Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար բացարձակապես մեկ է՝ ՀՀ-ի առաջին դեմքի անունն ինչ է, իշխանախումբն ինչ անուն է կրում․ անկախ նրանից՝ ով կլինի ՀՀ-ում իշխանություն, բոլորս էլ մի օր լինելու ենք նախկինում»․ Արա Մանուչարյան

Մարտ 01,2024 11:05

«Բեռլինի հանդիպումից երկու-երեք օր առաջ հնչեցին Անկարայից ու Բաքվից հայտարարություններ, իհարկե, դժվար է դրանք հայտարարություն ասել, քանի որ դրանք պարտադրանք էին։ Հստակ ու միարժեք հնչեց, որ ՀՀ-ն ոչ մի ուրիշ հնարավորություն ու շանս չունի, բացի նրանից, որ ամբողջովին ընդունի այն փաթեթն ու այն հարցերի ցանկը, որը գնանք դեպի լիարժեք համաձայնագրի։ Փաստը, որ դրանից երկու-երեք օր հետո այդպիսի հանդիպում է տեղի ունենում, նշանակում է, որ այդ պարտադրանքներն ընդունված են։ Այդտեղ ուրիշ ձևակերպում ու գնահատական տալը դժվար է»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան Բեռլինում ընթացող ԱԳ նախարարների բանակցություններից՝ նաև հաշվի առնելով այն իրավիճակը, դաշտը, որի ներքո այդ հանդիպումը կազմակերպվել է, այսպես պատասխանեց քաղաքական խորհրդատու, PR տեխնոլոգիաների մասնագետ, գերմանաբնակ Արա Մանուչարյանը։

Նա նաև անդրադարձավ այն խոսակցություններին, ըստ որոնց՝ իբր ՀՀ իշխանությունները տանում են ադրբեջանաթուրքական գիծ ու ասաց․ «Կասեի ընդհակառակը, հանդիպումից առաջ Անկարայից ու Բաքվից հնչած այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք այդպիսի քայլերով հայկական իշխանություններին դրեցին բավականին ծանր վիճակի մեջ»։

Արա Մանուչարյանն ասաց՝ փորձում է ՀՀ իշխանությունների տեղն իրեն դնել ու մտածել՝ ի՞նչ անել․ «Կամ այդ հայտարարություններից հետո պետք է ասեին, որ ոչ մի հանդիպում ու քննարկում չի լինելու, կամ գնալով այդպիսի հանդիպման ու քննարկման՝ արձանագրում ես, որ ընդունել ես այդ պարտադրանքները․ օրինակ՝ Սահմանադրությունը պետք է փոխել։ Հարևան երկիրը պատերազմի սպառնալիքի տակ պարտադրում է հարևան երկրին՝ այս կամ այն արա, որի թվում Սահմանադրության փոփոխումն էր։ Ու մի քանի կետ էլ հնչեց ու բավականին երկրորդական դեմքի մակարդակով ասվեց, ինչպես ասում են՝ արևելյան խորամանկություններ էր դա։ Հնչեցված կետերից մեկն այն էր, որ մենք խնդիր չունենք ՀՀ-ի ժողովրդի հետ, բայց խնդիր ունենք սփյուռքի հետ։ Այսինքն՝ դա նշանակում է, որ Անկարան ուզում է ոչ միայն ազդել ՀՀ-ի արտաքին քաղաքականության վրա, կամ ինչ-որ բաներ ձևավորել ներսում, այլ անգամ ուզում է պետականությունից վեր արժեքների վրա ազդել։ Ազդում է ոչ միան պետականության, անվտանգության վրա»։

Արա Մանուչարյանն ասաց՝ գնում են բանակցությունների, բայց ոչ մեկն էլ չգիտի՝ ինչ պիտի բանակցվի, ինչ կետեր, քննարկումներ անհամաձայնություններ կան, մինչդեռ դա վերաբերում է ՀՀ-ի քաղաքացիներին և այս դեպքում բոլոր հայերին։

Մեր դիտարկմանը՝ մեկ-երկու արձագանք եղավ իշխանական թևից՝ հնարավոր է Բեռլինում նաև խաղաղության փաստաթղթի հետ կապված լինեն բանակցություններ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Քննարկելով այդպիսի պայմանագիր՝ պետք են պայմաններ, որտեղ երկու կողմն էլ ինչ-որ ձևով այդ փաստաթղթով շահագրգռված է և կողմ է, ու դա բխում է երկու կողմի շահերից։ Բայց տվյալ դեպքում այդպիսի փաստաթուղթը ոչ մի ձևով չի բավարարում հայկական կողմին»։

Մեր փաստմանը՝ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ վստահեցնում են, որ այդ փաստաթղթում մեր պահանջները պետք է բավարարված լինեն և նշում, որ մինչև այս պահը մի շարք սկզբունքային հարցերում չկա համաձայնություն, և հարցին՝ հետևաբար մտավախության պատճառը ո՞րն է, Արա Մանուչարյանը պատասխանեց․ «Իրենց այդ փաստարկները, որ մեզ համար դա շատ կարևոր է և դա հայկական շահից էլ է բխում, շատ թույլ ու խոցելի են, որովհետև ես լավ չեմ պատկերացնում՝ որ կետերում։ Միգուցե, եթե իմ առաջ հիմա ոչ թե Դուք, այլ իշխանավոր անձեր նստած լինեին, կամ այդ կուսակցության ներկայացուցիչներ, ես սիրով իրենց հետ կքննարկեի, կբանավիճեի և կուզեի հասկանալ՝ միգուցե ինչ որ բաներ կա՞ն, որ պետական գաղտնիք է։ Հաճախ է հնչում՝ մենք չենք ուզում հանրային կերպով քննարկել տարբեր բաներ, բայց դա էլ է խոցելի ու անհասկանալի, քանի որ մի իշխանություն, որը եկել է հանրային կարծիքի վրա, որի լեգիտիմությունը հիմնված է հանրային լայն շրջանակների աջակցության և իրենց հավակնություների վրա, հիմա հարց է դնում, թե ամեն բան չէ, որ պետք է հանրային քննարկման ենթարկվի։ Չեմ ուզում ծայրահեղ դեպքերը նշել, երբ ասում են՝ ինչ ուզում քննարկում ենք՝ անցնելով անգամ քաղաքավարության սահմանները։ Բայց այն ձևակերպումները, որոնք լսում եմ Ձեզնից, ուրիշներից, համոզիչ չեն, անգամ, մեղմ ասած, անլուրջ են, որովհետև եթե դա բխում է մեր շահերից, նշանակում է՝ մենք պետք է գոհ լինենք և տեսնենք՝ ապագայում ինչ ենք շահում։ Բայց եթե միայն պայմանը նա է, որ մենք եթե դա չանենք, ուրեմն գնալու ենք դեպի պատերազմ, դա կոչվում է սպառնալիք»։

 

Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանի համար, շատ է խոսվում «խաղաղության խաչմերուկի» մասին, ըստ Ձեզ հիմա մենք ո՞րն խաչմերուկում ենք, Արա Մանուչարյանը պատասխանեց․ «Խաղաղության խաչմերուկ բառակապակցությունը սիրուն ձևակերպում է, բայց արդյոք խաղաղությա՞ն։ Նայեք՝ մեր կողքերն ինչ է կատարվում, որտե՞ղ է խաղաղություն՝ ձախի՞ց, աջից, արևելքից, արևմուտքից, հյուսիսից՝ թե հարավից։ Շատ եմ ուզում այդ խաղաղության խաչմերուկը տեսնել, բայց երևի լավ չեմ տեսնում, դրանի՞ց է կամ երևի իրականում ոնց որ թե պատերազմի խաչմերուկում ենք հայտնվել։ Եթե դա մեզ կմոտեցնի խաղաղությանը, դա շատ լավ բան է, բայց չեմ տեսնում, որ ինչ-որ գործընթացներ կան։ Մի քանի կողմ ողջունեց, բայց զուտ կարծիքների ու բառերի մակարդակով կամ հայտարարությունների մակարդակով, սակայն ոչ մի գործողություն տեղի չունեցավ։ Մինչդեռ տեղի ունեցավ սկզբում ուժի կիրառում, իսկ հիմա ամբողջ հետպատերազմյան փուլում մեզ պարտադրում են ուժի սպառնալիքով, թե այստեղ էլ պիտի զիջեք։ Իշխանություններն էլ ամեն անգամ ասում են՝ պիտի զիջենք, հո պատերազմի չե՞նք գնալու․ պատերազմի գնացինք, տեսաք՝ ինչ եղավ։ Չեմ ուզում վիճել, քանի որ էնքան տարածված է վեճը Հայաստանում, բայց միգուցե ես լավ չեմ հասկանում, բայց ոչ մեկն ինձ դեռ չի բացատրում, թե այս ձևով ամեն անգամ այդ պարտադրանքներն ընդունելով ո՞ւր ենք գնում․․․ ինձ համար բացարձակապես մեկ է, թե ՀՀ-ի իշխանության առաջին դեմքի անունն ինչ է, իշխանախումբը կամ իրենց կուսակցությունն ինչ անուն է կրում։ Անկախ նրանց՝ ով կլինի ՀՀ-ում իշխանություն, ով է այսօր իշխանություն, ով էր երեկ իշխանություն, բոլորս էլ մի լավ օր լինելու ենք նախկինում։ Այդ բառն այդ ձևով օգտագործելով ու բացասական իմաստ դրա մեջ ներդնելով, դա այո, արդյունավետ ու հարմար է, բայց արդյոք դա մեզ տանում է դեպի պայծառ ապագա՞։ Իմ խնդիրը տեսնում եմ մարդկանց միավորելը։ Իսկ քաղաքական իմաստով միավորել նշանակում է լինել քաղաքական կենտրոնում»։

Դիտարկմանը՝ այստեղ ընդդիմության դերը ևս կա, Արա Մանուչարյանը պատասխանեց․ «Իհարկե, դա ընդդիմության դերն էլ է։ Եթե անգամ իշխանությունը քայլեր պիտի անի դեպի կենտրոն, բայց նա չի ուզում կամ չի կարողանում, քանի որ այնքան բևեռացված է, չնայած հնարավորություն միշտ էլ կա, բայց ընդդիմությունն ուղղակի դա պարտավոր է անել։ Իշխանությունը տվյալ դեպքում կարող է դա անել, կարող է՝ ոչ, բայց ընդդիմությունը պարտավոր է, որովհետև իշխանությունը հայտարարում է՝ այսպես ենք անում ու վերջ, մինչ այդ էլ տարբեր գործիչներից հնչում էր, թե մեխն էլ, չագուչն էլ մեր ձեռքին է, բայց ո՞ւր են այդ մարդիկ, մենք հիմա դրա հետևանքների մեջ ապրում ենք։ Ցավը նա է, որ այս ամենն էլ է լինելու հետևանք։ Այս մարդիկ գնալու են։ Իրենցից ոչ մեկին վատ բան չեմ ցանկանում, բայց մի՞թե իրենք կամ մենք ուզում ենք, որ այսպես շարունակվի։ Եթե անձը խոսում է հայերեն, իրեն հայ է անվանում, նա իմ սրտում տեղ ունի։ Դրա համար ինձ համար կարևորագույնը ապագան է, որ մենք շարժվենք դեպի ապագա։ Կոչեր չեմ սիրում, բայց կուզեի կոչ անել՝ կուզեի, որ մենք՝ բոլորս՝ թե իշխանական, թե հակաիշխանական, կարմիր, սպիտակ, սև կամ նարնջագույն, մի քիչ իրար հանդեպ լինենք ներողամիտ ու քաղաքավարի»։

Վերադառնալով ընդդիմության թեմային՝ Արա Մանուչարյանն ասաց․ «Ընդդիմությունը պարտավոր է գալ կենտրոն՝ անկախ նրանից՝ ինչքանով են դժգոհ և ինչքանով է գինը կարևոր։ Հենց սկսում ենք այդ քննարկումները, սկսվում են պատճառաբանությունները, որ մենք ժամանակ, այս կամ այն չունենք։ Ինչքա՞ն ժամանակ անցավ, մեկն ասում է 2018-ից, մյուսն ասում է՝ 2020-ից․․․ ու գնալով խնդիրները լրջանում են, և մոտ ապագայում լուծումները չեն երևում։ Բայց անկախ դրանից՝ ընդդիմությունը պետք է, թե՝ ոչ միանգամից վազի ու միավորվի իշխանության հետ, բայց պարտավոր է շարժվել դեպի կենտրոն այն իմաստով, որ սկսեն ձևավորել սեփական օրակարգ, ոչ միայն քննարկեն ու քննադատեն իշխանությունների հայտարարությունն ու գործունեությունը՝ անկախ նրանից, թե ով է այդ ընդդիմադիր հատվածում։ Մենք ունեցել ենք երեք նախագահ, քանի-քանի վարչապետներ, լավ կլիներ, որ իրենք հայտարարություն անեին։ Այնպես չէ, որ այնտեղ պետք են շատ կետեր, բայց անհրաժեշտ կետերից մեկը կլիներ այն, որ երեք նախագահները հայտարարություն անեին, արձանագրեին, որ ոչ մի դեպքում իրենք իշխանության չեն հավակնում։ Դա կլիներ այդ հատվածի համախմբման և ինչ-որ հիմք ու դրա շուրջ կսկսեին կառուցել։ Պետք է ձևավորվի ինչ-որ ուժ, որը խաբկանքներով չառաջնորդվի։ Շատ ժամանակ դատարկ ինչ-որ օրակարգ ու միտք, հայտարարություն է գցվում, որ այնտեղ մինչև քննարկում են, մյուս կողմում արդեն երկրորդ, երրորդ․․․ գիտեք՝ չեմ կարծում, համոզված չեմ, որ իշխանությունները բացարձակապես եկել ու անում են այն, ինչ իրենց պարտադրում է Ադրբեջանն ու Թուրքիան։ Ու նշածս դրվագը՝ կապված հայտարարությունների հետ Բեռլինի հանդիպումից առաջ ինձ համար փաստ է, որ իրենք փաստորեն դրեցին ՀՀ իշխանություններին բավականին ծանր դրության մեջ։ Ու եթե դա պայմանավորված լիներ, իրենք նման քայլ չէին անի»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները, կարծես փոխհրաձգություն է՝ մի կողմից Մարիա Զախարովան է ՀՀ ԱԽ քարտուղարին «խայթում», մյուս կողմից՝ ՀՀ ԱԽ քարտուղարն է սուր հայտարարություններ անում ընդդեմ ՌԴ-ի, հայտարարություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, Ձեզ համար հասկանալի՞ են այս հարաբերությունները, Արա Մանուչարյանը պատասխանեց․ «Վերջին ժամանակահատվածում, ցավոք, ՀՀ իշխանության հայտարարությունները միշտ ոնց որ թե սահմանափակում են իրենց ապագա գործողությունները»։

Նշելով, որ այսօրվա մի քանի երկրների ղեկավարներ ժամանակին եղել են ու այժմ էլ իր հաճախորդներն են, որոնց քաղաքական ու PR խորհրդատվություն է տալիս, Արա Մանուչարյանն ասաց՝ միշտ այն կարծիքին է եղել, որ քաղաքական գործչի ամենակարևոր հատկություններից մեկը նա է, որ բառերով չնեղացնի, չեզրափակի կամ չքչացնի իր հնարավորություններն ու գործողությունների հնարավորությունները․ «Դա կարևորագույն կետերից մեկն է։ Բայց ցավոք, թե′ մեր իշխանությունները, թե′ մեր ընդդիմությունը, համենայն դեպս, հետպատերազմյան այս փուլում դրանով են զբաղված։ Ցավում եմ, քանի որ դա այնքան կարևոր ու ինձ թվում էր, թե այնքան ակնհայտ բան է, բայց ոնց որ այս պայմաններում դա դժվարացել է։ Բայց դա պետք է անել, և այդ ավանդույթը պետք է փոխել։ Ի՞նչ է նշանակում, երբ անմիջապես այս թեժ պահին դուք ընդունում եք Հռոմի ստատուտը, հետո եղան բացատրություններ։ Դրանք թույլ են, թե՝ ոչ, ինչ-որ բացատրություններ են։ Հարց առաջացավ՝ Հռոմի ստատուտի կետերից մեկն էլ այն է, որ եթե ՌԴ ղեկավարը հայտնվի մեր տիրույթում, մենք պարտավոր ենք նրան ձերբակալել։ Երկրի ղեկավարին հարց տվեցին, նա բավականին անհասկանալի ու երկիմաստ պատասխան տվեց, որից հետո մի քանի անգամ Կրեմլի խոսնակի և ՌԴ ԱԳ նախարարության խոսնակների շուրթերով հարց դրեցին՝ կներեք, բայց դա մեզ չի բավարարում։ Մի քանի անգամ կրկնեցին։ Շատ ավելի կարևոր հարցերում այդքան հետևողական չեն, բայց այս դեպքում կրկնեցին ու պահանջեցին՝ մեզ պետք են հստակ երաշխիքներ, բայց ոնց որ թե նրանց հստակ երաշխիքներ չտվեցին։ Իսկ դրա դիմաց, ընդհակառակը, այդ գիծը սկսեց խորանալ, շատ ուժ ու ջանք է թափվում, որ հակառուսական այդ քարոզը շատ արագացվի։ Իմաստ ո՞րն է՝ այն էլ այս պահին՝ անկախ նրանից՝ օբյեկտիվ իրավիճակը ոնց է։ Մի կողմ դնենք՝ ՌԴ-ն իր պարտավորությունները փայլուն կատարո՞ւմ է, թե՝ ոչ։ Ինձ հարցնում են՝ արդյոք գո՞հ ես, թե ոչ։ Իհարկե, գոհ չեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է ասել՝ պարտավորությունները չես կատարել, վերջ, հաջողություն, կռիվ, մենք դուրս ենք գալիս, էն էլ այս անարժան ձևով»։

Մեր դիտարկմանը՝ բայց դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց․ «Կներեք՝ չգիտեմ․ մեկը մի բան է ասում մյուսը՝ այլ։ Չեմ ուզում ծայրահեղ բաներ ասել, բայց այս խաղը մաքուր խաղ չէ, սա առիթ է տալիս մարդկանց, որ ասեն՝ մեր իշխանությունները բացարձակապես տանում են պրոթուրքական ու պրոադրբեջանական գիծը։ Զարմանալի է՝ իշխանությունները ինչ-որ ձևով չեն ուզո՞ւմ խելամիտ քայլեր անել, անգամ քայլերն էլ ոչինչ, բայց մի՞թե հնարավոր չէ հայտարարություններում մի քիչ ավելի զուսպ ու ավելի խելամիտ լինել, որ ասում են՝ խոսելուց մտածիր։ Այն էլ այս վիճակում։ Մի կողմից ասվում է, որ մենք մի պատերազմից հետպատերազմյան վիճակում և մյուս պատերազմի շեմին ենք, բայց մյուս կողմից այսպիսի հայտարարություն ու հակառուսական քարո՞զ։ Իհարկե, բաներ կան, բայց դրանք քննարկվում են փակ դռների հետևում։

Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ինչ կանեի ես։ Հենց այն պահին, կամ դրանից առաջ կամ դրանից շատ առաջ, առաջ՝ նախկինների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ սկսվում է զենքի մատակարարում Ադրբեջանին, բայց կարելի էր, չէ՞ այդ հարցը դնել ու բացատրություններ խնդրել, եթե ոչ պահանջել։ Ասել՝ ո՞նց հասկանանք՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բայց դուք իմ թշնամուն մատակարարում եք զենք մեծ քանակներով, մեծ գումարների, արտոնյալ պայմաններով։ Պետք էր ամեն ինչ անել, որ դա ինչ-որ ձևով կանխել։ Դա չեղավ, հետո եղավ այն, ինչ եղավ։ Հենց միտումնավոր չեմ ուզում նորից ու նորից քննարկել անցյալի գործողությունների շարանը․ ոնց որ թե դա առանց ինձ էլ լավ անում են։ Ուզում եմ մտածել՝ վաղը, վաղը չէ մյուս օրը, մեկ, տասը տարի հետո ո՞նց է լինելու։ Այս ճանապարհով մենք լավ տեղ չենք գնում, ու դա մեզ՝ բոլորիս է վերաբերվում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ինքը կարողանալու է մեր այս նավակից դուրս պրծնի ու փրկվի օվկիանոսի մեջտեղում, չգիտեմ, բայց դա կլինի նաիվ պատկերացնում։ Տեսնում եմ՝ գնալով իշխանության դիրքն էլ է նեղանում ու իրենց գործն էլ է ծանրանում։ Չեմ կարծում ՝ իրենց համար միայն իշխանության կամ փրկվելու խնդիր է։ Իրենք էլ իրենց ձևով են մտահոգված․ իրենք էլ են հայ, իրենք էլ են խոսում հայերեն»։

Կարծիքներին, որ մենք շանսեր չունենք, Արա Մանուչարյանն ի պատասխան ասաց․ «Լսեք՝ ո՞նց շանսեր չունենք, մենք ամենամեծ շանսերն ունենք։ Խոսակցության մեջ եղավ, որ ինձ հարցրին՝ դու ո՞ւմ վրա կդնեիր, իր լեզվով ասացի՝ իհարկե՝ մեզ վրա։ Ասաց՝ ո՞նց։ Ասացի՝ սիրում եմ՝ երբ փոքր շանսերով փոքր գումար դնում ես ու մեծ շահույթ ունենում։ Հիմա իսկական ժամանակն է դնել մեզ վրա։ Ես կդնեի մեզ վրա այդ խաղադրույքը ու մեծ շահույթ կունենայի։ Տենց էլ անում եմ, կանեմ պատրաստ եմ ոչ միայն իմ փողը դնել, այլև իմ բոլոր մարդկային ու մասնագիտական կարողությունները, իմաստնությունները։ Ես ունեմ փորձ ու գիտություն և ես միայնակ չեմ այստեղ։ Ճանաչում եմ փայլուն մարդկանց՝ թե′ ՀՀ-ի ներսում, թե′ դրսում։ Մենք հիմա ունենք այն եզակի հնարավորությունը, որ ոչ մի անգամ, համենայն դեպս, իմ հիշողության մեջ չենք ունեցել թե′ տեխնոլոգիապես, թե′ քաղաքականապես։ Այսօր մենք ունենք այդ եզակի հնարավորությունը կառուցել մի երկիր համայն հայության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031