Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։
Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշխարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման կարևորությունը։
Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության և վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին և մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունակական ընթացքը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին