«Մարտի մեկը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների եւ կազմակերպված բախումների արդյունք է։ Այս կազմակերպված բախումների շրջանակում կան դատապարտված մարդիկ, այնպիսի մարդիկ, որոնք ստույգ տեղեկություններ ունեն։ Այնպիսին, ինչպիսին, օրինակ` Նիկոլ Փաշինյանն է, որը գտնվել է այդ իրադարձությունների կիզակետում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2008 թվականի մարտի 1-ին իրավապահ համակարգը տեղին ու ժամանակին է գործել։
Նա նշեց, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ զինված ուժերը ոստիկանության ստորաբաժանումների հետ միասին իրականացրել են կարեւոր օբյեկտների պահպանություն, որովհետեւ այդպիսի իրավիճակներում կարեւոր օբյեկտներն անցնում են պահպանության տակ։ «Եվ եթե զորքերի քանակը չի հերիքում, ապա նաեւ օգտագործում են զինված ուժերը։ Այդ ժամանակահատվածում տարբեր զարգացումների ընթացքում կոչեր են եղել՝ զինվեք, հակադարձեք ներքին գործերի ստորաբաժանումներին։ Ես՝ որպես Գլխավոր շտաբի պետ, այդ օրերին ամեն օր տեղեկություն էի ստանում ԱԱԾ-ից, որ հնարավոր է լինեն բախումներ, հնարավոր է նաեւ հարձակումներ լինեն նույնիսկ զինված ուժերի զորամասերի վրա՝ զենք հայթայթելու համար։ Այնպես որ, ավելի լավ կլինի այդ հարցը տալ մարդկանց, ովքեր հենց իրադարձությունների կիզակետում են եղել, դրա համար դատապարտվել են եւ ավելի լավ տեղեկություններ ունեն դրա մասին»,- ասաց նա։
Միաժամանակ, Սեյրան Օհանյանն ասաց, որ Զինված ուժերը ցուցարարների դեմ գործողություններ չեն իրականացրել։ Ցուցարարների դեմ գործել են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ զինված ուժերն իրականացրել են ՀՀ կարեւոր օբյեկտների պաշտպանությունը։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն անդրադարձավ հարցին, թե Մարտի 1-ին իրավապահների գործողությունները՝ կրակոցները տեղի՞ն են եղել։ «Ես իրավապահների գործողությունների համար պատասխանատու չեմ եղել։ Իմ տեղեկություններով՝ իրավապահները գործել են արտակարգ ռեժիմի շրջանակներում։ Եվ այն բախումները, որոնք տեղի են ունեցել, այդ բախումները կազմակերպված են եղել եւ նաեւ որոշակի հրահրման միտում են ունեցել համապատասխան անձանց կողմից»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ