Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանակցությունների փաստաթղթային բազա կար, ուղղակի Փաշինյանն ու իր թիմը կարդալու ունակություն չունեն, չեն հասկացել»․ Հայկ Մամիջանյան

Մարտ 01,2024 14:39

Նիկոլ Փաշինյանը ստում է, բանակցային գործընթացի մասին փաստաթղթային բազա կար նախկին իշխանությունների օրոք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցված հերթական ստերի տարափին եմ ստիպված անդրադառնալ։ Ինքը խոսեց այն մասին, որ երբ ինքը եկավ իշխանության, չկար բանակցային գործընթացում ինստիտուցիոնալ փաստաթղթային բազա։ Նախ` կար, ուղղակի ինքն ու իր թիմը կարդալու ունակություն չունեն։ Կար, բայց չեն հասկացել։

Ինքն ասում է, որ մի մեծ թղթապանակ է թողնելու հաջորդ իշխանություններին։ Դե հա, այնքան պարտվողական թուղթ է ստորագրել, որ միայն այդ կապիտուլյացիոն թղթերն իրար գլուխ հավաքես, մի մեծ թղթապանակ կդառնա։

Ուզում եմ հիշեցնել, որ ինքը հայտարարել է, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Ի՞նչ է հեքիաթներ պատմում նախորդների մասին։ Օրինակ՝ ինքը ստացել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք շփման գծում մշտադիտարկմանն էին վերաբերում, որոնք հայ զինվորի կյանքեր էին փրկելու։ Ու Փաշինյան-Ալիեւ գաղտնի պայմանավորվածության կետերից մեկը 2018 թվականին հավանաբար եղել է Վիեննա-Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների չեղարկումը, որովհետեւ երկու տարի շարունակ հայկական կողմը հրապարակային որեւէ բան չէր խոսում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի մասին։ Առաջին հիշատակումն այն ժամանակվա նախարարն արեց 2019-ի դեկտեմբերին»,- ասաց Մամիջանյանը։

Նա հավելեց, որ հայտնի անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը չի վիրավորվում «դավաճան» բառից, բայց պարզվում է, վիրավորվում է «արհավիրք» բառից։

Նա հիշեցրեց Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրության մասին։ «Այնտեղ ինքն իր ձայնով ասում է, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը իրեն ասել են, որ Ալիեւը գիտակցում է, որ Արցախը երբեք ադրբեջանական չի լինելու։ Այդ ժառանգությունն եք դուք ստացել։ Եվ նմանօրինակ շահարկումները խայտառակ են։ Ենթադրում եմ՝ Փաշինյանն իր երազներն է պատմել ԱԺ ամբիոնից, ԱԺ ամբիոնը հոսող ջուր չէ, թող թարգի իր երազները պատմել»,- հավելեց նա։

Հայկ Մամիջանյանը նաեւ ասաց, որ 2020 թվականի ամռանը Սերժ Սարգսյանը մի քանի անգամ մի քանի դիտակետից ներկայացրել էր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, բանակցային գործընթացում առկա բանակցային իրավիճակը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Բեռլինում կայացած բանակցություններին։ Նա ասաց, որ կարծես թե Ադրբեջանի եւս մեկ պահանջ իրականացվեց, եւ փոխվեց միջնորդ։ «Մենք երկու տարբերակ ունենք՝ կամ միջնորդ է փոխվում՝ Ադրբեջանի պահանջով, կամ առանց միջնորդի բանակցություն է գնում՝ էլի Ադրբեջանի պահանջով։ Այստեղ երկար վերլուծելու բան չկա»,- ասաց նա։

Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, թե ամեն ինչ անում են՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ «Դրանք պրոբլեմներ չէին մինչեւ ձեր գալը, դրանք կասկածի տակ չէին, դա է իրենց արտաքին քաղաքականությունը։ Թե ինչ սկզբունքներ կներառվեն փաստաթղթերում, ես չգիտեմ։ Ինքն առանց Ադրբեջանի մասնակցության պարտվողական թղթեր է ստորագրել Գրանադայում։ Ես ի՞նչ իմանամ, թե իր երեւակայությունն ինչի կհասնի։ Կարող է գնա, մի 4-5 երկիր հավաքի, ստորագրեն, որ Սեւանը Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվում»,- նշեց նա։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ նախքան սկզբունքներն ամրագրելը, դեռ մի քանի հարցեր կան, որոնց պատասխանը պետք է տրվի։ «Առաջինը՝ այս ո՞նց ենք դեմարկացիա-դելիմիտացիա քննարկում ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայությամբ։

Երկրորդ՝ խնդիր չկա, եկեք հասկանանք, թե ինչ սկզբունքների շուրջ ենք բանակցելու, բայց մի հատ եկեք հասկանանք՝ նախորդ սկզբունքների հետ ի՞նչ կատարվեց։ Մենք երեք հիմնարար սկզբունք ունեինք, որոնք 5 անգամ հայտարարել էին ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները։ Այդ սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն էր, մյուսն էլ ամենակարեւորն այս իրողության պարագայում՝ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը կոնֆլիկտի կարգավորման մեջ։ Մի հատ եկեք հասկանան՝ ո՞նց ստացվեց, որ այդ սկզբունքը ոտնահարվեց, որովհետեւ եթե նախորդ սկզբունքների ոտնահարման խնդիրը չվերհանվեն, նոր սկզբունքները նույն արժեքը կունենան»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031