Քննարկվել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը լավ առիթ է հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում համատեղ անելիքները քննարկելու համար: Նախարարն ընդգծել է՝ մշակութային առումով տարին հոբելյանական է՝ առաջարկելով նաև այդ համատեքստում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը:
Կարդացեք նաև
Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը փոխանցել է երկրի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հավաստիացումն առ այն, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով և օրինակ են եղել նմանօրինակ միջոցառումների իրականացման առումով: Դեսպանն ընդգծել է՝ Թուրքմենստանում ՀՀ Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը շատ սպասված միջոցառում է : Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը թուրքմեն ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը:
Առաջարկվել է դիտարկել միջոցառումներն այս տարվա աշնանն անցկացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Մասնավորապես՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովումը համատեղ կրթական հետազոտականնախագծերի, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով։
Ընդգծվել է նաև երկու պետությունների կոնսերվատորիաների և տնտեսագիտական համալսարանների Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Երևանի պետական և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացման անհրաժեշտությունըկարևորությունը:
Թուրքմենական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել դիտարկելու երկու երկրների տնտեսագիտական պետական համալսարանների միջև համագործակցության եզրեր գտնելու հնարավորությունը: Դեսպանը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի փորձին դպրոցականների շրջանում օլիմպիադայի կազմակերպման բնագավառում, որը հիմք կհանդիսանա նաև հետագա փոխհամագործակցության զարգացման համար:
Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանը կարևոր ուղղություն է նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում պարբերաբար կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ, մասնակցում միջազգային մրցաշարերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ