Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել կապված բժշկական սպասարկման հետ՝ նշելով, որ իրենց անհրաժեշտ հետազոտությունները բժշկական կենտրոններում կազմակերպվում են ձգձգումերով: Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաճախ խնդիրներ են առաջանում ազատությունից զրկված անձանց քաղաքացիական բժշկական հաստատություններ տեղափոխելու, ընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ կազմակերպելու հետ կապված:
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ Պաշտպանը ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձանց խնդիրների առնչությամբ պարբերաբար է քննարկումներ ունենում իրավասու մարմինների հետ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում է իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը ՔԿՀ-ից դուրս բժշկական հաստատություններում կազմակերպելուն առնչվող խնդիրներին և կոչ է անում հարցին համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ, գործուն քայլեր: Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորմանն ուղղված ներպետական և միջազգային չափանիշների համաձայն՝ դա պետության պոզիտիվ պարտականությունն է:
ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրված խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան