Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ը կարող է կրկնվել, քանի որ հանցագործության հեղինակները, չպատժվեցին, գործը փակվեց այս իշխանությունների ձեռամբ». Սամվել Աբրահամյան

Մարտ 01,2024 16:15

«Մարտի 1»-ը կարո՞ղ է կրկնվել՝ այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն ասաց. «Մարտի 1-ը կարող է կրկնվել, քանի որ այդ հանցագործությունը չբացահայտվեց այդպես էլ: Այդ հանցագործության հեղինակները, կազմակերպիչները, իրագործողները չպատժվեցին: Մարտի 1-ի գործը, ըստ էության փակվեց այս իշխանությունների թեթեւ ձեռամբ: Այդ պարագայում, իհարկե, Մարտի 1-ի կրկնությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը, ըստ էության չի դատապարտել այդ ոճրագործությունը եւ չի պատժել մեղավորներին: Մեր հասարակությունը նոր Մարտի 1-երից ապահովագրված չի»:

People lay flowers in memory of March 1 events victims at the Myasnikyan statue in Yerevan, Armenia

Հարցին՝ ինչո՞ւ ողբերգությունից 16 տարի անց դեռ մեղավորները պատժված չեն՝ նա պատասխանեց. «Որպեսզի մեղավորները պատժվեին եւ հանցագործությունը լիարժեք բացահայտվեր, պետք է լիներ նախեւառաջ իշխանության քաղաքական կամք: Այդ քաղաքական կամքը մենք չտեսանք, չդրսեւորվեց: Ու ինչքան ժամանակը հեռանում է, բնականաբար այնքան ավելի բարդ է լինում դրա բացահայտումը: 2018-ին, երբ այս իշխանությունը ձեւավորվեց, շատ մեծ հնարավորություն ուներ խնդիրը բացահայտելու, դա պետք էր մեզ բոլորիս, մեր պետությանն էր պետք, մեր ապագա սերունդներին: Նրանք այդ խնդիրը չլուծեցին, քաղաքական կամք չդրսեւորեցին: Միգուցե կային նաեւ այլ պատճառներ, չեմ կարող ասել, համենայնդեպս, որեւէ վճռականություն մենք չտեսանք»:

People lay flowers in memory of March 1 events victims at the Myasnikyan statue in Yerevan, Armenia

Թե ինչու Արեւմուտքը չաջակցեց 2008-ին հեղափոխական շարժմանը՝ Սամվել Աբրահամյանը պատասխանեց. «Ինչու եք միայն Արեւմուտքին ասում, աշխարհի կողմից մենք ընդհանրապես չտեսանք որեւէ արձագանք: Այդ նույն ժամանակաշրջանում տարբեր իրադարձություններ էին լինում, աշխարհի ուշադրության կենտրոնում էին հայտնվում, լավ լուսաբանվում էին: Աշխարհը բավականին անտարբեր գտնվեց, չնայած հետագայում եղան ԵԽԽՎ բանաձեւեր, բայց դրանք բոլորը կոսմետիկ բնույթի էին, իսկ բուն հանցագործությունը կանխելուն ուղղված ջանքերը շատ սահմանափակ էին: Միգուցե գլխավոր պատճառն այն էր, որ շահերը, որոնք հետապնդում էին թե՛ արեւմտյան երկրները, թե՛ այլ երկրներ, այդ շահերին հակասում էր աջակցությունը այդ շարժմանը: Այդ շահերը կապ չունեին մեր ազգային շահերի հետ: Մեր ժողովուրդն էր միայն մեր ազգային շահերը պաշտպանող ու դա բնական է, օտարները դրանում որեւէ պարտավորություն չունեն: Բայց մենք ակնհայտորեն բախվեցինք նրա հետ, որ միջազգային խոշոր խաղացողների շահերին մեր շահերը այդ պահին բոլորովին չէին համընկնում»:

People lay flowers in memory of March 1 events victims at the Myasnikyan statue in Yerevan, Armenia

Ըստ Սամվել Աբրահամյանի, եթե Մարտի 1-ի արյունալի ողբերգությունը չլիներ ու դեմոկրատական ճանապարհով Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենար, չգնդակահարվեր իշխանություն փոխելու ժողովրդի կամքը, Հայաստանը կընթանար այլ ուղով ու ոչ միայն 2020-ի պատերազմը չէր լինի, այլ Հայաստանը շատ ավելի առաջ գնացած կլիներ բոլոր առումներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031