Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմից պնդում են, որ գումար չկա տան վարձը մուծելու, մյուս կողմից ասում են` ընկերները կարող են 1 մլն գրավը տալ». Տիրան Խաչատրյանի գործով դատը

Մարտ 01,2024 20:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ: Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ  վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով:

Այնուհետև, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝  ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:

Նիստի ժամանակ մեղադրյալ Աքսեն Սաֆարյանի փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանքում, ի թիվս այլ գործողությունների, վերագրված է, որ նա հարվածներ է հասցրել Տիրան Խաչատրյանին. «Նրանց միջեւ ձեռք է բերվել հաշտություն գրավոր համաձայնությամբ, որին ներկա եմ եղել նաեւ ես»:

Նա դատարանին հորդորեց այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել եւ քննություն չիրականացնել: Փաստաբանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով, որ Աքսեն Սաֆարյանը մեկ այլ հանցագործություն կատարելու մեջ է մեղադրվում, քրեական գործով է անցնում, դատական գործը քննվում է Սյունիքի դատարանում, քննիչը համարել է, որ նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդումը շարունակվի, որովհետեւ նա չի համարվում առաջին անգամ հանցանք կատարած անձ: Ռոման Երիցյանը մեջբերեց սահմանադրական նորմը՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ. «Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչու է նախաքննության մարմինը համարում Աքսեն Սաֆարյանին ոչ առաջին անգամ հանցանք կատարած անձ»:

Դատավորն ասաց, որ միջնորդության վերաբերյալ պետք է հետազոտի, թե ինչ փուլում է գտնվում Սյունիքի դատարանի գործը, հաշտության համաձայնագիրը, նոր որոշում կկայացնի հիմնական դատալսումների փուլում:

Փաստաբանը հայտարարեց, որ այդ որոշումը կարող էին հետաձգել, եթե ապացույց հետազոտելու կարիք լիներ, բայց Datalex.am կայքում հասանելի է ողջ տեղեկատվությունը եւ այդ գործով չկա ոչ մեղադրական վերդիկտ, ոչ դատավճիռ: Բացի այդ, այն, որ հաշտությունը կա, դրա մասին դատարանում հայտարարում է նաեւ Տիրան Խաչատրյանը: Դատավորն ասաց, որ իր որոշումն արդեն կայացրել է:

Նորայր Ավանեսյանի փաստաբանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը գաղթել է Արցախից, yandex ծառայությունում գրանցված է՝ որպես տաքսու վարորդ, իր ընտանիքի կենսապահովման պայմաններն ինքն է հոգում: Նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը՝ որպես խափանման միջոց: Բայց եթե այսպես շարունակվի, ընտանիքը ծանր կացության մեջ կհայտնվի, ապրում են վարձակալությամբ, կզրկվեն նաեւ տնից՝ չկարողանալով վարձը տալ:

Հանրային մեղադրողն ասաց, որ երբ Վերաքննիչը սահմանել է տնային կալանքը, պաշտպանի կողմից չի եղել որեւէ դիրքորոշում, ուստի խնդրեց խափանման միջոցը թողնել անփոփոխ. «Ասվեց, որ սուղ միջոցներ ունի, դրան հակառակ նշվեց, որ ընկերները կարող են օգնել մինչեւ 1 մլն դրամ գրավը մուծելու համար: Սրանք իրար հակադրվող են, մի կողմից պնդում են, որ գումար չկա տան վարձը մուծելու, մյուս կողմից ասում են, որ ընկերները կարող են օգնել, այդ նույն պարագայում ընկերները կարող են օգնել նաեւ տան վարձը տալու առումով»:

Պաշտպանը հակադարձեց՝ ասելով, որ գրավի գումարը չսպառվող միջոց է, այն վերադարձվելու է գործի քննության ավարտից հետո: Ինչ վերաբերում է կենցաղային պայմանները ապահովելուն, դա առանց աշխատելու հնարավոր չէ, որովհետեւ անձը իր ամբողջ ունեցվածքը թողել է Արցախում ու մի մեքենայով իր ընտանիքի հետ եկել:

Դատավորը Նորայր Ավանեսյանին հարցրեց՝ պատրա՞ստ է 1 Մլն դրամ գրավը վճարել: Նա պատասխանեց. «Ես չեմ տալիս, ընկերներս են ասել, որ տալու են: Դե երեւի, որ ասում են, կտան»:

Խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների մասին որոշումը կհրապարակվի մարտի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031