Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկայինը հասանելիություն է ունենալու բոլորի բանկային հաշիվներին․իշխանությունը դատական համակարգից վերցնում է լծակներն՝ այն կենտրոնացնելով գործադիրի ձեռքում»․ բանկային գաղտնիքի վերաբերյալ նախագիծը ռիսկային է

Մարտ 01,2024 14:11

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է ՊԵԿ-ի՝ բանկային գաղտնիքին հասանելիություն, շատ ռիսկային է, այն կարող է բացասական ազդել երկրի տնտեսության վրա, ինչպես նաեւ խաթարել իրավական դաշտը։ Այս կարծիքին են իրավաբանները։

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արմեն Եղիազարյանն ասաց՝ օրենսդրական այս փոփոխությունը խաթարելու է բիզնես դաշտն ու ներդրումային միջավայրը։

Հիշեցնենք, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով՝ հարկային մարմինն էլեկտրոնային համակարգով բանկերից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը։

Եղիազարյանն այս նախագծի վերաբերյալ ասաց՝ հարկային մարմինը կարող է ուղղակիորեն հասանելիություն ունենալ հաշիվներին, ու քաղվածքների միջոցով մանրամասն տեղեկանալ, թե տվյալ ընկերություններն ինչ գործարքներ են անում, ընդ որում, հասանելիություն է լինում նաեւ առեւտրային գաղտնիքին, որի մասին չի խոսվում

Եղիազարյանի խոսքով՝ իշխանությունը դատական համակարգի ձեռքից վերցնում է լծակներն՝ այն կենտրոնացնելով գործադիրի ձեռքում․ «Սա լավ տեղ չի տանելու, սուպերվարչապետական մոդելի տրամաբանության մեջ է»։

ՊԵԿ նախագահը նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասել է՝ խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության։

Այս առնչությամբ Եղիազարյանը նկատեց՝ ՊԵԿ-ը սակայն չի ասում, որ իրենց պահանջով բիզնեսը պարտավոր է մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել, ուստի ասել՝ միայն զգայուն տեղեկատվությանն է նախագիծը վերաբերում, իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկման մյուս մասնակից փաստաբան Արսեն Սարդարյանն էլ հավելեց՝ օրենսդրական այս փոփոխությունից հետո բանկային գաղտնիքը մեր երկրում այլեւս պաշտպանված չի լինելու, այն դառնալու է ձեւական։

«Այսօր բանկային գաղտնիքի բավականին բարձր նշաձող ենք դրել։ Օրինակ` քրեական արդարադատության ոլորտում, որտեղ հանրային բարձր վտանգավորության հանցագործությունների բացահայտման խնդիր ունենք, հանրային բարձր շահ կա, անձի վերաբերյալ բանկային տվյալների գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, այն էլ անձին մեղադրյալ ներգրավելուց հետո։ Ու հիմա հարկային օրենսդրությամբ նշաձողը փոխում են, սահմանում, որ բոլոր սուբյեկտների նկատմամբ այս օրենքը տարածվելու է։ Այսինքն, այն տարածվելու է մի շարք ֆիզիկական անձանց վրա՝ աշխատանքային պայմանագրով կամ քաղիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձանց վրա։ 2025 թվականից բոլորի վրա է տարածվելու։ Չի լինելու անձ, որը ունի բանկային հաշիվ, հարկայինը հասանելիություն չունենա»,-ասաց Սարդարյանը։

Այսօր հարկային մարմինը կարողանում է ամփոփ տեղեկատվություն ստանալ ամեն շրջանառու տարվա մասին, դա մուտք ու ելք եղած գումարների ու հաշվի մնացորդի մասին տեղեկատվություն է, սակայն , ինչպես ասաց փաստաբանը, դրան կարող է հաջորդել հարկային տեսուչի պահանջը՝ ներկայացնել քաղվածք․ «Ու չկա կարգավորում, թե որ դեպքերում կարող է տեսուչը նման պահանջ դնել կամ որ դեպքերում քաղաքացին կարող է մերժել։ Ըստ էության, տոտալ հսկողություն է լինելու։ Ընդ որում, անձը պարտավոր է եռօրյա ժամկետում տրամադրել քաղվածքը եւ գրավոր համաձայնություն բանկից այդ քաղվածքի ճշտությունը ստուգելու համար։ Իսկ քաղվածք նշանակում է՝ ում հետ է առեւտրային գործառույթ իրականացրել, անձնական փոխհարաբերությամբ փոխառություններ իրականացրել։ Անձի ամբողջ ֆինանսական շարժը հայտնվում է հարկային մարմնի առջեւ»։

Փաստաբանի կարծիքով՝ այս նախագծով ՊԵԿ-ը կարողանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել դաշտը։ Սարդարյանը նշեց, որ գուցե նախագիծը լավ նպատակ ունի՝ պայքարել ստվերի դեմ, բայց արդյոք դա կարող է արդարացված լինել․ «Եթե օրենքում չկա հանրային եւ մասնավոր շահի հավասարակշռություն, ուրեմն չենք կարող համարել իրավական պետության կայացման համար արդարացված քայլ»։

Մանրամասն՝  տեսանյութում

Արմեն Եղիազարյանն էլ ասաց, որ նախագծի շուրջ քննարկումներ է ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, շատերը մտահոգված են այս նախագծի առնչությամբ․ «Կարծում եմ, որ շատերը կփորձեն այլընտրանքներ գտնել՝ հայկական բանկային հաշիվներից կխուսափեն, դրա հետեւանքով կապիտալը դուրս կգա երկրից։ Արդեն միտում կա, որ ՏՏ ոլորտի այն աշխատողները, որոնք դրսից են գումար ստանում, մտածում են՝ շարունակե՞լ Հայաստանում աշխատել, թե՞ ոչ, մտածում են՝ գուցե այլ երկրի բանկային քարտեր ձեռք բերեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031