Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գովազդի եւ վաճառքի առցանց հարթակներ՝ մշակութային ու ստեղծարար ոլորտների ապրանքների եւ ծառայությունների համար

Մարտ 01,2024 14:30

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը 2022 թ. գարնանը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի թիմը պատրաստել է «ՀՀ մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով զեկույց, որը կյանքի է կոչվել ԵՄ ԱրթՆեքսուս շվեդական միջազգային զարգացման համագործակցության ծրագրի ու ՀԲԸՄ աջակցության շնորհիվ։ Այս զեկույցը Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտի» առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է: Այն նպատակ ունի իրականացնել կարիքների գնահատում, տնտեսագիտական վերլուծություններ, որպեսզի քարտեզագրվի Հայաստանի ստեղծարար տնտեսությունն ու գնահատվի դրա զարգացման ներուժը։ Հետազոտության նպատակներից է նաեւ պարզել այն գործոնները, որոնք խոչընդոտում են Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտների տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ վեր հանելով այն պոտենցիալը, որը թույլ կտա առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։

Նշենք, որ հետազոտության տվյալների հավաքագրումն իրականացվել է հետեւյալ եղանակներով՝ ներկայացուցչական հարցում Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտի 401 աշխատողների եւ կազմակերպությունների շրջանում, ֆոկուս խմբային քննարկումներ՝ 11 մշակութային եւ ստեղծարար ոլորտների 198 ներկայացուցիչների հետ, դեմ առ դեմ հարցազրույցներ՝ բնագավառի 14 փորձագետների հետ, մշակութային ու ստեղծարար ոլորտների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի առկա տվյալների վերլուծություն։

Զեկույցում ի թիվս այլնի, անդրադարձ կա նաեւ գովազդի եւ վաճառքի առցանց հարթակներին: Մասնավորապես, մշակութային ու ստեղծարար ոլորտների բիզնեսների եւ այլ կազմակերպությունների շրջանում անցկացրած ներկայացուցչական հարցման արդունքներով՝ 81%-ն օգտվել է առցանց հարթակներից՝ մշակութային ու ստեղծարար ոլորտների ապրանքներ, ծառայություններ գովազդելու կամ վաճառելու համար։ Հանդիսադիր ներկայացումների եւ միջոցառումների բնագավառի օգտատերերի պարագայում 97%-ը օգտվել է նշված առցանց հարթակներից։

Դրանց մեջ առանձնանում են Facebook-ն ու Instagram-ը՝ որպես ամենաշատ գործածվածը՝ համապատասխանաբար 81% եւ 55%: Թեեւ Facebook-ն ամենալայն տարածում ունեցող սոցիալական մեդիա գործիքն է Հայաստանում, սակայն երկրից դուրս՝ վերջինիս կիրառման արդյունավետությունը վիճելի է, քանի որ Facebook-ը միջազգայնորեն կորցրել է իր ժողովրդականությունը հատկապես նոր սերնդի շրջանում եւ ընդհանուր առմամբ՝ որպես մասնագիտական գործիք։ Ավելին, մշակութային եւ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների շրջանում հարցումները փաստում են, որ Հայաստանի շատ քաղաքացիներ բավարար գիտելիքներ եւ հմտություններ չունեն՝ սոցիալական մեդիա հարթակներն իրենց համապատասխան ստեղծագործական բնագավառում նեթվորքինգի, մարքեթինգի եւ վաճառքի նպատակով օգտագործելու համար:

Ինչ վերաբերում է արվեստի գործերի գովազդի եւ վաճառքի համար հատուկ ստեղծված հարթակներին, Ֆոկուս խմբերի մասնակիցները նշել են, որ այդպիսի հարթակների հետ աշխատանքի համար անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիքներ եւ փորձառություն։ Ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում մշակութային ու ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների նշած հարթակների թվում էին YouTube-ը, iTunes-ը, Artsy-ն, Saatchi Art-ը եւ Amazon/Kindle-ը։ Որոշ մտահոգություններ են հնչել՝ կապված այս հարթակներում դրամայնացման (monetisation) տեխնիկական եւ իրավական խոչընդոտների հետ:

Վիզուալ արվեստի ոլորտի Ֆոկուս խմբային քննարկման մասնակիցները նշել են, որ արվեստի ցուցադրության եւ վաճառքի համաշխարհային ճանաչում ունեցող առցանց առեւտրի հարթակները հաճախ պահանջում են բաժանորդագրման այնպիսի վճարներ, որոնք անմատչելի են Հայաստանի շատ քաղաքացիների համար։ Օրինակ, Artsy-ն՝ վիզուալ արվեստի համար լայնորեն կիրառվող միջազգային առցանց առեւտրի հարթակներից մեկը, ըստ որոշ աղբյուրների, բացի 10%-15% միջնորդավճարից, որը պահվում է յուրաքանչյուր վաճառքից, նաեւ 375-675 դոլար ամսավճար է գանձում։ Ավելին՝ այդ հարթակում արվեստի գործերը կարող են վաճառվել միայն հաստատված գործող պատկերասրահների միջնորդությամբ, ինչի հետեւանքով անտեսվում են անկախ արվեստագետները։

Այդուհանդերձ, ուսումնասիրության մեջ առանձնացված են մի քանի կայքեր, որոնք ակնհայտորեն ստեղծված են հայաստանյան վիզուալ արվեստագետների գործերի գովազդի եւ վաճառքի համար՝ առաջարկելով ավելի մատչելի մուտքավճար տեղի արվեստագետների համար։ Այդ առցանց առեւտրային հարթակներն են՝ ArmenianArt.am-ը, Armenian Artists Project-ը (AAP), The Artfor’s-ը եւ Buy Armenian-ը։ Դրանք ծառայում են որպես վստահելի հարթակ արվեստագետների եւ վարպետների համար՝ ցուցադրելու եւ վաճառելու իրենց աշխատանքները, միեւնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով գնորդներին կայքի հարմարավետության հաշվին հեշտությամբ ուսումնասիրել, տեղեկանալ եւ հայկական արվեստի ու արհեստի նմուշներ ընդգրկել իրենց հավաքածուների մեջ։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե այս հարթակներն ինչ չափով կկարողանան իրենց նպատակին ծառայեցնել միջազգային խոշոր շուկաները։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
01.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031