Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում են՝ մինչեւ քաղաքացիություն չընդունեք, չենք տալու գումարը». «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ

Մարտ 01,2024 17:55

Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների պատճառով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բողոքի ցույց են անում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ, նրանք դժգոհ են կառավարության բնակապահովման ծրագրից։

« Կառավարությունը 3 միլիոն դրամ աջակցություն է ուզում տրամադրել արցախցիներին՝ բնակարան ձեռք բերելու համար, այն էլ՝ չափահասներինը վերադարձնելու պայմանով: 3 մլն դրամով, սակայն, հնարավոր չէ ինչ-որ բան ձեռք բերել, թեկուզ 4 հոգանոց ընտանիքի դեպքում՝ 12 մլն դրամով: Մենք հույս ունեինք, որ գոնե 4-5 մլն դրամ կտրամադրեն, այդպես էլի ինչ-որ կերպ հնարավոր էր մի բան գնել: Անցյալ անգամ կառավարության քննարկումներին ես էլ էի մասնակցում: Բայց ինչ հնչեցրել ենք այնտեղ, հաշվի չի առնվել: Ընդ որում, տարբեր տեսակետներ ենք հնչեցրել, որոնցից մեկն էլ հետեւյալն էր՝ որպեսզի բնակչությունը չպակասի, համայնքներ կառուցեն»,-նշեց ցույցի մասնակիցներից մեկը:

«Մարդիկ, երբ գնում են աշխատանքի ընդունվելու, զինգրքույկ են պահանջում, գնում են զինկոմիսարիատ, այնտեղ ասում են՝ պիտի քաղաքացիություն ձեռք բերես, որ հարցում կատարենք ու տեղեկանք կամ զինգրքույկ տրամադրենք: Սա սխալ որոշում է, եթե փախստականի կարգավիճակ են տրամադրել, անձնագրի մեջ հաշվառման կնիքը կա, իմաստը ո՞րն է նման քաշքշուկների….Նման վերաբերմունքը վտանգներ է պարունակում, որ բնակչությունը ստիպված դուրս է գալու, բայց կառավարության թիվ մեկ խնդիրը այն պետք է լինի, որ բնակչությունը մնա Հայաստանում եւ շատանա, ոչ թե եղածն էլ պակասի»,-ասաց ցույցի մասնակից արցախցին:

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն ասաց, որ մարդիկ հավաքվել են իրենցից՝ ՀԿ-ներից տեղեկություններ ստանալու համար: Նա տեղեկացրեց, որ ՀԿ-ներին հանդիպման է հրավիրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը. «Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվել էինք, որ մեկ անգամ էլ պետք է հանդիպենք վերջնական տեսքի բերելու համար արցախցիների՝ տուն ձեռք բերելու համար առաջարկը: Նախնական տեքստը կամ իրենց կողմից վերջնականացրած տեքստը, որ կարդում ենք, այնտեղ համարյա ոչ մի լավ բան չենք տեսնում: Դրա համար էլ մարդիկ հավաքվել են, ուզում են իմանալ՝ արդյոք կառավարությունը կլսի՞ իրենց…Տեքստում գրված է, որ 3 միլիոն են տալու, անչափահասներին՝ անվերադարձ, չափահասներին՝ վերադարձով:

3 միլիոնով Երևանում այսօր միայն արեւածաղկի սերմ կարելի է առնել, այդ գումարը ձեռ առնել է նշանակում, երկրորդը՝ նման պայմաններում չափահասներն ինչպե՞ս պետք է վերադարձնեն այդ գումարը, եւ երրորդ՝ ասում են մինչեւ քաղաքացիություն չընդունեք, չենք տալու գումարը: Այսինքն, մեզ այդ դրամը ցույց են տալիս, որ ստիպեն քաղաքացիություն ընդունենք, հենց ընդունենք, էդ դրամը նորից հետ խլեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031