«Պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձեւաչափի վերականգնումը։ Եվ սա չափազանց կարեւոր է հետագա գործընթացները ծավալելու համար»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Գերմանիայի միջնորդությամբ անցկացվող հանդիպումներին։ «Հանդիպումները շարունակվում են, եւ դա շատ դրական նշան է»,- հավելեց Վարդանյանը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց․ «Մենք արդյունավետ ենք համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն եւ կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։ Եվ այս իմաստով՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները։ Եվ, բնականաբար, մենք ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են։ Մենք արդյունավետ ենք համարում այդ հանդիպումները, ողջունում ենք ցանկացած ձեւաչափի քննարկումները, որոնք տանում են դեպի խաղաղության»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ թեկնածու երկիր դառնալու հնարավորության մասին եւ հարցին, թե ՔՊ-ում քննարկում եղե՞լ է այս թեմայով, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եվրախորհրդարանում վարչապետի հայտնի ելույթում վարչապետը հստակ արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան Եվրամիությունն է պատրաստ։ Պարոն Սիմոնյանի խոսքն այս համատեքստում է եղել։ Այս իմաստով ես եւս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ, այո, մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, քաղաքակրթական զարգացման ուղղությունը, ՀՀ ժողովրդավարության կայացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր նաեւ ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարեւոր նշանակությունն ունի Եվրամիության դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո ՀՀ սահմաններին դինամիկան էականորեն փոխվել է։ Ըստ էության, հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մակարդակում ՀՀ եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ մերձեցումը։ Թե ինչ օրակարգեր կլինեն առաջիկայում, այդ օրակարգերի վերաբերյալ դուք կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով։ Բայց ես արձանագրում եմ, այո, մեր օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»։
Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ ՀՀ-ին սահմանակից պետություններից առնվազն երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են։ «Եվ սա որոշակի առումով անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխում է նաեւ դեպի ՀՀ։ Եվ ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որեւիցե մեկը չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով Եվրոպական միության օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- ասաց Վարդանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ