքան հանցանքն սկսելը ձեռք բերված պայմանավորվածությամբ ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ մտցնելով եւ խաբեության այլ դրսեւորմամբ՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդների (նշվում է 4 անուն-ազգանուն) օժանդակությամբ Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել է հագուստներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով՝ 267.974.520 դրամի ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելուց:

Թիվ ԵԴ/1184/01/23 (58242522) քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Կարեն Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Հայկ Կանդիլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Խաչիկ Ներսիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Սերոբ Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Խաչիկ Քալաշյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ Արման Աբրահամյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 2023 թվականի օգոստոսի 18-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ այն ստացվել էր 2023 թվականի օգոստոսի 23-ին:

Կալանքի հետ կապված մի անգամ դատավորը որոշում էր կայացրել գործը վերադարձնել հսկող դատախազին՝ խափանման միջոցի հարցը քննարկելու եւ գործը կրկին դատարան հանձնելու նպատակով:

Սովորաբար, երբ քրեական գործերով կողմերը դիմում են Սահմանադրական դատարան, այդ մասին դատարանն իրազեկված է լինում, այս դեպքում, դատարանն իրազեկված չէր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031