Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծածկագիրը մեր հողի վրա է դրված»

Մարտ 01,2024 13:30

Ասում է Էջմիածնի պատվավոր քաղաքացու ընտանիքը

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Սիմա Աբովյան) երեկ շարունակվեց կենսաթոշակառուներ Մարիետա Աբրահամյանի, ամուսնու՝ Էջմիածնի պատվավոր քաղաքացի Ջանիբեկ Հարությունյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ Վաղարշապատ համայնքի, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ «Ձեռքբերման վաղեմության ուժով համահայցվորների սեփականության իրավունքը Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի թիվ 131 տնամերձ հողամասի հարակից 540մ/ք հողամասի նկատմամբ ճանաչելու» պահանջով: Դատարան էր ներկայացել համայնքապետարանի ներկայացուցիչ Ամալյա Խաչատրյանը:

Դատարանն անցավ ապացույցների բեռի բաշխմանը, հայցվորների որդին՝ Արման Հարությունյանը ներկայացրեց այն ութ պահանջ-կետերով:

Էջմիածնի գործկոմի նախագահի 08.06.1991թ. թիվ 10 արձանագրության որոշմամբ Ջանիբեկ Հարությունյանին եւ նրա ընտանիքի անդամներին՝ Մարիետա Աբրահամյանին եւ Արման Հարությունյանին, հատկացվում է Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան 2-րդ թաղամասի 131 տնամերձ հողամասը՝ 405քմ մակերեսով:

2006թ. ապրիլի 26-ին նրանց տրվում է անշարժ գույքի սեփականության թիվ 2212574 վկայականը:

Ա. Մանուկյան 2-րդ թաղամասի 131 տնամերձ հողամասը եղել է փողոցի վերջին հողը, հողամասի ձախ հատվածի հողատարածքները բաժանված են տարբեր բնակիչների, իսկ աջ հատվածում հողատարածքներ չի բաժանվել։ Քանի որ աջ հատվածը որպես տնամերձ հողատարածք բաժանված չի եղել եւ հանդիսացել է պետական սեփականություն, հայցվոր ընտանիքն այդ ազատ տարածքից մոտ 500քմ տարածքը մաքրել է աղբից, պտղատու ծառեր են տնկել, որոնք մինչ օրս խնամվում, մշակվում են տարեց ամուսինների կողմից, տնակ տեղադրվել, որում բնակվում են երեքով:

Ճանաչված մանկավարժ, կենսաթոշակառու Մարիետա Աբրահամյանը դատարանին ասաց. «1991 թվականին ստացել ենք հողը, 2006թ.-ին չափագրել ենք, կտրոնը ներկայացրել եմ դատարան: 2007-ին իբր գնել է մեր հողի վրա իր հողը՝ Գայանե Վարդանյանը: Ի դեպ, վերջինս նույնպես պատասխանող է, սակայն դատարան չի ներկայանում: Նա որեւէ անգամ չի եկել այդ հողատարածք, չի տեսել, որ հող ունի, միայն 2019-ին է հիշել, որ հող ունի, չափագրել են նրա հողը: Ինչու են տասնյակ տարիներ առաջ մեզ ջուր քաշել, իրեն՝ ոչ, եթե նա այդտեղ հող ուներ: Մեր 131 տնամերձ հողամասի վրա հիմա ա, բ, գ են դրել, իսկ մեր հիմնական հողը քարտեզում չկա: Ամուսինս այս քաղաքի պատվավոր քաղաքացին է, սերունդներ է կրթել, դաստիարակել, գրքեր է գրել, մենք արժան չե՞նք մի հողի»:

Այսինքն, ըստ վկայակոչված Էջմիածնի քաղաքապետարանի կողմից 2005թ. դեկտեմբերի 29-ին տրված սխեմատիկ իրավիճակային հատակագծի՝ հայցվոր կողմի հողամասի 04-002-964-0053 ծածկագրի տնամերձ հողատարածքի աջ մասում հարեւան չի եղել:

1991 թվականին, երբ այս ընտանիքը ստացել է տնամերձ հողատարածքը, միաժամանակ ստացել են նաեւ շինթույլտվություն, որն ըստ որդու՝ Ա. Հարությունյանի, անժամկետ էր, դա է պատճառը, որ փորել են տան հիմքը, սակայն նյութական վիճակից ելնելով՝ շինարարական աշխատանքները դադարեցված են:

2019 թ. սեպտեմբերի 13-ին հայցվոր կողմը իրենց հողից խլված՝ «գրավյալ տարածքը» օրինականացնելու նպատակով դիմում է Էջմիածնի համայնքապետարան, սակայն ստանում է պատասխան, թե. «անհրաժեշտ է ներկայացնել հայցվող հողամասի չափագրության հատակագիծը՝ կազմված համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից, ինչպես նաեւ հարեւան հողօգտագործողների, սեփականատերերի գրավոր համաձայնությունը»: Ի դեպ, քաղաքացիական գործը դատարան մտնելուց առաջ հարուցվել էր քրեական գործ, այդ գործի նյութերում առկա էին բազմաթիվ ապացույցներ, մասնավորապես, հարեւանների ստորագրություններով բացատրությունն այն մասին, որ Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան 2-րդ թաղամասի 131 հասցեին կից զավթված պետական հողը 1991թ. առ այսօր բացահայտ, բարեխիղճ օգտագործում է հայցվոր ընտանիքը:

Երբ ամուսինները հողատարածքը չափագրել են տալիս, իրենց միջոցներով հրավիրում չափագրող, պարզվում է, որ 2019թ. մայիսի 30-ի ծածկագրի փոփոխության պատճառով տեղի է ունեցել հողերի տեղաշարժ, ինչի արդյունքում 131ա, 131բ, 131գ հողատարածքների խախտումներ է եղել եւ ի հաշիվ իրենց կողմից զավթած հողատարածքի՝ 131ա հողատարածքը դարձել է իրենց 131 հասցեի հողատարածքին կից։ Հայցվոր կողմը դիմում է Էջմիածնի համայնքապետին, որ համաձայն չեն գծագրի փոփոխությանը, քանի որ դրանով խախտվել են իրենց իրավունքները եւ նշվածը չի համապատասխանում 2006 թվականի իրավիճակային հատակագծային քարտեզին։

Էջմիածնի համայնքապետարանից Աբրահամյաններին պատասխանել են, որ կադաստրային քարտեզում ծածկագրի ուղղման կամ փոփոխման հետեւանքով հողամասերի վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետարանում տեղեկատվություն առկա չէ, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել կադաստր։ Հայցվոր կողմի մոտ առկա են հակասական մի շարք պատասխաններ, մասնավորապես, ինչպես երեկ պարզվեց, 2006թ. եւ 1991թ. կադաստրային փաստաթղթեր, որոնցով 131ա, 131բ, 131գ հողատարածքներ գոյություն չեն ունեցել:

Ապացուցման բեռի բաշխման քննարկման ժամանակ համայնքապետարանի ներկայացուցիչն ակնարկեց, թե կողմը պահանջել է բաներ, որոնք իրենց իրավասությունից դուրս են. «Մենք բոլոր դիմումներին պատասխան տալիս ենք: Մարմինները, որին պիտի դիմեիք, նրանց նկատմամբ մենք իրավասություն չունենք»: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, դատական նիստից հետո, Մ. Աբրահամյանն ասաց, որ իրենք դիմել են նաեւ կադաստրի պետական կոմիտե՝ ըստ՝ 2005թ. թիվ 2212574 վկայականի սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի կոորդինատները տրամադրելու նպատակով, որտեղից պատասխանել են, որ իրենց ստացած թիվ 2212574 վկայականի համապատասխան հողամասը, ըստ վկայականի չափսերի, տեղադրված չէ Վաղարշապատ համայնքի կադաստրյաին քարտեզում, ուստի հնարավոր չէ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, միաժամանակ գույքը տեղադրելու համար անհրաժեշտ է դիմել անհատ չափագրողի եւ ներկայացնել չափագրումը…

Մայիսի 2-ին նշանակված նիստի ժամանակ հայցվոր կողմը պարտավորվեց դատարան ներկայացնել այն ապացույցները, որոնք անհնարին է եղել պատասխանող կողմից ստանալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031