Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալով հայ նկարչի 1975թ. մեկ աշխատանք՝ ինչ է պարզել Օրենբուրգի թանգարանը

Մարտ 01,2024 12:30

Փարավոն Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում իր գալիք ցուցահանդեսներից

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը դափնիների պակաս չունի, բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս: Հերթական ցուցահանդեսը կկայանա Օրենբուրգի շրջանային կերպարվեստի թանգարանում`աշնանը: Նախաձեռնությունը  Օրենբուրգի թանգարանինն է:

«Օրերս իմ հյուրն էր Օրենբուրգի թանգարանի տնօրեն Յուրի Կոմլեւը իր արվեստաբան տիկնոջ հետ: Օրենբուրգի թանգարանում է գտնվում իմ 1975 թ. ստեղծագործություններից մեկը: Ունենալով այդ միակ գործը՝ նրանք հետագայում սկսել են հետաքրքրվել հայ նկարչի ստեղծագործական կյանքով: Անցյալ տարի էլ ներկա էին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված իմ անհատական ցուցահանդեսին: Օրենբուրգի թանգարանի տնօրինությունը մեծ ցանկությամբ դիմել է մեր նախարարությանը, որպեսզի իմ ցուցահանդեսը կազմակերպվի իրենց  թանգարանում: Այդ թեմայի շուրջ ենք զրուցել իմ արվեստանոցում, եւ ինչպես արդեն նշեցի, աշնանը թանգարանի գլխավոր մասնաշենքում կբացվի իմ ցուցահանդեսը»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Փարավոն Միրզոյանը: ՀՀ ժողովրդական նկարիչն ասաց, որ արդեն ընտրվել է 40 աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիոցիոն աշխատանքներ:

«Հիմա նստած մտածում եմ՝ ո՞վ է այդ նկարները տեղափոխելու Օրենբուրգ, ի վերջո, պետություն ենք, ուզում եմ դա պետականորեն արվի, ոչ թե ես մեկին գտնեմ, դնեմ բեռնատարն ուղարկեմ: Դրա համար պետք է, ասենք, պատկերասրահը, Նկարիչների միությունը, ինչ-որ մեկը կազմակերպի, որ ինքնուս մոտեցում չլինի: Օրենբուրգի թանգարանը մեծ հաճույքով տրամադրում է լավագույն սրահները, հրատարակում է ցուցահանդեսի կատալոգը, ամեն ինչ անում է, որ Հայաստանի նկարչի ցուցահանդեսը լինի պատշաճ մակարդակով, նույնը անում է նաեւ լեհական կողմը՝ մայիսին Լոձ քաղաքում կազմակերպվելիք իմ ցուցահանդեսին: Իսկ ինչ ենք մենք անում: Ախր չի կարելի ամեն ինչ թողնել նկարչի վրա, պետք է արվեստագետներին աջակցել եւ ներկայացնել»,-ասում է ՀՀ ժողովրդական նկարիչը:

Նա երախտագիտություն է հայտնում  Օրենբուրգի թանգարանի գիտաշխատողներին, որ ունենալով թանգարանում իր մեկ աշխատանքը, հետաքրքրվել են, թե Փարավոն Միրզոյանը Ռուսաստանի որ թանգարաններում ինչ այլ աշխատանքներ ունի. «Օրենբուրգի թանգարանում գտնվող «Իմ մայրը» ստեղծագործությունը (1975թ.) ցուցադրվել է համամիութենական ցուցահանդեսում, ապա գնվել եւ տեղափոխվել Օրենբուրգի թանգարան: Թանգարանի գիտաշատողները հետագայում հետաքրքրվել են Փարավոն Միրզոյանի աշխատանքներով ու պարզել, որ ավելի քան 10 թանգարանում՝ սկսած Տրետյակովյան թանգարանից, գործեր ունեմ: Ես նույնիսկ այդ աշխատանքներից շատերի մասին մոռացել էի: Կուզեի, որ մեր թանգարանների գիտական մասերն էլ նման կերպ մոտենային նկարիչներին:

Ինչքան էլ այսօրվա կառավարությունը չի սիրում կոչումները, հիմա ձեր ժողովրդական նկարիչն է, դուք պետք է ուշադրություն դարձնեք, եւ ոչ միայն Փարավոն Միրզոյանի, այլեւ մյուս նկարիչների ցուցահանդեսների՝  տարբեր երկրներում կազմակերպվելուն, դեսպանները պետք է հետաքրքրություն ցուցաբերեն, երբ ինչ-որ երկրում հայ նկարչի ցուցահանդես է կայանում:

Մայիսի 22-ին Լեհաստանի Լոձ քաղաքում բացվելու է իմ մեկ այլ անհատական ցուցահանդեսը, կրկին իրենց առաջարկությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը, կամ Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը: Ես ավելի շատ անհանգստացած եմ սկսնակ տաղանդավոր նկարիչների ճակատագրով, որ ոչինչ չեն կարողանում անել: Հաճախ, երբ ցուցահանդեսներ են բացվում, տեսնում ես՝ ամեն մեկն իր նկարի կողքին կանգնում է, նկարվում ու գցում է Ֆեյսբուք, մի տեսակ անլուրջ մոտեցում է:

Նաեւ կուզեի, որ ԿԳՄՍ նախարարությունը մի քիչ ուշադրություն դարձներ: Օրերս իմ լավագույն ուսանողներից  մեկի հրաշալի ցուցահանդեսն էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում, ոչ ԿԳՄՍ նախարարությունից մարդ կար, ոչ պատկերասրահից, ոչ Հայաստանի նկարիչների միությունից: Շատ հետաքրքիր ցուցահանդես էր, բայց ոչ մի մշակութային  կենտրոնից ներկայացուցիչ չկար, միայն իր ընկերներն էին ու համակուրսեցիները»,-մտահոգված է Փարավոն Միրզոյանը:

Նրա ձեւակերպմամբ,  հայ լինելը դժվար բան է. «Լավ ժողովուրդ ենք, ունենք բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ՝ նկարիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, որոնց ըստ արժանվույն ընդունում են Հայաստանի սահմաններից դուրս: Նրանք Հայաստանի մշակութային դեսպաններն են: Չպետք է թույլ տանք, որ մեր երկիրը քայքայվի: Շատ ծանր էր տեսնել, թե ինչպես Արցախի հայաթափմանն ու արցախահայության հանդեպ Ադրբեջանի ցեղասպան գործողություններին աշխարհն անտարբեր մնաց»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
29.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031