ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ՝ այսօր Գյումրիում էին Եվրոպական միության անդամ պետությունների մի քանի դեսպաններ։ Իրենց բառերով ասած՝ գեղեցիկ այս քաղաքում հյուրընկալվել էին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջաափ Ֆրեդերիքսը, Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն։
Նրանք եկել էին մասնակցելու Եվրաակումբի պաշտոնական բացման արարողությանը, որը կազմակերպել էր «Հայաստանում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համատեղ։
Կարդացեք նաև
Եվրաակումբը հնարավորություն կընձեռի Գյումրու և հարակից բնակավայրերի երիտասարդներին զարգացնել իրենց հմտությունները, բացահայտել ԵՄ-ի կողմից առաջարկվող կրթական, երիտասարդական ու մի շարք այլ ծրագրեր։«Եվրաակումբ Գյումրին» բացվեց միջազգային կառույցների հետ աշխատանքային մեծ փորձ ունեցող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում։
Տոնակատարությունը՝ հայկական պարերի ու ազգային ուտեստների հյուրասիրմամբ, շարունակվեց Ձիթողցոնց տուն-թանգարանում։
Կարմիր ժապավենը կտրելուց առաջ ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ասաց․ «Հույս ունեմ, որ այս վայրը կդառնա հարթակ երիտասարդների համար՝ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու, մոտենալու Եվրոպային, Եվրոպական միության հնարավորություններից տեղեկանալու»։
Մեզ հետ զրույցում դեսպանը նշեց, որ ակումբը բացվել է Եվրամիության աջակցությամբ, և որ ավելի քան 150 երիտասարդ եվրոպական դեսպաններ ունեն Հայաստանի ցանցում, բոլորը համատեղ աշխատում են, իսկ իրենք տարածք են տրամադրում՝ հնարավորություններ, գործընկերություն ստեղծելու, նրանց ներգրավվելու ու Հայաստանն ապագայի համար ավելի լավը դարձնելու համար։
Նշենք, որ սա երրորդ Եվրաակումբն է Հայաստանում, առաջինը բացվել է Օշականում, երկրորդը՝ Վայքում։
Վասիլիս Մարագոսը եվրաակումբները համարեց հրաշալի նախաձեռնություններ ու վստահություն հայտնեց, որ «Եվրաակումբ Գյումրին» ավելի ակտիվ է լինելու, քանի որ Գյումրին ստեղծարարության տեսանկյունից Հայաստանի ամենակարևոր վայրերից է։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր ելույթում կատակեց՝ ասելով, թե Գյումրին հետաքրքիր նախաձեռնությունների իրագործման առաջամարտիկն է, հետևաբար և զարմացած է՝ այդ ինչպես է ստացվել, որ Գյումրին դարձել է երրորդը։
«Իրականում մեր քաղաքի համար շատ կարևոր է ունենալ նման ակումբ, երիտասարդները շփվեն, մշակույթին ծանոթանան։ Այսօրվա գարնանային պայծառ օրվա պես թող միշտ պայծառ լինեն մեր հոգիները ու կարողանանք Եվրաակումբով ու մյուս հարթակներով Եվրոպայի հետ էլ ավելի լավ շփվել», -ասաց քաղաքապետը։
Ելույթ ունեցան Գյումրիում հյուրընկալված բոլոր դիվանագետները՝ իրենց մաղթանքները ներկայացնելով։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրաակումբը Գյումրիում։
«Դեռ 2011 թվականին առաջին մեր նախաձեռնությունն էինք իրականացրել, որի շրջանակներում ոչ ֆորմալ ակումբ էինք բացել՝ անունը Եվրաակումբ։
4 տարի աշխատելով՝ մեծ թվով պատանիներ և երիտասարդներ հնարավորություն ունեցան ոչ միայն մանրամասն ծանոթանալ եվրոպական կառույցների գործառույթներին, այլ նաև «Էրամզուս +» ծրագրի շրջանակներում այցելել Եվրոպական միության 28, այժմյան 27 պետություններ։
Այդ ժամանակ մեր տեղական ինքնակառավարման մարմինները ու նախարարությունը մեզ կոչում էին Եվրամիության դեսպանության փոքրիկ պատվիրակություն Գյումրիում։ Մեզ համար դա մի քիչ անհասկանալի էր, հիմա ավելի քան հասկանում ենք, որ այո՛, մենք այդ առաքելությունն իրոք կատարել ենք և մեծ ուրախությամբ ու սիրով այսօր արդեն Գյումրիում՝ մեր գրասենյակում, պաշտոնապես հյուրընկալում ենք Եվրաակումբը։
Ջանալու ենք, որ մեր երիտասարդ դեսպանները մեր կազմակերպության կողմից ստանան աջակցություն, որպեսզի կարողանանք միասին Հայաստանում բերել այն դրական փոփոխությունները, որոնց մասին երազում ենք», -ասաց Արթուր Նաջարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ