Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում մոտենում է ավարտին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, 2022թ․ ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1-ին մասով, արդարացվել է։ Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներով ու դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Այժմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով տուժող կողմը և դատախազը պահանջում են խստացնել ամբաստանյալների պատիժը, պաշտպանները՝ արդարացնել։
Գործն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Վերաքննիչ դատարանի վարույթում է, քննությունը մոտենում է ավարտին։ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ կայացած նիստի ընթացքում հրապարակվել է վերջին ամբաստանյալի՝ Մովսես Ազարյանի, պաշտպանի ճառը։
«Ինչպես միշտ՝ այն, ինչ կրկնում են 9 տարի։ Զաքարյանը պնդում է, թե ինքնասպանություն է, մյուսները՝ սպանություն է, բայց իրենք չեն արել, սենյակի տղաներն են իբրև արել։ Նույն բանը։ Երեկ փաստաբանը հայտարարել է, թե իբրև Հայկազն է գրությունը գրել, իբրև փորձագետներն էլ են հաստատել,թե դա Հայկազի գրությունն է, ինչն ամբողջությամբ սուտ է։ Փորձագետները հստակ չէին կարող ասել՝ 50/50 է եղել՝ Մովսեսի գրածն է, թե՝ Հայկազի, բայց Մովսեսը նկարչությունից շատ լավ է եղել, կարող էր արտատպել։ Այնպիսի սցենարներ են գրել, որ Վերաքննիչում ցույց տան, թե անմեղ են»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ գործի քննությունը կավարտվեր, եթե Արսենյանը ներկա լիներ նիստին, գործի քննությունն, ըստ ամենայնի, կավարտվի հաջորդ նիստին, որը նշանակվել է ապրիլի 3-ին։
Կարդացեք նաև
Բացի այդ, Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 15 մլն դրամի չափով և տնային կալանքը, ինչը մերժվել է։
Նիստի ընթացքում նաև միջադեպ է եղել․նիստին ներկա են եղել երիտասարդ կանայք, շփվել ամբաստանյալների հետ, սանձարձակ վարք ցուցաբերել, ինչը դատարանի կողմից սաստվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: