Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք թռիչքաձև աճում են ներդրումային ռիսկերը, զուգահեռաբար՝ թռիչքաձև աճում է պետական պարտքը։ Մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը։
Անկախությունից հետո՝ 27 տարում ձևավորվել էր 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանության կառավարման հինգուկես տարում պետական պարտքն աճել է 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է 1800 ԱՄՆ դոլարով։
2023թ.-ին միայն կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները աճել են շուրջ 30%-ով և կազմել են 253,4 մլրդ դրամ կամ՝ տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ 10%-ը, սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված միջոցների՝ 36%-ը։
2023թ.-ին արտերկրից արտարժույթի մուտքերի և ելքերի չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) արդեն էապես նվազել է՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 41%-ով՝ նախորդ տարվա համեմատ։
Կարդացեք նաև
Խորանում են տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ «քերթելու» և «հարկային տեռորի» բացահայտ քաղաքականություն։
Հիմա հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների անօրինական հարկմանը։ Եվ այս նպատակին հասնելու համար հիմա էլ շանտաժով, հանրությանը մոլորեցնելով՝ պառակտում են, այս անգամ իրար հակադրելով ներսում և դրսում աշխատող և հարկ վճարողներին։
ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, որի համաձայն՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ՝ եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։
2013թ․-ին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլևս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները։
Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով, դրան գումարած այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները։
ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21% ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13%-ից, քանի որ ներառում է նաև նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։
Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունները՝ ՌԴ–ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10%, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։
Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջ լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»։
Պե՛տք է արդարացիորեն բացառել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը։
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ