Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի համար 50 հոգի անմեղ ցուցարարներ դատված են, իսկ կազմակերպիչները կա՛մ ՀՀ-ից փախել են, կա՛մ պառլամենտում են, կա՛մ բիզնես են անում». Արամ Մանուկյան

Մարտ 01,2024 16:38

«Մարտի 1-ին տեղի է ունեցել սպանդ, իշխանությունը հարձակվել է ժողովրդի վրա ու զոհվել են տասնյակ մարդիկ, վիրավորվել հարյուրներ, բանտերում են հայտնվել շուրջ 150 մարդ: Անցել է 16 տարի ու ակնհայտ հանցագործությունը, որ շատ հեշտ էր բացահայտել մեղավորներին, չի արվել: Ես կարող եմ հայտարարել, որ պետական աջակցությամբ, իշխանությունների աջակցությամբ չի բացահայտվել Մարտի 1-ը: Իշխանությունների աջակցությամբ բազմաթիվ կարեւոր գործող անձինք՝ հանցագործներ, հայտնվել են արտասահմանում, որ պետք է լինեին դատարանում: Մարդիկ, որոնք պետք է պատասխան տային Մարտի 1-ի կազմակերպման, իրագործման համար, մի մասը հայտնվել է խորհրդարանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա, տարիներ առաջ սկսվեց գործընթաց՝ արդարացնելու այն մարդկանց, որոնք տարիներ առաջ դատվել են մինչեւ 3 տարի, բայց ընդամենը եղել են խաղաղ ցույցերի մասնակիցներ: Նրանց նկատմամբ արդարացման գործընթացը կասեցվել է պետության կողմից, պետական իրավապահ մարմինների կողմից. «Խաղաղ ցույցերին մասնակցած մարդիկ այսօր դեռեւս այդ «հանցագործության» կնիքը կրում են իրենց վրա»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ եք համարում խաղաղ ցուցարար՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Այո, բոլոր ցուցարարներն այդ ժամանակվա եղել են խաղաղ ու դա ապացուցվել է բազմաթիվ անգամ: Չի եղել զենքի օգտագործում, որեւէ փամփուշտի օգտագործում: Ցուցարարները բոլորը եղել են խաղաղ մասնակիցներ»:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Մարտի 1-ը բացահայտված չէ, քանի որ ոճրագործները դրսում են, իսկ անմեղները՝ շուրջ 50 հոգի, դատվել են ու չեն արդարացվել. «50 հոգի այսօր դեռեւս դատական վճիռների տակ են, այսինքն, իրենք հանցագործ են, իրենց անձնական գործերում գրված է, որ իրենք, օրենք խախտելու համար դատվել են, նստել են, պատժվել են, արդարացում չեն ստացել: Եվրոպական դատարանում արդեն բազմաթիվ վճիռներ կան, որ ՀՀ-ն պարտվել է եւ այդ հայցատուները, ովքեր մասնակից են եղել, հաղթել են: ՄԻԵԴ-ը տվել է ամբողջական իրավական գնահատական, թե ինչ է կատարվել Հայաստանում Մարտի 1-ին: Իսկ այդ գնահատականը հետեւյալն է՝ իշխանությունը ռմբահարել է ժողովրդին, չի թողել իրացնել իր իրավունքը ու խաղաղ ցույցեր անցկացնել»:

Արամ Մանուկյանը հորդորեց իշխանություններին հարցնել, թե ինչո՞ւ այս «իրավական երկրում» Մարտի 1-ը չբացահայտվեց. «Ես փաստեր հարգող մարդ եմ: 50 հոգի, իմ ընկերները, որոնք այստեղ կանգնած խաղաղ ցույց են արել, ուրիշ ոչինչ, նրանք դեռեւս դատված են՝ որպես հանցագործ: Իսկ այն մարդիկ, ովքեր կրակել են, կազմակերպել են՝ Ներքին գործերը, դատախազությունը, ԱԱԾ-ն, կառավարությունը, պրեզիդենտական ապարատը, բոլոր կազմակերպիչները կա՛մ Հայաստանից փախել են, կա՛մ պառլամենտում են, կա՛մ ազատ իրենց բիզնեսն են տիրապետում: Սրանից պարզ ի՞նչ կարելի է ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031