Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթում ներկայացված 100 էսքիզներից հանձնաժողովի փակ նիստի որոշման արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի էսքիզը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանդակագործներ, նկարիչներ, ճարտարապետներ։ Ազնավուրի որդին՝ Նիկոլան նշեց, որ հավանել են էսքիզը և հավելեց, որ դժվար էր այդքան գործերից ընտրություն կատարել։ Նաև իր շնորհակալությունը հայտնեց բոլոր քանդակագործներին՝ կատարած աշխատանքի համար։
Մինչ մրցույթի հանձնաժողովը կհայտարարեր որոշումը, «Ա1+»–ը զրուցեց ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի հետ։
«Քանակի առումով, այս անգամ եռակի շատ էր, սակայն խորհրդանշական մի երկու էսքիզ տեսա․․․Սակայն կարևորն այն էր, որ այս անգամ տեղը գոնե ճիշտ ընտրվեց։ Ինձ համար պարզ է մի բան, որ մարդկային կերպար պետք է լինի։ Ես անգամ պատվանդան չեմ ցանկանա տեսնել, կամ՝ առավելը մեկ աստիճան։ Չափսի խնդիրը, թերևս ամենակարևորն է։ Հուշարձանը «մեծացման, բրոնզացման» ճանապարհով չպետք է գնա։ Այո, ճիշտ լսեցիք»,– հարցական հայացքին ի պատասխան, ասաց պարոն Բալյանը և շեշտեց՝ «պետք է մեծարել, և ոչ մեծացնել։ Ազնավուրի հուշարձանը պետք է լինի մարդկային, հուզիչ, ինչպիսին ինքն էր։
Կարդացեք նաև
Ես իմ մանկական հիշողություններն ունեմ։ Իմ հայրիկին Ազնավուրի 1964 թվականի համերգից մեկ օր առաջ նշանակեցին ֆիլհարմոնիկի տնօրեն։ Մեր տանը հայտնվեցին լուսանկարներ նրա ստորագրությամբ և ձայնասկավառակ, որն անընդմեջ լսում էինք։
Կարծում եմ, թե ինչի մասին է երգում Ազնավուրը բոլորին հասկանալի է, առանց ֆրանսերենին տիրապետելու, քանի որ նրա երգերը համամարդկային են։ Հուշարձանն էլ պետք է լինի այդպիսին և քարը պետք է կարողանա փոխանցի նրա երգը։
Ես գիտեմ, որ Գյումրիում դրված հուշարձանից Ազնավուրն ինքը դժգոհ էր։ Հիմա, ավաղ, նա կարծիք հայտնել չի կարող, և կարևոր է, որ ընտանիքը չգնա «մեծացման» ճանապարհով, ինչպես օրինակ ժամանակին նման որոշում կայացրեց Սոլժենիցինը՝ կնոջ դրդմամբ։ Եվ այդ բոլորից տարբերվող, բարդ խառնվածքի տեր մարդու հուշարձանը Մոսկվայում հավասարվեց Գորկու և այլ ռուս դասական գրողների հսկա պատվանդանների վրա կանգնած նույնատիպ արձաններին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: