Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում են՝ Տիրան Խաչատրյանը գեներալ է, Ազգային հերոս է, կազդի վկաների վրա, մարդու դրական հատկանիշները մեկնաբանվում են՝ ի վնաս իրե՞ն». Փաստաբան

Մարտ 01,2024 20:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ:

Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ  վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝  ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:

Նիստում Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել՝ ասելով, որ Եվրոպական դատարանը առաջնորդվում է ազատության սկզբունքով: Հանրային մեղադրողը նշեց, որ Տիրան Խաչատրյանը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մեղադրյալների, ինչպես նաեւ վկաների վրա, ուստի այդ հիմքով հորդորեց կալանքը թողնել անփոփոխ:

Տիրան Խաչատրյանի պաշտպանն արձագանքեց, որ չի նշվում, թե ինչի՞ց է հանրային մեղադրողը ենթադրում, որ Խաչատրյանը պատշաճ վարքագիծ չի դրսեւորի ու կխոչընդոտի գործի քննությանը կամ փախուստի կդիմի: Նա վստահեցրեց, որ տեղի է ունեցել ոչ թե խուլիգանություն, այլ միջանձյա վեճ, որովհետեւ երբ Տիրան Խաչատրյանը դեպքի վայրից հեռացել է, ոչինչ չի կատարվել, չկա հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, հասարակական կարգի խախտում: Բացի այդ, նա նշեց, որ վկաները ցուցմունքներում չեն մեղադրել Տիրան Խաչատրյանին, նրանց ցուցմունքները արդարացնող են, ուստի ասել, որ նա, ազատության մեջ գտնվելով, ազդեցություն կթողնի վկաների վրա իրավաչափ չէ:

Նա ասաց, որ միջադեպի ժամանակ հնչել են հայհոյանքներ, այո, հասարակական անդորր է խախտվել այդ ընթացքում, բայց դա խուլիգանություն չի կարող որակվել, որովհետեւ չկա դիտավորություն:

Տիրան Խաչատրյանի մյուս փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը աբստրակտ է:

Խոսքը մեղադրանքի այս հատվածի գեղարվեստական նկարագրության մասին է. «Տիրան Խաչատրյանը, հացատան բակում իր անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, որևէ մեկի կողմից իր հանդեպ նման վարքագիծ դրսևորելու դեպքում վերստին, շատ կոշտ ու ծանր հետևանքներով հանդերձ ցուցադրաբար պատասխան տալու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, Տիրան Խաչատրյանը, Նորայր Ավանեսյանը, Աքսեն Սաֆարյանը և նրանց միացած Գարիկ Հայրապետյանը շարունակել են իրենց խուլիգանական գործողությունները»:

Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ինչքան աբստրակտ է մեղադրանքը, այնքան էլ աբստրակտ է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ կալանքը թողնելու ուժի մեջ. «Երբ քննիչին ու հանրային մեղադրողին խնդրում էինք, ասում էինք մի փաստ բերեք, թե ինչով է հիմնավորվում գործի քննությանը խոչընդոտելու պահը, մեր տասը խնդրանքից հետո ասացին՝ գիտեք ինչ կա, ընդհանուր ծանոթներ են, ընկերներ են, Տիրան Խաչատրյանը գեներալ է, Ազգային հերոս է: Որերորդ անգամ մարդու դրական հատկանիշները մեկնաբանվում են՝ ի վնաս իրեն: Ովքե՞ր են ընկերներ, Տիրան Խաչատրյանի ընկերները դահլիճում են նստած ու գործի հետ կապ չունեն»:

Փաստաբանը դատարանին փոխանցեց նաեւ Տիրան Խաչատրյանի կնոջ վերաբերյալ բժշկական հետազոտության փաստաթուղթ, ասաց, բժշկական գաղտնիք է, դատարանում չի բարձրաձայնի խոսքը ինչի մասին է, բայց դատավորն էլ է տեսնում, որ նա խնամքի կարիք ունի. «Տիրան Խաչատրյանը կնոջը, որ առողջական խնամքի կարիք ունի, թողնի, որ ի՞նչ լինի, որ չդատվի՞ մի անհեթեթ մեղադրական եզրակացության հիման վրա: Մենք ժամերն ենք հաշվում, որ անցնենք մեղադրանքի քննությանը, որ տեսնենք ի՞նչ է տակը մնում»:

Խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների մասին որոշումը կհրապարակվի մարտի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031