Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին զորքերի կողմից, ապրիլի 16-ին կիրառվել է չորս նռնակ, բայց այդտեղ՝ չորսից ավել է կիրառվել, տեսաժապավեններում երեւում է». Լեւոն Երանոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ

Մարտ 01,2024 17:35

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով որեւէ տուժող այսօր չէր ներկայացել նիստին, թեեւ բոլորը պատշաճ ծանուցված էին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ՝ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլի 16-ին, ապա 22-23-ին Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցում բախումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառելու մասին է: Լեւոն Երանոսյանը չի ընդունում ՀՔԾ-ի մեղադրանքը:

Այսօր դատարանում Լեւոն Երանոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Մեղադրող դատախազն էլ միջնորդեց հրապարակել Լեւոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքները: Միջնորդությունը բավարարվեց:

Նախաքննության փուլում մի քանի հարցաքննություն է տեղի ունեցել: Առաջին անգամ Լեւոն Երանոսյանը նույնպես հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունք տալուց: Իսկ երկրորդ անգամ հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը եւ ոստիկանության բոլոր գործողությունները, այդ թվում՝ նաեւ հատուկ միջոցների կիրառումը, համարել է իրավաչափ եւ համարժեք՝ ստեղծված իրավիճակին: Հաջորդ հարցաքննության ժամանակ Լեւոն Երանոսյանը մասնավորապես ասել է, որ ինքն ընդամենը մեկ նռնակի կիրառման դեպք է հիշում, այսինքն՝ մյուս նռնակներն ինքը չի կիրառել:

Այսօր դատարանն անդրադարձավ նաեւ պաշտպանական կողմի միջնորդությանը՝ Նիկոլ Փաշինյանին, Հունան Պողոսյանին եւ Վալերի Օսիպյանին որպես վկա դատարան՝ հարցաքննության կանչելու մասին:

Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հիշեցրեց, որ 2018-ի ապրիլի 23-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ Հունան Պողոսյանը ներկա է եղել այդ դրվագին, ուստի նրանք կարող են դատարանին ներկայացնել փաստեր, որոնք գործի ճիշտ հանգուցալուծման կտանեն: Պաշտպանը հայտարարեց, որ քաղաքացիների կողմից այդ իրադարձությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվել ու այդ պատճառով է ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառել:

Դատավորը նկատեց, որ բազմաթիվ տեսագրություններ են զննել, վկաների, տուժողների են հարցաքննել եւ՝ թե ցուցմունքներով, թե տեսաձայնագրություններով ակնհայտ է, որ, քաղաքացիների կողմից, ինչպես պաշտպանն է պնդում, ոստիկանների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ չեն եղել եւ հետաքրքրվեց, թե այդ անձանց հարցաքննությունը հավելյալ ի՞նչ կարող է տալ գործին:

Պաշտպանը հայտարարեց, որ Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանն ի պաշտոնե եղել են այդ գործողության ղեկավարներից եւ հետաքրքիր են նրանց ցուցմունքները՝ ոստիկանների գործողությունները պլանավորելու տեսանկյունից, մանավանդ, որ տեսանյութերից մեկում էլ հստակ երեւում էր, թե ինչպես է Վալերի Օսիպյանը հատուկ միջոցներ կիրառելու մասին հրաման տալիս:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը պաշտպանը կարեւորում է նրանով, որ թե ապրիլի 22-ին, թե 23-ին, գործողությունների գլխավոր դերում եղել է Նիկոլ Փաշինյանը եւ հետազոտված ապացույցներից էլ երեւում է, որ արդեն որոշակի հանդարտության փուլում, նրա ինչ-ինչ գործողությունների արդյունքում կրկին բռնություններ են սկսվել, ինչի արդյունքում էլ կիրառվել են հատուկ միջոցները:

Մեղադրողը միջնորդությունը հիմնավոր չի համարում, մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության մասով, քանի որ տեսագրություններում, ըստ նրա, բոլորի գործողություններն էլ պարզ տեսանելի են:

Ըստ մեղադրող դատախազի, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրվի դատարան սույն գործով, ապա միայն այս ամենի վերաբերյալ նրա կարծիքը լսելու համար, ինչը չի կարող գործի լուծման վրա ազդեցություն ունենալ:

Պաշտպանը հակադարձեց՝ դատակոչված 58 տուժողից 11-ն են հարցաքննվել, նրանցից մեկն էլ առհասարակ չգտնվեց եւ չդատակոչվեց, իսկ տեսանյութերում պաշտպանական կողմի համար առկա են հակասություններ: Պաշտպանի պնդմամբ, Վալերի Օսիպյանից լավ, ոչ ոք չի կարող ընդհանրապես հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին հավաստիացումներ տալ:

Միջնորդությունը մերժվեց՝ պատճառաբանությամբ, որ արդեն իսկ հարցաքննված տուժողները եւ վկաները ուշագրավ ցուցմունքներ են տվել, նաեւ գործի հիմքում կան արժանահավատ տեղեկություններ՝ տեսագրություններ, որտեղ ամեն ինչ ակնհայտ է ու չի կարող վիճակվել:

Դատավորը նաեւ պարզաբանեց, որ հարցաքննվել են 11 տուժողներ, մյուսների հարցաքննությունից մեղադրող կողմը հրաժարվել է, քանի որ ներկայացված ապացույցներն արդեն իսկ հիմնավոր էին եւ այդ հարցաքննությունները հավելյալ ոչինչ չէին տալու:

«Ներքին զորքերի կողմից ապրիլի 16-ին կիրառվել է չորս նռնակ, բայց այդտեղ՝ չորսից ավել է կիրառվել, տեսաժապավեններում երեւում է»,- նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Երանոսյանը՝ հավելելով, որ ներքին զորքերի կողմից կիրառվածի մասին է միայն տեղյակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031