Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրոնիկ սինուսիտ․ խնդիր, որը կարող է «մեծ գլխացավանք» դառնալ

Մարտ 01,2024 09:30

Հարքթային խոռոչները (սինուսներ) գանգոսկրերում տեղակայված օդային տարածություններ են՝ պատված լորձաթաղանթներով։ Հաճախ վարակները, տարատեսակ գրգռիչ գործոնների՝ ծխի, ծաղկափոշու, գոլորշիների ազդեցությունը, ասթման, քթի միջնապատի ծռվածությունը, իմունային համակարգի հետ կապված և այլ խնդիրները կարող են գրգռել հարքթային խոռոչների լորձաթաղանթը, խցանել այն կամ վնասել լորձաթաղանթի մանր մազիկները: Երբ այդ մազիկները լրջորեն վնասվում են, ապա դժվարանում է խոռոչներից լորձի դուրսբերման գործընթացը, և լորձը սկսում է կուտակվել այդ խոռոչներում՝ առաջացնելով քրոնիկ սինուսիտ կամ ռինոսինուսիտ։ Վիճակը կարող է բարդացնել նաև քրոնիկ գրգռման հետևանքով քթի պոլիպների աճի խթանումը, որի պատճառով հարքթային խոռոչներն ավելի են խցանվում։

Քրոնիկ սինուսիտը բնորոշվում է 12 շաբաթից ավելի տևող քթի փակվածությամբ, քթային մածուցիկ, անգույն արտադրությամբ, դեմքի վրա ճնշման զգացողությամբ և հոտառության վատացմամբ։ Տարածված այլ գանգատներից և ախտանիշներից են՝

  • հետքթային հոսքը,
  • համի զգացողության թուլացումը,
  • ականջի ցավը,
  • ատամների ցավը,
  • բերանի տհաճ հոտը և այլն։

Քրոնիկ սինուսիտը կարող է առաջացնել գլխացավեր ու դիմային հատվածի ցավեր, այտուց, դիպչելիս՝ ցավոտություն, քնի խանգարում, հոգնածություն և այլն։ Հարքթային խոռոչների բորբոքման առաջացրած բարդությունները կարող են շատ վտանգավոր լինել՝ ախտահարելով գլխուղեղի թաղանթը կամ հենց գլխուղեղը, ակնախոռոչը։ Ավելի թեթև բարդությունները ներառում են ասթմայի զարգացումը, համի և հոտի կորուստը և այլն։

Քրոնիկ սինուսիտն անխտորոշվում է տեղային զննման, ապա նաև պատկերային հետազոտությունների (ՀՏ), էնդոսկոպիայի, քթից վերցվող քսուքի անալիզի միջոցով։

UC Health-ի փորձագետների՝ վերջերս իրականացված հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 219 պացիենտներ, որոնք հարքթային խոռոչների հետ կապված խնդիրներ են ունեցել, ինչպես նաև նրանց մոտ ալերգիա է ախտորոշվել։ Ինչպես պարզել են հետազոտողները, թեև այդ պացիենտների մեծամասնությունն ալերգիայի որևէ տեսակ իսկապես ունեցել է, սակայն գրեթե կեսի մոտ
(45,2%) նաև քրոնիկ սինուսիտ է հայտնաբերվել։ Հեղինակները նշել են, որ ալերգիայի դեպքում օգտակար կլինի նաև քրոնիկ սինուսիտն ախտորոշող թեստեր անցնելը՝ խնդիրն ավելի շուտ հայտնաբերելու համար։

Քրոնիկ սինուսիտի բուժումը

Քրոնիկ սինուսիտի բուժման համար կարող են նշանակվել՝

  • Ինհալյացիոն կորտիկոստերոիդներ, որոնք հաճախ կիրառվում են քթային սփրեյների, կաթիլների տեսքով։ Ծանր բորբոքման, քթի պոլիպների առկայության դեպքում կարող են նշանակվել օրալ կամ ներարկային կորտիկոստերոիդներ, որոնք, սակայն, երկարատև օգտագործման դեպքում կարող են առաջացնել կողմնակի  լուրջ ազդեցություններ։
  • Քթի աղային ողողումներ,
  • Ալերգիայի դեմ պայքարող դեղամիջոցներ, եթե բժիշկը գտնում է, որ ալերգիան դեր ունի քրոնիկ սինուսիտի զարգացման գործում։
  • Այլ դեղամիջոցներ։

Եթե դեղորայքային բուժումը չի օգնում, հաջորդ քայլը կարող է լինել հարքթային խոռոչների էնդոսկոպիկ վիրահատության տարբերակը։

Քրոնիկ սինուսիտի կանխարգելման համար խորհուրդ է տրվում խոնավ պահել քթային խոռոչները, խուսափել գրգռիչների, օրինակ՝ ծխախոտի ծխի, քիմիական սուր հոտերի ազդեցությունից, վարակներից խուսափելու համար, ինչպես նաև օդի աղտոտվածության պայմաններում կրել դիմակ՝ ըստ անհրաժեշտության։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ MedicineNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031