Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ: Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝ ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:
Կարդացեք նաև
Դատարանում Տիրան Խաչատրյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը, Արմեն Անդրիկյանը, Վաչե Սիմոնյանը:
Այսօր նիստում դատավոր Դիանա Ղուկեյանը նախ ճշտեց Տիրան Խաչատրյանի անձնական տվյալները՝ հաշվառման հասցե, ամուսնական կարգավիճակ, հարցրեց ազգային հերոս լինելու փաստի մասին:
Գործով որպես մեղադրյալ են անցնում Նորայր Ավանեսյանը, Աքսեն Սաֆարյանը եւ Գարիկ Հայրապետյանը։
Վերջիններիս պաշտպան՝ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, երբ դատարանում ներկայացավ, դատավորը հարցրեց՝ ինչո՞վ է արդարադատության շահը դրսեւորվում: Փաստաբանը, չլսելով հարցը, արձագանքեց «տնավարի». «Հա ջա՞ն»: Սա ծիծաղ առաջացրեց դատարանի դահլիճում, իսկ դատավորը հորդորեց իրեն դիմել բացառապես «պատվարժան դատարան»: Բացի այդ, փաստաբանը դատարան էր եկել գլխարկով, դատավորը ճշտեց՝ առողջական խնդի՞ր ունեք: «Հա, դրա համար եմ գլխարկով»,- պարզաբանեց նա:
Նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու, փոխելու, վերացնելու հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ