Հայ-ֆրանսիական «պատմական դիվանագիտությունը» գործի է դրված
Հայաստանում հաճախ են միանգամայն արդարացված դժգոհություններ հնչել, որ քաղաքակիրթ աշխարհը գործուն քայլեր չի ձեռնարկում ընդդեմ Հայաստանի գործադրվող թուրք-ադրբեջանական ագրեսիայի` նաեւ 2020թ. 44-օրյա պատերազմից, անցյալ սեպտեմբերին Արցախի նկատմամբ գործողություններից հետո: Պետք է հանուն արդարության արձանագրել, որ կա մի պետություն` ԵՄ առաջատար երկրներից մեկը, նաեւ` ԵՄ-ի միակ միջուկային պետությունը, որը գործում է ի շահ Հայաստանի: Դա` Ֆրանսիան է:
Անցած օրերին Ֆրանսիայից ամենաբարձր մակարդակով խիստ կարեւոր եւ արժեքավոր արձանագրումներ արվեցին: Կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը հավաստիացրեց՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին եւ խաղաղության ձգտումներին։ «Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար», – նշեց Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը Բաքվից պահանջեց նաեւ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ «արագ, անարգել եւ անվտանգ»: «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, եւ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում պատասխանատվության ոգով, չցանկանալով որեւիցե էսկալացիա», – վստահեցրեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահն անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, հայտարարեց. «Հայաստանը պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից… Հայաստանը եւ Եվրամիությունը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց: Բառերից այն կողմ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետեւ արդարությունը, արդարադատությունը, ազատությունը եւ միջազգային իրավունքը մեզ համար կարեւոր են»:
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանություն, ադրբեջանական զորքերի հետքաշում ՀՀ ինքնիշխան տարածքից, Ֆրանսիայի կողմից պաշտպանական զինտեխնիկայի տրամադրում Հայաստանին եւ արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովում: Եվ ամենակարեւորը` Հայաստանը պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից, ասել է թե` ռուսական դաշնակցային հարաբերությունները Հայաստանին դա չեն կարողանում ապահովել: Ահա Փարիզի խիստ արժեքավոր ուղերձները:
Մակրոնի վերոնշյալ խիստ կարեւոր արձանագրումներից անմիջապես հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելեց Հայաստան: Սա առավել քան խոսուն քայլ էր` խոսքից գործողությունների անցնելու ճանապարհին: Բացի այդ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմության մեջ այցելեց Հայաստան։
Ի սկզբանե, Փարիզն արձանագրեց, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմամթերք է մատակարարում բացառապես պաշտպանական նպատակներով։ «Համագործակցությունը միմիայն պաշտպանական նպատակներ ունի, Ֆրանսիան էսկալացիա չի ցանկանում։ Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի»,- նշել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ Հարցին, Ֆրանսիան ռազմամթե՞րք է մատակարարում Հայաստանին, Լըքորնյուն պատասխանել էր. «Այո՛, ես հենց հիմա պատրաստվում եմ մեկնել Հայաստան, դա կարեւոր խորհրդարանական պատվիրակություն է»։ Երեւանյան այցի մեկնարկին Լըքորնյուն հավելել էր. «Կարծում եմ՝ արեւմտյան երկրի պաշտպանության նախարարի այցը վերջին շուրջ տասը տարվա ընթացքում, եւ սա ինչ-որ բան ասում է: Հայաստանը, որը բարեկամ պետություն է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը երեկ երեկոյան տեսանք Պանթեոնում՝ Էմանուել Մակրոնի նախագահած արարողության ժամանակ, առանձնահատուկ հարաբերություններ, հասկանում եք, որ Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ: Ներկայումս կա շարունակվող գործընթաց, սակայն մեր պատասխանատվությունն է, որպեսզի Հայաստանը պարզապես ապահովի զսպող եւ պաշտպանողական կեցվածք: Մեր առաջարկը զուտ պաշտպանական է, թե ինչպես գործնականում թույլ տալ Երեւանին ունենալ «երկիր-երկինք» պաշտպանական համալիրներ, եթե երբեւէ հարձակում լինի մայրաքաղաքի վրա, ինչպես կարելի է մատակարարել զրահամեքենաներ, որպեսզի հայ զինվորները վտանգի չենթարկվեն։ Ֆրանսիան երբեք էսկալացիայի դիրքորոշում չի ունեցել՝ սա պատմական դիվանագիտություն է, եւ ակնհայտորեն մենք դրան հետեւում ենք»:
Հայաստան է ուղեւորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլեւ զենքը, Սեբաստիեն Լըկորնյուի այցի ֆոնին հաղորդեց ֆրանսիական «Le Figaro-ն», մասնավորեցնելով, որ խոսքը մինչեւ 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադարների, ինչպես նաեւ գիշերային տեսողության հեռադիտակների մատակարարման մասին է։ Ըստ նույն աղբյուրի՝ ֆրանսիական կողմը նաեւ լեռնային մարտական պատրաստության եռափուլ դասընթացներ կանցկացնի հայկական բանակում։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր էին ստորագրել անցյալ տարի հոկտեմբերին, եւ հայտնի էր, որ դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ եւ հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Ֆրանսիական Սենատի բյուջեում անցած տարեվերջին նաեւ «Բաստիոն» զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկությունը հայտնվեց։ Իսկ «Politico»-ն փոխանցեց, որ Հայաստան ժամանող պատվիրակության կազմում նաեւ Երեւանին մատակարարվող զինամթերքն արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ են։
Երեւան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին նախարարությունում դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ՝ պատվո պահակախմբով եւ զինվորական նվագախմբով, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Պապիկյանի ու Լըկորնյուի առանձնազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի`ամփոփվել էին պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել էին համագործակցության նոր ուղղություններ: Նախարարները հատուկ ուշադրության էին արժանացրել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության հարցերը: Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն ընդգծել էին, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
Ակնհայտ է, որ Փարիզի գործողություններն ուղղված են Հայաստանի շուրջ անվտանգային լուրջ մարտահրավերները չեզոքացնելուն, սկսած մեր երկրի ինքնիշխանության, սահմանների պաշտպանության խնդիրներից, մինչեւ քաղաքական, դիվանագիտական աջակցությունը:
Այլ կերպ ասած` Փարիզի աջակցությամբ Հայաստանն ուղղակի ապահովում է զսպող, պաշտպանողական կեցվածքը: Իսկ հայաստանյան քաղաքական-փորձագիտական այն շրջանակները, որոնք դիտավորյալ այս փաստերն անտեսելով զավեշտալի մեկնաբանություններով են հանդես գալիս, օրինակ, ֆրանսիական պաշտպանական համակարգի արդյունավետության վերաբերյալ անհեթեթ կասկածներ հայտնելով, նրանց, թերեւս, պետք է խորհուրդ տալ ծանոթանալ հայ-ռուսական համաձայնագրերով նախատեսված պարտավորությունների կետերին, ու գտնել որեւէ կետ, որի հիմքով Ռուսաստանը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հանդեպ իրագործել է:
Ինչեւէ, խիստ ուշագրավ էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետեւյալ արձանագրումը, որ սա` «պատմական դիվանագիտություն է»: Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում Լըկորնյուն հայտնեց, որ Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը. «Երեկ երեկոյան Դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետեւ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ ե՛ւ բնակչության, ե՛ւ սահմանների պաշտպանությունը», -հայտնեց ֆրանսիացի պաշտոնյան, շեշտելով՝ որեւէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։ «Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել»,- ընդգծեց Լըկորնյուն։
Այնուհետեւ, անդրադառնալով ՀՕՊ համակարգերին՝ նախարարն ասաց, որ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։ Լըկորնյուն նաեւ տեղեկացրեց, որ Պապիկյանի հետ այսօր խոսել են, մասնավորապես, «Միստրալ» հրթիռների մասին. «Tales ռադարների մասին է նաեւ խոսքը: GM200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի: Միակ ձեւը, որ օդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ մեկը ոչ մեկի վրա չհարձակվի», – նշեց նախարարը՝ հակադարձելով թերեւս քննադատություններին։ Իսկ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը կոշտ է արձագանքում պաշտոնական Բաքուն՝ Փարիզին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։ «Մենք Ֆրանսիան ենք, մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն», – ընդգծեց ֆրանսիացի պաշտոնյան:
Պապիկյանն, իր հերթին անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցությանը, տեղեկացրեց, որ թեեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, այն արդեն իսկ համակարգային եւ հեռահար բնույթ ունի։ Նա ընդգծեց, որ համագործակցության օրակարգն ընդգրկում է Զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, ԶՈՒ եւ պաշտպանական միջոցների արդիականացման եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։ «Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա եւ զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով», – շեշտեց նա։
Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի, ֆրանսիացի իր գործընկերոջ հետ ասուլիսում նշեց Պապիկյանը: «Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը», – նկատեց Պապիկյանը:
Ասուլիսում նաեւ հարց էր հնչել` հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը արդյոք չի հակասում հայ-ռուսական, նաեւ ՀԱՊԿ ռազմական դաշինքի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, արդյոք ստուգել են արեւմտյան խիստ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տրամադրությունները։ «Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է եւ որեւէ մեկի դեմ չէ: Երկրորդը, կարծում եմ, դա մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, մեր իրավունքն է համագործակցել Իրանի հետ, եւ դա ի գիտություն պիտի լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, կարծում եմ, նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պիտի անեն ու մնացած մեր բոլոր գործընկերները, որովհետեւ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության», – պատասխանեց Պապիկյանը: Արդյոք նաեւ զենքի գնման ոլորտում գոյություն ունի հայ-իրանական համագործակցություն, Պապիկյանը չհստակեցրեց։
Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, ընդունելով Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը` արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Լըկորնյուն իր հերթին ընդգծեց՝ թեեւ կողմերը ջերմ բարեկամանալու հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանական ոլորտը դեռեւս լիովին իրագործված չէր։ «Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարեւոր է արագ արձագանքել եւ կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների եւ հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին», – նշեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Նկատենք, որ Պապիկյան-Լըկորնյու համատեղ ասուլիսից առաջ երկու նախարարները պայմանագրեր ստորագրեցին, բայց ոչ դրանց, ոչ էլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի ու ֆրանսիական ընկերության ներկայացուցչի ստորագրած փաստաթղթի մանրամասները չբացահայտվեցին։ Լըկորնյուն միայն հպանցիկ խոսեց զինվորականների վերապատրաստման փաստաթղթի մասին, ասաց, որ ֆրանսիական ռազմական դպրոցներում կվերապատրաստվեն սպաներ ու ենթասպաներ։ Իսկ «Le Figaro-ն» գրել էր, որ ֆրանսիացիները նաեւ լեռնային մարտական պատրաստության եռափուլ դասընթացներ կանցկացնեն հայկական բանակում։
Այսպես, հայ-ֆրանսիական համագործակցությունն, իսկապես, «պատմական դիվանագիտության» փուլում է եւ դա բխում է Հայաստանի շահերից: Այլ հարց է, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են այն զարգացնելու, ինչպես են բարձրացնելու Հայաստանի անվտանգային կենսունակության մակարդակը, ինչպես են չեզոքացնելու Հայաստանի շուրջ սպառնալիքները: Այս ամենի ապահովման նախադրյալներն ակնհայտորեն կան, հիմքերն, ինչպես ասում են, գցված են:
Մնում է` չփչացնել ամենը: Բառերից այն կողմ` Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Իսկ որտե՞ղ է Հայաստանը, ցույց կտա ժամանակը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.02.2024