Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապիտալի արտահոսք

Մարտ 01,2024 19:40

Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

2022 թվականն աննախադեպ տարի էր ֆիզիկական անձանցից դեպի հայկական բանկեր փոխանցումների աճի առումով, դրանք աճել են 2,5 անգամ՝ 2,1 մլրդ դոլարից հասնելով 5,2 մլրդ դոլարի։ 2022 թվականին արտարժույթի ներհոսքը բանկային համակարգ աճել է 2,5 անգամ, իսկ արտահոսքը՝ 2.1, զուտ ներհոսքը 2022 թվականին աճել է գրեթե 3 անգամ՝ 0.9 մլրդ դոլարից մինչև 2.9 մլրդ դոլար։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից ստացված բանկային փոխանցումներով, որոնք քառապատկվել են՝ 865 մլն դոլարից հասնելով 3,6 մլրդ դոլարի։ Արդյունքում Հայաստան է փոխանցվել զգալի գումար՝ հիմնականում դոլարով, ինչը հանգեցրել է դոլարի առաջարկի աճին, ինչպես նաև նպաստել 2022 թվականի ապրիլ֊հունիսին գրանցված դրամի ամրացմանը, երբ դոլարը 480 դրամից դարձավ 405 դրամ։

Գծապատկեր 1. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (տարեկան, մլրդ դոլար)

Կապիտալի այսպիսի մեծ ներհոսքի արդյունքում Հայաստանի առևտրային բանկերը 2022թ-ին արձանագրել են 255.6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավել է, քան նախորդ տարի: Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 62.2 մլրդ դրամ: Այսինքն բանկային համակարգը 2022 թվականին արձանագրել է 0.58 մլրդ դոլարի շահույթ։ Քանի որ Հայաստանում գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը բանկային համակարգ մտած դրամական միջոցները հիմնականում ներդրվեցին շինարարություն։

2023 թվականի կտրվածքով բանկային փոխանցումները 2023 թվականին գրանցել են 9.7 տոկոս աճ՝ 2022 թվականի զգալի 2,5 անգամ աճի համեմատ: Տարեկան 9.7 տոկոս աճը առաջին հայացքից վկայում է աճի մասին, սակայն եթե դիտարկենք ամսական կտրվածքը (գծապատկեր 2), ապա հստակ երևում է, որ 12-ամսվա դրամական փոխանցումների պիկային կետը գրանցվել է 2023 թվականի մայիսին՝ 6.4 մլրդ, որը 11 տոկոսով պակաս է տարեվերջյան 5.7 մլրդ դոլար դրամական ներհոսքի ցուցանիշից։ Բանկային համակարգից դուրս եկած գումարները աճել են 55 տոկոսով՝ հասնելով 4 մլրդ դոլարի։ Զուտ ներհոսքը կրճատվել է 36 տոկոսով՝ 2.6 միլիարդից մինչև 1.6 միլիարդ դոլար։ Նշենք նաև, որ դեռևս 5 ամիս առաջ մեր կողմից կանխատեսվել էր բանկային համակարգ մտած դրամական միջոցների կրճատում։

Գծապատկեր 2. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (12 ամսվա կտրվածքով, մլրդ ԱՄՆ դոլար)

Փաստացի 2023 թվականին գրանցվել է կապիտալի արտահոսք ու նույն տենդենցը այլ հավասար պայմաններում շարունակվելու է 2024 թվականին։ 2023 թվականին բանկային համակարգի զուտ շահույթը կրճատվել է 9 տոկոսով՝ դառնալով շուրջ 230 մլրդ դրամ:

Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների 69,3 տոկոսը (3 946 մլն դոլար) ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, 11,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից (663 մլն դոլար): 2023 թվականին Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների 81.4 տոկոսը եղել են ոչ առևտրային նպատակներով։ Դիտարկենք նաև առանձին ՌԴ-ից կատարված բանկային փոխանցումները (գծապատկեր 3)։ Ինչպես երևում է գծապատկերից մինչև 2022 թվականը փոխանցումների գերակշիռ մասը ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտներն էին, իսկ 2022 թվականից սկսած փոխանցումների գերակշիռ մասը ունեն կոմերցիոն բնույթ։ Նշեմ նաև, որ ոչ կոմերցիոն տրանսֆերտներ / ՀՆԱ հարաբերությունը անկում է ապրել և 2023 թվականին ռեկորդային ցածր 6 տոկոսի մակարդակի վրա է։

Գծապատկեր 3. Ռուսաստանից ստացված ոչ կոմերցիոն և ընդհանուր բանկային փոխանցումները (ամսական կտրվածքով, մլն ԱՄՆ դոլար)

Քանի որ բանկային փոխանցումները զգալի ազդեցություն ունեն բանկային համակարգի զուտ շահույթի և որպես հետևանք առողջական վիճակի վրա, դիտարկենք նաև բանկային փոխանցումների հաջորդ 2 տարիների կանխատեսումները։ Դիտարկվել է ժամանակային շարքի կանխատեսման 2 մոդել՝ էքսպոնենցիալ հարթեցում (ets) և սեզոնային-թրենդային դոկոմպոզիցիա (stlm), որոնք կիրառվել են ամսական ցուցանիշների վրա և համախմբվել 12 ամսյա կտրվածքով։

Գծապատկեր 4. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական հոսքերի կանխատեսում (12 ամսվա կտրվածքով, մլրդ ԱՄՆ դոլար)

Ինչպես երևում է կանխատեսումներից, 2024 թվականին բանկային փոխանցումները կրճատվելու են մոտ 7 տոկոսով՝ 5.7-ից, ամենայն հավանականությամբ, հասնելով մոտ 5.3 մլրդ դոլարի։ Բանկային համակարգից արտահոսքը կայունանալու է և գրեթե նույն մակարդակի վրա է գտնվելու ինչ` 2023 թվականին։ Բանկային համակարգի զուտ ներհոսքը 2024 թվականին կարող է կրճատվել հավելյալ 21 տոկոսով։

Աղյուսակ 1. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ և կանխատեսում

Մեր կողմից ուսումնասիրված տվյալներից շատերի մեջ առկա են տնտեսական հնարավոր անկման նախանշաններ։ Այդ ցուցանիշներից մեկը այլ պետություններից ստացվող բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումներն են` կատարված ֆիզիկական անձանց կողմից։ 2023 թվականի կեսից սկսված կապիտալի արտահոսքի շարունակությունը ներկայացնում են հստակ ռիսկ բանկային համակարգի զուտ շահույթի ապահովման և առողջության տեսանկյունից։ Քանի որ բանկային համակարգի միջոցով փոխանցումները և բանկային համակարգի զուտ շահույթը փոխկապակցված են, կարելի է ենթադրել, որ 2024 թվականին նույնպես գրանցվելու է բանկային համակարգի շահույթի կրճատում։ Սա հստակ մարտահրավեր է մեր տնտեսության համար 2024 թվականին և չպետք է թույլատրել, որ նախորդ 2 տարիներին հիմնականում ռուսական կապիտալի արտահոսքով ապահովված զգալի տնտեսական աճը մթագնի իրական պատկերը։ Մոտակա 1 տարվա կտրվածքով բանկային համակարգին ու տնտեսությանը կարող է սպառնալ ցնցում։ Հատկապես երբ կապիտալի մեծ մասը Հայաստանի ներսում ներդրվել է շինարարության վրա և Համաշխարհային բանկը 2024-ին կանխատեսում է գլոբալ տնտեսության հակառեկորդ, ըստ որի համաշխարհային տնտեսության աճն այս տասնամյակի առաջին կեսում կարող է ամենաթույլը լինել վերջին 30 տարիների ընթացքում։ Անհրաժեշտ է ռեալ գնահատել մեր տնտեսական հնարավորությունները։

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031